Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ Ազգային ժողովի աշխատակազմը պետք է գնահատական տա այն լրագրողների պահվածքին, ում հավատարմագրել է կամ թողել, որ մտնեն խորհրդարանի շենք: Բանն այն է, որ երեկ ՔՊ-ական պատգամավորը սոցցանցի իր էջում ուղիղ եթերից կտրված մի հատված էր տեղադրել, որտեղ լրագրողներն ակտիվ քննարկում էին խորհրդարանի միջադեպը, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո իրավիճակը սրվել էր: Եվ, ահա, տեսանյութից մի հատված տեղադրելուց հետո Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշել է. «Պետք է արժանի գնահատական ստանա նաեւ ԱԺ աշխատակազմի կողմից, ովքեր հավատարմագրել են ու թողել են, որ նա մտնի շենք»: Այսինքն՝ Արթուր Հովհաննիսյանը հիմա էլ ցանկանում է այնպես անել, որ որոշ լրագրողների մուտքը խորհրդարան արգելվի: Այն, որ այս իշխանությունները (որոնց թվում թերեւս ամենաշատն են նախկին լրագրողները) պայքարում են չորրորդ իշխանության ներկայացուցիչների դեմ, գաղտնիք չէ: Բազմիցս են դեպքեր եղել, երբ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է որակումներ տվել լրագրողներին: Հիմա էլ ՔՊ խմբակցության քարտուղարը, որը սպառնում էր կտրել ընդդիմադիր ՄԻՊ թեկնածուի ականջներն ու լեզուն, ԱԺ աշխատակազմին կոչ է անում հետեւել լրագրողների աշխատանքին: Ահա այսպես են Հայաստանի «ժողովրդավար» իշխանությունները հետեւում խոսքի եւ լրագրողների ազատությանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավորների հարաբերությունները բավականին լարված են վերջին շրջանում: Ավելին՝ մեր տեղեկություններով՝ Քոչարյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորների՝ մայիսի 4-ի հանդիպման ժամանակ երկրորդ նախագահը չի էլ թաքցրել իր դժգոհությունը դաշակցականներից, որ խիստ կառուցողական դիրք են գրավել: Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այդ առիթով Ռոբերտ Քոչարյանի եւ Իշխան Սաղաթելյանի միջեւ անգամ լուրջ խոսակցություն է եղել: «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով մեկնաբանություն խնդրեց Իշխան Սաղաթելյանից։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Մեր մեջ միշտ էլ լուրջ խոսակցություններ լինում են, բայց մնացած մասը իրականությանը չի համապատասխանում: Երկրորդ նախագահի հետ նորմալ, աշխատանքային հարաբերություններ են»:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պարզվում է, բազմապրոֆիլ անձնավորություն է եւ իրեն փորձում է նաեւ այլ ոլորտներում: Ապացույցը նախարարի պահվածքն է, ՀՀ կառավարության նիստերի ժամանակ հնչեցրած հայտարարությունները: Բանն այն է, որ Վահան Քերոբյանը գրեթե յուրաքանչյուր հարցի քննարկման ժամանակ արտահայտվում է, կարծիք ասում այն դեպքում, երբ հարցն այլ ոլորտների է վերաբերում: Պարզվում է՝ նա ոչ միայն կարող է խոսել խոշոր եղջերավոր անասունների պահման պայմանների, ֆերմերների տարբեր բողոքների մասին, այլ նաեւ, օրինակ, խոսել «Վայլդբերիզ»-ից տուժած քաղաքացիների մասին: Երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, նա անցավ դեղերի ոլորտին, խոսեց դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագրի մասին: «Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 24-ի իր համարում գրել էր, որ Վահան Քերոբյանը ԱՄԷ այցի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել, որում որպես ձեռքբերում նշված է եղել ԱՄԷ հանդուրժողականության եւ համակեցության նախարարության եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջեւ կնքված հուշագիրը: Ստացվում է՝ Վահան Քերոբյանն իրեն փորձում է ամենատարբեր ոլորտներում. միգուցե ցանկանում է նոր պաշտոն ստանալ:
Մի քանի օր է, ինչ Ազգային անվտանգության ծառայությունը մեկը մյուսի հետեւից պաշտոնական հաղորդագրություններ է տարածում Հայաստան թմրանյութեր ներմուծելու վերաբերյալ։ Նախ՝ մայիսի 13-ին հայտնի դարձավ, որ 1 տոննա Հերոին է ներմուծվել Հայաստան, որը կապվում է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի անվան հետ, սակայն հետախուզման մեջ գտնվող պատգամավորը հայտարարել էր, թե իրենք են բացահայտել դեպքն ու հայտնել իրավապահներին: Գործով կալանավորվել է «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների եւ գնման բաժնի պետ Մ.Ղ-ն , իսկ երեկ ձերբակալվեց ընկերության պահեստապետը: Այս հայտարարությունից մի քանի օր անց ԱԱԾ-ն հայտնեց, որ մայիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն են պատրաստվում ներկրել իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ, ինչպես նաեւ զենք, զինամթերք: Պարզվում է՝ այսքանով պատմությունը չի ավարտվում. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը նոր բացահայտում է արել՝ ՀՀ թմրանյութ ներմուծելու գործընթացով. իրավապահները պարզել են, որ գործում խառնված են ներկայիս քաղաքական իշխանության կարկառուն դեմքեր: Իսկ թե ով կամ ովքեր են նրանք, կհայտնենք «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա հրապարակումներով: