ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ միասին մայիսի 5-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Երեւանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն (ՊՈԱԿ): Այդ մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից:
Ուսումնասիրվել են հաստատության բնակելի տարածքը, սանիտարական եւ կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների եւ հիմնարար ազատությունների վիճակը եւ փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափանիշներին: Հատուկ ուսումնասիրվել են երեխաների սոցիալական ներառման, ընտանիքների եւ հարազատների հետ հաղորդակցության, երեխայի լավագույն շահի երաշխավորման հետ կապված հարցերը՝ տեղադիտման, դիտման, մասնագետների եւ երեխաների հետ զրույցի, առանձնազրույցների, փաստաթղթերի ուսումնասիրության մեթոդների կիրառմամբ։
Արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են եւ բնորոշ են երեխայի խնամք ու պաշտպանություն իրականացնող բազմաթիվ այլ հաստատությունների։
Այսպիսով, հաստատությունում, որպես երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող կառույց, արձանագրվել են՝ պահպանված չէ անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, մասնավորապես՝ սենյակներում առկա են իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ։ Արձանագրվել են դեպքեր, երբ տղաների համար նախատեսված մասնաշենքում բավարար տարածք չլինելու պատճառով արական սեռի երեխաները ժամանակավոր տեղափոխվել են աղջիկների մասնաշենք: Սենյակներում բացակայել են կողապահարաններ, 3 կամ 4 անձի համար եղել է հագուստի միայն 1 պահարան, ընդ որում՝ կոտրված, օգտագործման համար ոչ ենթակա եւ առանց փականների: Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորություն: Օրինակ՝ զուգարանների դռների մեծ մասը չեն փակվում ներսից, լոգախցիկները սանհանգույցից առանձնացված են միայն միջնապատով, իսկ որոշ դեպքերում բացակայում է նաեւ միջնապատը: Սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովված չեն. հագուստի, այդ թվում՝ ներքնազգեստի լվացքն իրականացվում է առանց անհատականացման եւ անհրաժեշտ տեսակավորման՝ հանգեցնելով տարբեր երեխաների կողմից նույն հագուստը կամ ներքնազգեստը կրելու դեպքերի: Երեխաների համար առանձնացված խոհանոցում առկա բաժակները չեն համապատասխանել երեխաների թվաքանակին. թվով 14 երեխային հատկացված է եղել 6 բաժակ: Անկողնային պարագաների, սրբիչների, սանրերի անհատականացումն իրականացվում է առանց համապատասխան նշումների: Հաստատությունն ապահովված չէ երեխաների տարիքային խմբերի առանձնահատկություններին համապատասխանող անվտանգ, կարիքահեն եւ զարգացման համար անհրաժեշտ պայմաններով: Դասապատրաստման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ տարածք եւ համապատասխան կահույք հատկացված չէ, երեխաների առօրյան կազմակերպելու համար նախատեսված չեն տարիքային առանձնահատկություններին եւ հետաքրքրություններին համապատասխան ծրագրեր։ Արդյունքում, դպրոցահասակ երեխաները ստիպված են դասապատրաստում իրականացնել փոքրահասակ երեխաների քնելուց հետո: Բացակայում են հաստատությունից դուրս սպորտային եւ մշակութային միջոցառումներին, խմբակներին հաճախելու հնարավորություն ապահովող ծրագրեր: Հաստատության ներսում, որպես հիմնական զբաղմունքի միջոց, օգտագործվում է հեռուստացույցը, որն այցի ամբողջ ընթացքում աղջիկների խմբում միացված է եղել բարձր ձայնով եւ երեխաների տարիքին, զարգացման հնարավորություններին ոչ համապատասխան բովանդակությամբ, իսկ տղաների խմբում վահանակի անսարքության պատճառով չի միացվել շուրջ 2 ամիս: Ներդրված չէ երեխաներին վերաբերելի հարցերում վերջիններիս մասնակցության, լսված լինելու իրավունքի ապահովման, ինչպես նաեւ բողոքարկելու իրավունքի իրացման իրական հնարավորություն, մասնավորապես՝ բողոքների եւ առաջարկությունների համար նախատեսված արկղը դրված է հաստատության վարչական աշխատանքների համար նախատեսված հատվածում, որի մասին երեխաները տեղյակ չեն:
Արձանագրվել են երեխայի եւ ընտանիքի հետ շփման ապահովման, ընտանեկան կապերի պահպանման վրա ազդեցություն ունեցող միջամտության դեպքեր: Մասնավորապես՝ երեխաների եւ ծնողների տեսակցությունները, հեռախոսային խոսակցությունները հաճախ տեղի են ունեցել աշխատակիցների ներկայությամբ: Շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին: Այցի պահին հաստատությունում բացակայել է առաջին բուժական օգնության պայուսակը, բժշկական ծառայությունների համար նախատեսված տարածքում միակ գործող սենյակը միաժամանակ ծառայում է որպես ընդունարան, բժշկի աշխատասենյակ եւ հերթապահ բուժքրոջ հանգստի սենյակ: Ներդրված չէ նաեւ երեխաների բժշկական փաստաթղթերի վարման միասնական ձեւաչափ:
Ապահովված չէ տրանսպորտային միջոցով երեխաների փոխադրումների կազմակերպերպումը, ինչը էապես սահմանափակում է նաեւ հասարակության հետ շփումները: Առկա են խնդիրներ երեխային խնամատար ընտանիք հանձնելու եւ խնամքը կազմակերպելու գործընթացում: Օրինակ՝ գրանցվել են դեպքեր, երբ նույն երեխայի խնամքը 2 անգամ տարբեր խնամատար ընտանիքներում է կազմակերպվել, սակայն որոշ ժամանակ անց այդ ընտանիքները հրաժարվել են երեխայի խնամքը իրականացնելուց, ինչը հոգեբանական տեսանկյունից երեխայի վրա բացասաբար է ազդել:
Երեխաների եւ աշխատակիցների հետ առանձնազրույցների ընթացքում վերջիններս հայտնել են աշխատակիցների կողմից երեխաների նկատմամբ, երեխաների կողմից աշխատակիցների նկատմամբ եւ երեխաների միջեւ ֆիզիկական ու հոգեբանական բռնության դրսեւորումների մասին:
Առկա չէ երեխաների հանդեպ եւ նրանց միջեւ բռնության կասկածելի կամ հաստատված դեպքերի գրանցման եւ իրավասու մարմիններին նման դեպքերի մասին հաղորդումների վարման գրանցամատյան:
Ճաշարանում ու խոհանոցում արձանագրվել են աշխատանքի կազմակերպման խնդիրներ։ Խոհանոցում առկա է անձակազմի անհամաչափ ծանրաբեռնվածություն ու գործառույթների միաձուլում։ Այցի ընթացքում պատրաստված ուտեստների չափաբաժիններըեւ սնվելու ժամերը հստակ նշված չեն եղել։ Պահպանված չեն եղել նաեւ սննդի նմուշառման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները: Հայտնաբերվել են ժամկետանց ալյուր եւ կարմիր պղպեղ, հիգիենայի եւ մաքրման միջոցներ, ինչպես նաեւ խոհանոցի սառցարանում առկա մսամթերքի վրա բացակայել է ժամկետների նշումը:
Աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են, եւ առկա է աշխատակիցների ռեսուրսների պակաս:
Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ:
Խնդիրները կամփոփվեն, եւ դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Այս տարվա առաջին երեք ամսվա ընթացքում՝ հունվար-մարտին, արտասահմանից Հայաստան է այցելել 451 850 զբոսաշրջիկ:
Եթե այս թիվը համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա նշենք, որ նրանց թիվն աճել է 202 489-ով կամ 81.2%-ով։ ArmLur.am-ը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում է, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը ՌԴ քաղաքացիներն են։ Երկրորդ տեղում են տարբեր երկրներից Հայաստան այցելած հենց Հայաստանի քաղաքացիները՝ 74 հազար 186 մարդ: Հետաքրքիր է, որ ավելացել է նաեւ Հայաստան ժամանած Վրաստանի քաղաքացիների թիվը՝ 53 707՝ նախորդ 24 158 մարդու փոխարեն:
Հետաքրքիր է, որ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել նաեւ Թուրքիայի 2712 քաղաքացի, ինչը 1244 մարդով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածինը: 2022 թվականի առաջին 3 ամսում Ադրբեջանի 3 քաղաքացի էր ժամանել Հայաստան, այս տարի դեռ նման թիվ առկա չէ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐ
Տավուշի մարզպետարանի աշխատակազմը ղեկավարում է 2 ոլորտ՝ մարզի հանրակրթական դպրոցները եւ մարզի առողջապահական հիմնարկները։ Այդ երկու ոլորտները Տավուշի մարզպետարանը ղեկավարում է համապատասխանաբար Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ու Առողջապահության նախարարությունների հետ համատեղ։ Այդ ամենը նկատի ունենալով՝ հարկ է նշել, որ Տավուշի մարզպետարանի հաստիքացուցակը բավական ուռճացած է։ Մարզպետարանից ստացված տեղեկատվությամբ՝ ըստ հաստիքացուցակի՝ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցների թիվը 88 է։ Ներկայումս Տավուշի մարզպետարանում աշխատում է 75 մարդ, որից 68-ը քաղաքացիական ծառայող է, 13 հաստիք թափուր է։ Տավուշի մարզպետարանից լրագրողիս հայտնել են, որ թափուր հաստիքների համալրմանը կանդրադառնան ներկայումս մարզպետարանում ընթացող կառուցվածքային փոփոխությունից հետո։
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ
Երեւանում մեծ թափով ընթանում է հիպոթեքային վարկով բնակարանային շինարարությունը, այդ ձեւով մայրաքաղաքում բնակարաններ են ձեռք բերում նաեւ մարզերի բնակիչները, այդ թվում՝ Տավուշի մարզի բնակիչներ։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին գրավոր հարցում եմ ուղարկել՝ հարցնելով, թե Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում ներկայումս քանի ընտանիք է հիպոթեքով տուն կառուցում։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է. «ՀՀ Տավուշի մարզի աշխատակազմը սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու համար հիպոթեքի տրամադրման գործընթացում ներգրավված չէ։ Տեղեկատվություն ստանալու համար դիմե՛ք համապատասխան գերատեսչությանը»։
ՈՉ ՄԻ ԽՈՍՔ՝ ՇՈՒՇԻԻ ՄԱՍԻՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը մայիսի 9-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ, մասնավորապես, նշված է. «Հայրենական պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ մղած պայքարում խորհրդային երկրի ժողովուրդների մեջ իր անգնահատելի ներդրումն ունեցավ նաեւ հայ ժողովուրդը։ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը ձեռք բերվեց նաեւ հայ քաջորդիների շնորհիվ։ Շատերը զոհվեցին այդ պատերազմում, շատերն էլ վերադարձան հերոսի կոչումով ու պարգեւներով։ Իսկ տարիներ անց պատմությունից մեզ հասած հերոսական օրինակները հարստացան նոր՝ մերօրյա հերոսների անուններով»։ Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր մարզպետի մայիսի 9-ի շնորհավորական ուղերձում ոչ մի խոսք չկա Շուշի քաղաքի, 1992 թվականին Արցախի միջնաբերդի ազատագրման մասին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ