ԴԱ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՔԱՅԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ստեփանակերտում Սամվել Բաբայանը կազմակերպել էր հավաք, որի մասնակիցների հիմնական պահանջը Սամվել Բաբայանին լայն լիազորություններով պետական նախարարի պաշտոն տալն էր: Թեեւ հավաքը մասնակիցների թվի առումով համոզիչ չէր, այդուհանդերձ Արցախի Հանրապետության նախագահը հայտարարեց, որ պատրաստ է քննարկել ու լսել Ս. Բաբայանի առաջարկներն ու ծրագրերը:

 

Սամվել Բաբայանի հավաքից հետո կրկին շրջանառության են դրվել Արցախի ներքաղաքական վիճակի վերաբերյալ ամենատարբեր վարկածներ: Նշվում է, թե Արցախում մտավախություններ կան, որ տասնօրյա ժամկետում Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, որը Սամվել Բաբայանի ազգականն է, նշանակվելու է գլխավոր դատախազի պաշտոնում, իսկ Սամվել Բաբայանը նշանակվելու է պետական նախարար:

ArmLur.am-ը կապ հաստատեց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հետ եւ առաջարկեց մեկնաբանություն տալ վերը նշվածի կապակցությամբ, ինչին ի պատասխան՝ պետական նախարարը նշեց հետեւյալը. «Սամվել Բաբայանի հետ որեւէ հարաբերություն կամ շփում չունեմ, ընդամենը մեկ անգամ եմ նրա հետ հանդիպել, նրա հետ որեւէ ազգակցական կապ չունեմ՝ ո՛չ մոտիկ, ո՛չ հեռու, նման հայտարարությունները ակնհայտ սուտ են: Ես զբաղեցնում եմ Արցախի պետական նախարարի պաշտոնը, որեւէ այլ տեղ տեղափոխվելու նպատակ եւ մտադրություն չունեմ: Մոտավորապես պատկերացնում եմ, թե ովքեր են նման լուրեր տարածողները, բայց զերծ կմնամ մեկնաբանություններից: Երբ որոշ շրջանակներ, ներքին պառակտում հրահրելով ու բամբասանքներ տարածելով, համերաշխություն, միասնություն, արդարություն եւ հայրենիքի փրկություն են գոչում, այդ ընթացքում Արցախի կառավարությունը լուռ աշխատանքով փորձում է թեթեւացնել Արցախի ժողովրդին պատուհասած խնդիրները, լուծել բազմաթիվ պրոբլեմները: Հավատացե՛ք՝ որքան էլ զարմանալի թվա, կան մարդիկ ու շրջանակներ, որ այդ աշխատանքը, հատկապես՝ արդյունավետ աշխատանքը, ծանր են տանում, այդ պատճառով պարբերաբար պատմություններ են հորինում: Շատերը պատկերացում չունեն, թե մենք ինչ դժվարություններ ենք ստիպված հաղթահարել այս վիճակում, եւ ինչ ծավալի աշխատանք է կատարվում մեր առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար, բայց երբ այդ ամենին զուգահեռ նման քայլեր են արվում, ուղղակի հիասթափվում ես ոմանց վրա»:

Բաբայանի հրավիրած հանրահավաքին մասնակցում էր նաեւ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Հանրահավաքի ժամանակ հնչած հայտարարություններից պարզ է դառնում, որ պահանջը Սամվել Բաբայանին Արցախի պետնախարար նշանակելն է:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ երեկ հայտարարություն տարածեց, որ որոշել է ընդառաջ քայլ կատարել եւ հավաքի ներկայացուցիչներին առաջարկել է քննարկումներ ու խորհրդակցություններ սկսել նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ:

ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, անդրադառնալով Սամվել Բաբայանի՝ պետնախարար նշանակվելու հավանականությանը, ասում է՝ ամեն ինչ հնարավոր է. «Մենք ունենք այդ դառը փորձը, երբ մի խումբ քաղաքացիներ հավաքվում են եւ պաշտոն են ուզում կամ ուզում են որեւէ մեկին պաշտոնից ազատել: Արայիկ Հարությունյանը նման վատ նախադեպեր ստեղծել է, երբ մարդ պաշտոն ստանալու համար դրան փորձում է մասնակից դարձնել մյուս քաղաքացիներին: Սա չի արտահայտում ժողովրդի հավաքական կամքը»:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

 

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է

«ԱՄՆ-ն հավատացած է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններն առաջ գնալու կարեւոր քայլեր են»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ Բրյուսելում կայացած հանդիպմանը:

«ԱՄՆ-ն այդ բանակցությունների կողմ չէր, սակայն որպես Արլինգտոնում մեր հյուրընկալած բանակցությունների շարունակություն, մենք շարունակում ենք հավատալ, որ դրանք առաջ ընթանալու կարեւոր քայլեր են, եւ մենք շարունակում ենք համարել, որ այդ երկու երկրների միջեւ տեւական խաղաղությունը հնարավոր է», – ասել է Պատելը:

 

 

 

 

ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԱՐՑ ՉԿԱ

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը չի կարող կոնկրետ ասել, թե երբ է Հայաստանը քննարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակը։

«Ես կոնկրետ ժամկետ չեմ կարող ասել, որովհետեւ դա, ըստ երեւույթին, քննարկվել է Անվտանգության խորհրդում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Փոխնախարարը կարծում է՝ նման քննարկում եղել է սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ։

Թե ինչու, այնուամենայնիվ, դուրս չի եկել Հայաստանը ՀԱՊԿ-ից, արձագանքեց. «Որոշում է ընդունվել չանել այդ քայլը, շարունակել աշխատանքները, որովհետեւ կան հարցեր, որոնք հետագայում քննարկվեցին ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում»։

Հարցին՝ այս պահին կա արդյոք օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց, ՀՀ ԱԳ փոխնախարարը պատախանեց. «Այս պահին չկա այդ հարցը»։

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ծՏՉՈÿ չՈջպՑՈ ժՉՐՏտՈ-ին տված հարցազրույցում ասել էր, թե քննարկումներ եղել են Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։

 

 

 

 

ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Հունիսի 7-9-ը Հայաստան կժամանի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, որ Գերմանիայից ժամանող պատվիրակությանը ՀՀ-ում կդիմավորի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Պատվիրակության ընդունելությունը կկազմակերպվի ՀՀ պետական բյուջեի հաշվին:

 

 

 

 

ԿՐԿԻՆ ՆՈՐԱԾԻՆ ԵՆ ԹՈՂԵԼ

Ի՞նչ է կատարվում Արցախի փողոցի 8/4 շենքում, ինչո՞ւ են մայրերը լքում իրենց նորածիններին եւ դեպքի վայր ընտրում Արցախի փողոցի 8/4 շենքը:

Եվ այսպես, մայիսի 11-ին Երեւանի Արցախի պողոտայի 8/4 հասցեում նորածին երեխա էին գտել։

Ժամը 14:00-ի սահմաններում Սիրան Բադալյանը աշխատանքից վերադառնալիս Արցախի փողոցի 8/4 շենքի հարակից կիսակառույց շինության մոտից երեխայի ձայն էր լսել: Մոտեցել էր շինությանը, որտեղ նկատել էր նորածին երեխային. վերցնելով երեխային՝ տարել է բնակարան, այնուհետեւ զանգահարել է շտապօգնություն: Շտապօգնության մեքենան շտապել էր դեպքի վայր եւ երեխային տեղափոխել էր «Մուրացան» բժշկական կենտրոն: Պարեկներն ու ոստիկանները պարզել են նաեւ, թե որտեղ է նորածին աղջիկը հայտնաբերվել, ում պորտալարը դեռեւս կտրված չի եղել:

Այս դեպքից անցել է 5 օր, եւ մինչ օրս իրավապահները չեն հայտնաբերել երեխայի մորը, որը նրան թողել էր Արցախի փողոցի 8/4 շենքի բակում:

Նկատենք, որ 2 տարի առաջ կրկին Արցախի փողոցի 8/4 շենքում նորածին երեխային թողել էին ու հեռացել, ու մինչ օրս մայրը հայտնաբերված չէ: Մասնավորապես, 2021 թվականի հուլիսի 13-ին ոստիկանության Էրեբունու բաժին էր ահազանգել Երեւանի Արցախի փողոցի 8/4 շենքի բնակիչ Լուսինե Գալստյանը եւ հայտնել, որ իր հարեւանուհու բնակարանի մուտքի մոտ նորածին են թողել: Երեխային տեղափոխել էին «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ Հիվանդանոցի մանկական եւ նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը Factor.Tv-ին հայտնել էր, որ նորածին աղջնակը բնածին արատներ չունի, սակայն ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու հետեւանքով ունի վարակներ։

Բժիշկները ենթադրում են, որ վարակը կարող է անցած լինել չմշակված պորտալարով։ Փոքրիկը ծնվել է 2 կիլոգրամ 600 գրամ քաշով։

Ինչո՞ւ են ծննդկանները իրենց երեխային թողնում հենց Արցախի փողոցի 8/4 շենքի բակում եւ հեռանում. այս հարցի պատասխանը դեռեւս չկա, քանի որ իրավապահները չեն հայտնաբերել մայրերին:




Լրահոս