ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՀԸ ԲԱՑ ԵՆ ԹՈՂԵԼ
«Հայաստանում չկա որեւէ խոշոր քաղաքական ուժ, որն ուշադրություն չդարձներ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան  «նախագահական եռանկյունուն»»,-կարծում է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: «Գործնականորեն բոլոր հիմնական քաղաքական ուժերը որոշակի դիրք են զբաղեցնում այդ եռանկյունու ներսում` դրա երեք անկյուններից մեկին մոտ կամ հեռու: Ընտրությունների նախաշեմին այդ դիրքը նշանակալիորեն կհստակեցվի, եւ այդ երեք ուժերի միջեւ կատարվելիք ընտրությունը պետք է հասարակության համար լսելի լինի», -համոզված  է Կարապետյանը: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի` կեղծ ընդդիմադիրի դերում հանդես գալով բողոքական ընտրազանգվածին գրավելու սցենարին, ապա ըստ Արամ Կարապետյանի` այդ քայլն անելու պահը բաց է թողնվել. «Ինչքան քիչ ժամանակ է մնում ընտրություններին, այնքան հասարակության համար ավելի անհամոզիչ են դառնում նման փորձերը: Կամ էլ ԲՀԿ-ն պետք է իրական ընդդիմություն դառնա եւ ոչ շինծու առերեսման գնա իշխանությունների հետ»,-ասել է  Կարապետյանը:

ՇԵՐԻՖԸ ԳՆԱՑ
Երեկ, երբ հայտնի է դարձել Վլադիմիր Գասպարյանի` ՀՀ ոստիկանապետ նշանակվելու մասին,  հրաժարականի դիմում է ներկայացրել  «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկապետ Կարեն Բաբայանը` Շերիֆ մականունով: Հրաժարական է տվել նաեւ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության ծառայության պետ, Գլեբ մականունով Արմեն Հակոբյանը: Ըստ ամենայնի` կլինեն  նաեւ այլ  հրաժարականներ:

ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՅՏՆԻ Է
Armlur.am-ի հավաստի տեղեկություններով` Տարոն Մարգարյանի` պաշտոնապես Երեւանի քաղաքապետ դառնալուց հետո քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը կզբաղեցնի ՀՀԿ-ական, հայտնի իրավագետ Ենոք Ազարյանը: Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի որոշմամբ` նոյեմբերի 4-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ, որի ընթացքում կսահմանվի  Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների ժամկետը:  

ԿՈՍՄԵՏԻԿ
«Վերջին օրերին տեղի ունեցած կադրային փոփոխությունները մեծ արձագանք են ունենում, բայց նման փոփոխություններով որեւէ խնդիր չի լուծվում»,-այդ կարծիքին է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը, ում գնահատմամբ` տեղի ունեցածը ոչ թե փոփոխություն է, այլ տեղափոխություն: Պատգամավորի համոզմամբ` նոր պաշտոնանկությունները, լինելու դեպքում, կրկին կոսմետիկ բնույթ են կրելու:

ԱՎԵԼԻ ՇԱՏ ՓՈՂ` ԱԱԾ-ԻՆ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության բյուջետային ծախսերը 2012թ. կազմելու են 11 մլրդ 66 մլն դրամ: Այդ մասին նոյեմբերի 1-ին հայտարարել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը` Ազգային Ժողովում ներկայացնելով պետբյուջեի նախագիծը: Նշենք, որ 2011թ. համեմատությամբ` ԱԱԾ-ի ծախսերն ավելացել են մոտ 750 մլն դրամով: Այդ գումարի 600 մլն-ն ուղղվելու է աշխատավարձի ֆոնդին, որն ավելանալու է` հաշվի առնելով ծառայողական եւ զինվորական կոչումներին տրվող հավելավճարները:




Լրահոս