ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Մասիս համայնքի նախկին ղեկավար Ս.Հ.-ն 2007 եւ 2008 թվականներին հանցավոր գործունեությամբ հափշտակել է Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող 599.7 քմ մակերեսով վարչական շենքը, դրանով ծանրաբեռնված 385 քմ մակերեսով հողատարածքը, ինչպես նաեւ Ազատամարտիկների 11/1 հասցեում գտնվող 244.5 քմ մակերեսով վարչական շենքի պահեստն ու դրանով ծանրաբեռնված 299 քմ մակերեսով հողատարածքը:

 

2023 թվականի ապրիլի 18-ին հսկող դատախազի կողմից Մասիս համայնքի նախկին ղեկավար Ս.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացումը կամ վատնումը) եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտների օրինականացումը, փողերի լվացումը):

Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Հ.-ն, 1999 թվականից հանդիսանալով Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի ղեկավարը, 2007 թվականի դեկտեմբերի 27-ին ավագանու նիստում քննարկմանն է ներկայացրել Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող 599.7 քմ մակերեսով վարչական շենքը եւ Ազատամարտիկների 11/1 հասցեում գտնվող 244.5 քմ մակերեսով վարչական շենքի պահեստը նվիրատվությամբ ավագանու անդամ, «ՍԻՍ» ՓԲԸ տնօրեն Ա.Բ.-ին հատկացնելու հարցը. նույն օրը ավագանին նշված գույքերը նվիրատվությամբ հատկացրել է Ա.Բ.-ին:

Այնուհետեւ Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող վարչական շենքերը «ՍԻՍ» ՓԲԸ տնօրեն Ա.Բ.-ի անվամբ հաշվառելու համար Մասիս համայնքի նախկին ղեկավար Ս.Հ.-ն 2008 թվականի փետրվարի 11-ին ավագանու քննարկմանն է ներկայացրել նույն հասցեներում գտնվող 385 քմ մակերեսով եւ 244.5 քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով Ա.Բ.-ին օտարելու հարցը. նույն օրը ավագանու կողմից կայացվել է դրական որոշում: Նախաքննությամբ պարզվել է, որ 385 քմ մակերեսով հողատարածքի պայմանագրով սահմանված գումարը Ա.Բ.-ին տրամադրել է համայնքի ղեկավարը:

Արդյունքում 48 մլն 160 հազար դրամ արժեքով գույքերը գրանցվել են ավագանու անդամ Ա.Բ.-ի անվամբ:

Այնուհետեւ Ս.Հ.-ն Ա.Բ.-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող 599.7 քմ մակերեսով վարչական շենքն ու դրանով ծանրաբեռնված 385 քմ մակերեսով հողատարածքն իր խորհրդական Ռ.Ղ.-ի անվամբ գրանցելու վերաբերյալ՝ խոստանալով իր պաշտոնավարումը դադարելուց եւ գույքերն իր տիրապետման ներքո հայտնվելուց հետո դրանք վաճառել եւ Ա.Բ.-ին փոխանցել 40 հազար ԱՄՆ դոլար, իսկ Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11/1 հասցեում գտնվող 244.5 քմ մակերեսով վարչական շենքի պահեստն ու դրանով ծանրաբեռնված 299 քմ մակերեսով հողատարածքը ցուցաբերած օգնության դիմաց թողնել Ա.Բ.-ին:

2008 թվականի փետրվարի 28-ին ավագանու անդամ Ա.Բ.-ն իր հանցակցին՝ Մասիս համայնքի ղեկավարին օժանդակելու նպատակով Ս.Հ.-ի պահանջով խորհրդական Ռ.Ղ.-ի հետ կնքել է առուվաճառքի պայմանագիր՝ 39 մլն 200 հազար դրամ արժողության վարչական շենքն ու հողամասն ընդամենը 1 մլն դրամով Ռ.Ղ.-ին վաճառելու վերաբերյալ:

2017 թվականի նոյեմբերի 7-ին Ս.Հ.-ն, երբ արդեն չի հանդիսացել Մասիս քաղաքային համայնքի ղեկավար, հանձնարարել է Ռ.Ղ.-ին նշված շենքն իր հողամասով եւ հավասարաչափ բաժիններով նվիրատվությամբ օտարել իր որդուն՝ Ա.Հ.-ին, եւ իր գործընկերոջ՝ Ար.Ս.-ի եղբայր Ալ.Ս.-ի դստերը՝ Ն.Ս.-ին:

Հսկող դատախազը 2023 թվականի մայիսի 8-ին մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնել է դատարան:

 

 

 

 

 

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է կեղծ արտարժույթ ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված, այնուհետեւ ՀՀ ՔԿ-ին փոխանցված քրեական վարույթից 4 անձի մասով անջատված մասով նախաքննությունը:

 

Իրականացված քննչական եւ վարութային գործողությունների ընթացքում պարզվել է, որ Երեւան քաղաքի 28-ամյա բնակիչը, իր կնոջ եւ վերջինիս ընկերուհու հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում 2022թ. հոկտեմբերից մինչեւ դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում իրացնելու նպատակով ձեռք է բերել 20 հատ «50 եւ 100 ԱՄՆ դոլար» անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, որոնք փոխադրել եւ պահել է իրենց կողմից վարձակալած բնակարանում:

Այնուհետեւ 28-ամյա տղամարդը հիշյալ կեղծ արտարժույթներն իրացման նպատակով պահելու եւ դրանց իրացման միջոցով գույքային օգուտ ստանալու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել կնոջ հիշյալ ընկերուհու հետ, որի շրջանակներում 2022թ. դեկտեմբերին կեղծ թղթադրամներն իրացրել է վերջինիս՝ դրանք այլ անձի իրացնելու եւ գույքային օգուտ ստանալու նպատակով:

Վերջինս նշված կեղծ թղթադրամները փորձել է փոխանակել տարադրամի փոխանակման սարքի միջոցով, սակայն ձախողվելուց հետո դրանք իրացրել է իր մտերիմ, Երեւան քաղաքի 31-ամյա բնակչին։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ նշված չորս անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը, իսկ մեկ անձի նկատմամբ՝ կալանավորումը:

Նշված 4 անձանց կողմից կեղծ արտարժույթ պահելու, ձեռք բերելու, դրանք իրացնելու մասով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

Կեղծ արտարժույթ պատրաստելու մասով նախաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում իրականացված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաեւ հանցավոր շղթայում այլ անձանց մասնակցությունը պարզելու ուղղությամբ:

 

 

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԽՈՒԶԱՐԿԵԼ ԽՈՒՑԸ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեում ավարտական փուլ է մտել ԱԺ նախկին պատագամավոր Սուրեն Մանուկյանի կողմից ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման քրեական գործը: Նկատենք, որ Մանուկյանը արդեն 9 ամիս է, ինչ կալանքի տակ է, եւ նրա շուրջ օրերս ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Իրավապահների որոշմամբ՝ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Երեւան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ (ԱԱԾ)։

Վերջին մեկ ամսվա ընթացքում, երբ Սուրեն Մանուկյանը գտնվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, բազմաթիվ անգամ քրեատարողական ծառայության բազմաթիվ ծառայողների կողմից ստուգումներ են իրականացվել այն սենյակում, որտեղ պահվել է Մանուկյանը` փորձելով գտնել նրա մոտ արգելված որեւէ առարկա, որով էլ կարող էին իբր հիմնավորել, որ Սուրեն Մանուկյանը խոչընդոտում է նախաքննության ընթացքին, ինչով հնարավոր կլիներ եւս մեկ անգամ երկարացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Ուշագրավ է, սակայն, որ քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից այս ողջ ընթացքում իրականացված շուրջ տասնյակ ստուգումներից հետո Սուրեն Մանուկյանի մոտ եւ նրա խցում առհասարակ արտառոց ոչինչ չի հայտնաբերվել, սակայն, այնուամենայնիվ, նախաքննական մարմինը որոշել է նրան տեղափոխել ԱԱԾ-ի շենք` «Երեւան» քրեակատարողական հիմնարկ։

 

 

 

 

ՈՐՈՇՈՒՄԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ

Ինչպես հայտնի է, անցած տարի՝ մայիսի 20-ին, ՀՀ քննչական կոմիտեն կալանավորեց Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին, որը 2 ամիս անց՝ կալանքի տակ մնալուց հետո՝ հուլիսի 11-ին, դատարանի դահլիճից ազատ արձակվեց՝ 1 միլիոն դրամ գրավի դիմաց: Ներկայումս նրա գործով դատական նիստերը շարունակվում են:

Հիշեցնենք, որ, ըստ նախաքննական մարմնի, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ փակել էին Երեւան քաղաքի Կիեւյան փողոցի 15 հասցեի դիմացի երթեւեկելի հատվածը՝ այդկերպ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը: Քիչ առաջ Կենտրոնի դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հրապարակեց որոշում, եւ նա արդարացվեց:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս