«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին գրել էր, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Արման Հակոբջանյանին այս օրերին հաջողվել է փախչել շրջափակված Արցախից. Հակոբջանյանն ինքը մեզ հետ զրույցում չէր էլ հերքել այս տեղեկությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջինս Երեւանում իր բիզնեսը ընդլայնելով է զբաղված:
Մեր հավաստի տեղեկություններով՝ Հակոբջանյանը գնել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանների ցանցը:
Ծառուկյանին են պատկանում «Մուլտի գազ» եւ «Մուլտի լեոն» ընկերությունների գազալցակայանները:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հաստատեց, որ ԲՀԿ ղեկավարը վաճառել է իրեն պատկանող գազալցակայանները, բայց չգաղտնազերծեց, թե ում:
Մեզ հաջողվեց պարզել, որ գնորդն Արման Հակոբջանյանն է:
«Ժողովուրդ» օրաթերթն անկողմնակալությունը պահելու համար այս տեղեկությունը եւս փորձեց ճշտել Հակոբջանյանից:
Մեր հարցը լսելով՝ վերջինս կրկին վրդովվեց.
«Նախ՝ ես չեմ ցանկանում հեռախոսով մեկնաբանություն տալ, երկրորդ՝ եթե մի տեղ կա գնորդ եւ վաճառող, նախ վաճառողը պետք է առաջինը մեկնաբանի, նոր հետո գնորդը»,- արձագանքեց նա:
Երբ ասացինք, որ մյուս կողմը նույնպես մեկնաբանել է, Հակոբջանյանը շարունակեց խուսափել պատասխանից՝ ասելով, թե ծանոթներ չենք, ու ինքը չի ցանկանում մեկնաբանել, վաճառող կողմը թող մեկնաբանի:
Այսպիսով, Արցախում գումար աշխատելու շանսերը սպառված է համարում Հակոբջանյանը, փախել է Հայաստան՝ ընդլայնելու իր բիզնեսը: Դեռ կանդրադառնանք, թե ՔՊ-ական որ պատգամավորի եւ որ պաշտոնյայի տանիքի տակ է Արման Հակոբջանյանը զարկ տալիս իր բիզնեսին:
Հիշեցնենք, որ Արման Հակոբջանյանն այն գործարարն է, որ 2018-ից հետո Նիկոլ Փաշինյանի մերժման պայմաններում Սեւանա լճի ափին շքեղ առանձնատուն է կառուցել մի շարք օրինախախտումներով, սակայն Փաշինյանը աչք է փակում դրանց վրա:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում