Աշխատավարձի բարձրացում եղել է, բայց ոչ նշված չափով. ատեստավորված ուսուցչի դիտարկումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ, լրագրողների հետ զրույցում, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսայանը ասաց, որ ուսուցիչների ատեստավորման հետ կապված մտահոգություններն անհիմն են։

«Թե՛ օբյեկտիվության, թե՛ վարձատրության իրական բարձրացման հետ կապված մտահոգություններն անհիմն են, որովհետև մասնակիցների ավելի քան 50 տոկոս եւ ավելիի վարձատրությունը բարձրանում է։ Այսինքն` սա հեշտ հաղթահարելի ատեստացիա է և ամբողջությամբ առարկայական չափորոշիչի և ծրագրի շրջանակներում է»,–ասել էր նախարարը։

Ըստ նախարարի՝ կանոնավոր ատեստավորման արդյունքում 1565 ուսուցչի աշխատավարձ է բարձրացել, նրանց շուրջ 30 տոկոսը ստանում է 300 հազար դրամ աշխատավարձ, շուրջ 30 ուսուցիչ էլ 400 հազար և ավելի գումար է ստանում։

ArmLur.am-ի հետ զրույցում «Հայոց լեզու» առարկայից ատեստավորում անցած ուսուցիչներից մեկը՝ Հայարփի Բզնունին, նշեց, որ աշխատավարձի բարձրացում եղել է, սակայն ոչ իրենց նշած գումարի չափով։

«Կառավարության նշած 400.000 դրամը մեկ դրույքի՝ 22 ժամի համար է, իսկ ես 17 ժամ եմ դասավանդում, որը մեկ դրույք չի կազմում։ Առհասարակ շատ դժվար է շաբաթական 22 դասաժամ պարապելը։ Անընդհատ ասվում է, որ շատերը 400.000 դրամ են ստանում, բայց այդ դեպքում ուսուցիչը, բացի կամավոր ատեստավորումից պետք է դիմի տարակարգ ստանալու, ինչը շատ ջանք է պահանջում ուսուցչից. բազմաթիվ դասերի պլաններ ներկայացնել, դասաժամերը տեսանկարահանել և այլն։ Ընդհանուր առմամբ գործընթացը դրական է, բայց կան բազմաթիվ խնդիրներ, և 22 դասաժամ պարապել ու տարկարգի դիմելը նորից ուսուցչից մեծ ջանքեր է պահանջում․ այսինքն` այն իրատեսական չէ, իսկ աշխատավարձը այդ պարագայում ևս այնքան էլ բարձր չէ։

Աշխատավարձս բարձրացել է նախկին աշխատավարձի կրկնակիից քիչ, բայց ավելացած պահումների պատճառով, այդ գումարի կեսն էլ չի կազմում։ Այսինքն, գումարը որքան շատ է, այնքան պահումները ավելանում են»։

Մաշա Մելքոնյան




Լրահոս