Կոչ ենք անում Ադրբեջանին հավատարիմ մնալ Ալմաթիի հռչակագրին. ԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հոկտեմբերի 18-ի նիստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի իրավիճակին և հայտարարություն ընդունվել Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԵՄ արտաքին ծառայության մամուլի բաժնից։

Հայտարարության մեջ նշված է նաև, որ Եվրամիությունը շարունակում է մտահոգությամբ հետևել սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունների և Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակման հետևանքով Ղարաբաղի հայերի զանգվածային արտագաղթից հետո ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակին։

«Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովը հայտարարեց 10,45 միլիոն եվրոյի չափով մարդասիրական օգնության լրացուցիչ փաթեթի մասին՝ ի հավելումն 2020 թվականից ի վեր արդեն տրամադրված 20,8 միլիոն եվրոյի:

Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը, ներառյալ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը՝ առանց ահաբեկման կամ խտրականության, ինչպես նաև պայմաններ ստեղծի Լեռնային Ղարաբաղ փախստականների և տեղահանվածների կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար՝ հարգելով նրանց պատմությունը, մշակույթն ու մարդու իրավունքները:

Ադրբեջանն ունի հստակ առաջնային պատասխանատվություն բնակչության ճակատագրի համար: Պետք է տրամադրվեն շոշափելի, կոնկրետ և թափանցիկ երաշխիքներ։ Որպես վստահության ամրապնդման կարևոր միջոց՝ մենք ակնկալում ենք համապարփակ համաներում Ղարաբաղի բոլոր հայերի, ներառյալ նրանց ներկայացուցիչների համար, և բոլոր կողմերի զսպվածությունը կոշտ հռետորաբանությունից։ Միջազգային մուտքը Ղարաբաղ շատ կարևոր է, երբ խոսքը վերաբերում է շատ անհրաժեշտ օգնության տրամադրմանը և տեղում իրավիճակի անկախ մոնիթորինգի ապահովմանը: Եվրամիությունն ի գիտություն է ընդունել ՄԱԿ-ի վերջին երկու այցերը:

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր աներկբա հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ համաձայն 1991 թ. Ալմաթիի հռչակագրի։

ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ երկու կողմերի միջև երկխոսության խթանմանը ՝ համապարփակ և կայուն խաղաղություն ապահովելու համար՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ բնակչության»,-ասված է հայտարարության մեջ։




Լրահոս