Բելգիայի ֆլամանական խորհրդարանում Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայի Ֆլամանական խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովում Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունվել՝ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ բացման և Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջներով։

Բանաձևում արձանագրված է, որ Լաչինի միջանցքը Արցախը Հայաստանի Հանրապետության հետ կապող կենսական կարևոր օղակ է, ինչը արգելափակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից։ Շրջափակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում Արցախի տեղաբնիկ հայ բնակչության համար և խոչընդոտում առաջին անհրաժեշտության պարագաների, մարդասիրական օգնության մուտքն ու տնտեսական հնարավորությունները։

Ֆլամանդական խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովը ընդունում է հարցի հրատապությունը և կոչ անում Ադրբեջանին անհապաղ վերացնել շրջափակումը՝ ապահովելով ապրանքների, ծառայությունների հոսքն ու մարդկանց տեղաշարժը միջանցքով։

Ավելին՝ բանաձեւում ընդգծվում է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։

Նշվում է, որ ինքնիշխան պետության սահմաններում օտարերկրյա ռազմական ուժերի ներկայությունը միջազգային իրավունքի խախտում է և ինքնիշխանության սկզբունքների խաթարում։ Բանաձևը կոչ է անում ԵՄ-ին դրդել Ադրբեջանին՝ դադարեցնելու իր թշնամական քաղաքականությունը հայ ժողովրդի դեմ և ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ։




Լրահոս