ԶԻՆՎՈՐԸ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ԾԱՌԱՅԱԿՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Արարատի մարզի N զորամասերից մեկում ժամկետային զինծառայողների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել:  Հետեւանքը եղել է այն, որ ժամկետային զինծառայողներից մեկը դանակահարել է ծառայակցին, որին տեղափոխել են տվյալ զորամասի բուժկետ:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մերի Սարգսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ զինծառայողներ Հայկ Գարեգինյանի եւ Գարեգին Լալայանի միջեւ վիճաբանություն է ծագել, որի ընթացքում Լալայանն իր մոտ եղած սվին-դանակով հարվածել է Գարեգինյանի մեջքին` պատճառելով չթափանցող մարմնական վնասվածքներ: Երեկվա դրությամբ ժամկետային զինծառայող Հայկ Գարեգինյանի առողջական վիճակը գնահատվում էր լավ: Ինչպես տեղեկացանք, դանակահարող Գարեգին Լալայանը հայոց բանակ է զորակոչվել 2009 թվականի աշնանը, այսինքն` մի քանի շաբաթ հետո պետք է զորացրվեր: Ի դեպ, եթե հաստատվի նրա մեղքը, ապա Գարեգինին սպառնում է 4-ից 8 տարվա ազատազրկում:
«Ժողովուրդ»-ը ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանից տեղեկացավ, որ քննչական ծառայության 8-րդ կայազորային բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, որը պատժվում է առավելագույնը երկու տարի ժամկետով:
Քննությունը դեռեւս շարունակվում է, եւ օրերս արդեն պարզ կդառնա, թե երկու ժամկետային զինծառայողների միջեւ ինչ է տեղի ունեցել իրականում:
Տեղեկացնենք նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զորամասերից մեկում հոկտեմբերի 29-ին` ժամը 17:40-ի սահմաններում, ժամկետային զինծառայող է մահացել: Դեպքն արձանագրվել է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի զորամասերից մեկի տարածքում, որտեղ գտնվել է ժամկետային զինծառայող 19-ամյա Արմեն Մողրովյանի դիակը: 19-ամյա Արմենը բանակ էր զորակոչվել Արթիկի զինկոմիսարիատից:
Պաշտպանության նախարարության պաշտոնական վարկածով` զինվորը հանկարծամահ է եղել` կաթված է ստացել: Երեկ արդեն տեղեկացանք, որ  դիահերձման արդյունքում պարզվել է, որ ժամկետային զինծառայողը մահացել է սրտի պսակաձեւ անոթների շրջանառության սուր խանգարման հետեւանքով:  ՊՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ մահացած զինվորի  դիակի վրա բռնության որեւէ հետք չի հայտնաբերվել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս