Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը. Հայաստանն ունեցավ երեք մեդալակիր:
Աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել ու պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել Արամ Աղաջանյանն ու Վահրամ Գրիգորյանը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Չալյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր:
Մարզական սամբոյի 71 կգ քաշայինների եզրափակչում Արամ Աղաջանյանը գոտեմարտել է Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Ռամեդ Գուկևի հետ և 0-3 հաշվով զիջել մրցակցին բավականին լարված գոտեմարտում:
Աղաջանյանը երեք վստահ հաղթանակներ էր տարել ճապոնացի, բելգիացի և FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող մարզիկների նկատմամբ և դուրս էր եկել եզրափակիչ:
Այս քաշային կարգում մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Մարտական սամբոյի 64 կգ քաշայինների եզրափակչում Վահրամ Գրիգորյանը զիջել է դարձյալ FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող Շեյխ-Մանսուր Խաբիբուլաևին և բավարարվել արծաթե մեդալով:
88 կգ քաշային Վահագն Չալյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել էր վրացի մրցակցին, այնուհետև առավելության հասել տաջիկ Օլիմշոևի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել էր Ղրղզստանի ներկայացուցիչ Ժալամբեկ Ասիմբեկովին և բավարարվել բրոնզե մեդալով:
Հիշեցնենք՝ մրցումային երկու օրերի արդյունքներով Հայաստանի հավաքականներն արդեն 6 մեդալ են նվաճել:
Նախօրեին ԱԱ-ի բրոնզե մեդալներին արժանացել էին Սարգիս Վարդանյանը (մարտական սամբո, 79 կգ քաշային կարգ) Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ) և Վարսիկ Գրիգորյանը (54 կգ):