ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել են «Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեական բժշկության կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտեֆիկատների դիմաց առեւտրային կաշառք ստանալու դեպքերի հանգամանքները:
Քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել ընկերության տնօրենին եւ 6 աշխատակցի: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, գործընկերային հարաբերությունների մեջ գտնվելով նույն ընկերության պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատորի պաշտոնը զբաղեցնող աշխատակցի հետ, 2021թ. սեպտեմբերին վերջինիս հանձնարարել է 6-7 անձի վերաբերյալ կազմել եւ տրամադրել «COVID-19» հիվանդության դեմ պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտեֆիկատներ։
Բուժքույրը կազմել է պաշտոնեական փաստաթղթեր՝ դրանցում ներառելով իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տվյալներ ու տեղեկություններ, եւ այդ փաստաթղթերը դրել շրջանառության մեջ։ Արդյունքում փաստացի չպատվաստված քաղաքացիների տվյալները մուտքագրվել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ, եւ նրանց անվամբ տրվել են բովանդակությամբ ակնհայտ կեղծ սերտեֆիկատներ:
Քննությամբ պարզվել է նաեւ, որ կենտրոնի մի շարք աշխատակիցներ նյութապես շահագրգռելու եղանակով նշված բժշկական կենտրոնի բուժքրոջը եւ պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատորին դրդել են իրենց ծանոթներին, ինչպես նաեւ տարբեր քաղաքացիների տրամադրել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտեֆիկատներ:
Որոշ դեպքերում՝ որպես կաշառք տրված գումարների դիմաց, իսկ որոշ դեպքերում էլ, նույն ընկերության աշխատակիցների խնդրանքները կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, բժշկական կենտրոնի բուժքույրը՝ ընդհանուր շուրջ 65, իսկ բուժքույր-վակցինատորը, ընդհանուր շուրջ 120 ՀՀ քաղաքացիների չպատվաստելով սահմանված դեղատեսակներով եւ դեղաչափերով, վերջինների կողմից COVID-19-ի դեմ ամբողջական պատվաստված լինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ եւ գրառումներ են կատարել համապատասխան մատյաններում եւ անկետաներում։ Դրանց հիման վրա կազմված ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը դրվել են շրջանառության մեջ՝ մուտքագրվել են «ԱՐՄԵԴ» համակարգ, եւ նրանց անվամբ տրվել են բովանդակությամբ ակնհայտ կեղծ սերտիֆիկատներ։ Այդ քաղաքացիներին հնարավորություն է տրվել շրջանցել Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում կիրառված սահմանափակումները:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ «Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեական բժշկության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, ընկերության բուժքրոջը եւ բուժքույր-վակցինատորին՝ առեւտրային կաշառք ստանալու եւ փաստաթղթեր կեղծելու, ընկերության եւս 4 աշխատակցի մեղադրանք է ներկայացվել՝ առեւտրային կաշառք ստանալուն եւ փաստաթղթեր կեղծելուն դրդելու (օժանդակելու) համար: Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ երկուսի նկատմամբ՝ գրավը:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
ԸՆԿԵԼ Է ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔԻ ՏԱԿ
Մայիսի 18-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Արագած-Քարակերտ հատվածում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրի-Երեւան երթուղով ընթացող էՊ-2Դ էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել ճանապարհին հայտնված մի մարդու. տեղեկացնում են ՀԿԵ-ից։
Էլեկտրագնացքի մեքենավարն արտակարգ արգելակում է կիրառել, սակայն չի կարողացել կանխել բախումը։ Տուժածը՝ 1962թ. ծնված Հրաչ Միհրանի Մկրտչյանը, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Երթուղով գնացքների երթեւեկության ժամանակացույցը խախտվել է ավելի քան 2 ժամով: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայցում է ընկերության վերահսկողությունից անկախ միջադեպի հետեւանքով տուժած ուղեւորների ներողամտությունը։
Ընկերությունը եւս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին եւ տրանսպորտային միջոցների վարորդներին հետեւել ճանապարհային երթեւեկության կանոններին, դուրս չգալ երկաթուղային գծեր եւ զգոն լինել երկաթուղային ենթակառուցվածքներում:
ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ
Երեկ՝ մայիսի 19-ին, կրակոցներ են հնչել Երեւանում։ Ժամը 9։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 166 տան դիմաց կրակոցներ են հնչել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրից 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորը Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Մխիթարյանն է։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Դավիթաշենի թաղապետի տեղակալի վրա կրակելու պատճառը եղել է այն, որ երկու մեքենայի վարորդներ չեն զիջել ճանապարհը միմյանց, ինչից հետո սկսվել է լեզվակռիվ, եւ արտասահմանյան ամենագնաց մեքենայից կրակոցներ են արձակել Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Մխիթարյանի ուղղությամբ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ ԿԱՆ
Մայիսի 18-ին՝ կեսգիշերն անց, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Թումանյանի բաժնի գործընկերների հետ իրականացրած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել ու ձերբակալել են Քրեական օրենսգրքի սպանության եւ ապօրինի կերպով զենք կրելու մեղադրանքներով 2021 թվականից հետախուզվող 29-ամյա մի երեւանցու։
Հիշեցնենք մանրամասները. 2021 թվականի նոյեմբերի լույս 11-ի գիշերը՝ ժամը 2.45-ից սկսած, մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգեր էին ստացվել, որ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է 6 անձ։ Նրանցից 61-ամյա Արտուշ Սիմոնյանն ու 38-ամյա Արթուր Բորյանը, գիտակցության չգալով, մահացել էին։ Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը պարզել էին, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են սպանվածներից Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 16 տանը։ Իրավապահները հիշյալ տան բակում հայտնաբերել էին 4 ատրճանակ, երկու ինքնաձիգ, 4 տասնյակից ավելի պարկուճ։ Տան բակում էին նաեւ 43-ամյա Արթուր Ղազարյանի եւ 37-ամյա Արայիկ Խաչատրյանի դիերը։ Նրանք ստացել էին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։
Հայտնաբերված հետախուզվողը կալանավորվել է, նախաքննությունը շարունակվում է։
Հետախուզվողը հայտնաբերվել է
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 17-ին Ջուղայի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել եւ բաժին է ներկայացվել 30-ամյա Մովսես Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՈՒՄ
Մայիսի 18-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արեւելյան եւ կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք եւ ՀԱՆ-17 նռնականետ. այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։
«Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց եւ ՀԱՆ-17 նռնականետից Կաշենի հանքավայրի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։
Ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- նշվում է հաղորդագրության մեջ։