Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է 400 աշակերտի համար նախատեսված դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին: 2022 թվականին սկսված աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին: Ծրագրի նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 872 մլն դրամ:

Կառավարության ղեկավարը եղել է «Վեդի ալկո» ընկերությունում՝ ծանոթացել վերջինիս գործունեությանը, առաջիկա ծրագրերին և խաղողի մթերման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին:

Դեղձուտ բնակավայրում ևս Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Քաղաքաշինության նախարարության կողմից կառուցվող դպրոցի շինաշխատանքներին, որոնք ավարտական փուլում են: Այստեղ նկատվել են որոշ թերություններ, որոնք վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետներում վերացնել: Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 960 մլն դրամ: Դպրոցը նախատեսված է 120 աշակերտի համար:

Արարատի մարզ աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արտաշատ քաղաքի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք ընթացքի մեջ են: Արարատի մարզպետի աշխատակազմի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 616 մլն 854 հազար դրամ: Ծրագրի ավարտման արդյունքում Արտաշատ համայնքը կունենա հիմնանորոգված մարզադպրոց, որտեղ հնարավոր կլինի անցկացնել նաև միջազգային մրցաշարեր:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են Արտաշատ համայնքի բնակավայրերի փողոցների նորոգման, ասֆալտապատման աշխատանքները: Կատարվել են աշխատանքների 85%-ը: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 217 մլն դրամ, որից 65%-ը համայնքի բյուջեն է, 35%-ը՝ պետական բյուջեն: Ծրագրի ավարտման արդյունքում Արտաշատ քաղաքը կունենա շուրջ 6.8 կմ ասֆալտապատ ճանապարհ:

Այնուհետև վարչապետն այցելել է Վերին Դվին համայնք, որտեղ նրան ներկայացվել են փողոցների լուսավորության անցկացման աշխատանքները: Կատարվել են աշխատանքների 55 %-ը: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 36.8 մլն դրամ, որից 55%-ը համայնքի բյուջեն է, 45%-ը՝ պետական բյուջեն: Ծրագրի ավարտման արդյունքում Վերին Դվին համայնքն ամբողջությամբ կլուսավորվի:

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է մարզի Մխչյան գյուղի տարածքում գտնվող Արտաշատի ավտոշուկայի պայմաններին: Պատասխանատուները ներկայացրել են, որ աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են: Մասնավոր ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8 մլն դոլար: Ծրագրի արդյունքում շուրջ 11 հա հողամասի վրա գործելու է ավտոշուկա, որտեղ առկա է նաև հաշվառման-քննական բաժանմունք:

Վարչապետը շրջել է ավտոշուկային հարակից գտնվող ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արտաշատի հաշվառման քննական բաժանմունքում, եղել քաղաքացիների սպասարկման սրահում, համարանիշերի տրամադրման, վարորդական իրավունքի վկայականների փոխանակման և քննական սենյակներում, ծանոթացել հերթերի կանոնակարգման համակարգին։ Կառավարության ղեկավարը նաև ծանոթացել է վարորդական իրավունքի վկայականի գործնական քննության համար նախատեսված ավտոդրոմի պայմաններին, քննական մեքենաների տեխնիկական հնարավորություններին։ Պատասխանատուները ներկայացրել են, որ նախատեսվում է առանձին պատուհաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց, պատերազմների մասնակիցներին և դիվանագիտական ներկայացուցիչներին պատշաճ հանրային ծառայություններ մատուցելու համար։




Լրահոս