ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի հանդիպումը՝ «միկրոինֆարկտի» պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը լրագրողների հետ զրույցում   անդրադարձավ ՀԱԿ-ԲՀԿ երեկվա հանդիպմանը: Նրա խոսքով՝ այդ հանդիպման մեջ որևէ արտառոց բան չկա: «Ինձ  համար՝ որպես ՀՀԿ պատգամավոր, ավելի մտահոգիչ են մեր երկրի խնդիրներն ու սոցիալ-տնտեսական վիճակը»,-ասաց պրն. Այվազյանը:

Armlur.am լրատվականի թղթակցի հարցին՝ արդյոք համաձայն է Վարդան Այվազյանը այն տեսակետի հետ, որ եթե հանկարծ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միավորվեն, ՀՀԿ-ն հաստատ մտահոգվելու առիթ կունենա,  պատգամավորի խոսքով՝ մի հարյուր անգամ ԱԺ-ում դա կայացել է՝ մասնավորապես, որևէ օրինագծին ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն դեմ են քվեարկել: «Էլ սրանից ավելի միավորվել որտե՞ղ եք տեսել»,-ասաց Այվազյանը:

«Եթե միավորվեն, կարող են դժգոհ քաղաքացիներին փողոց հանել»,- ասաց մեր թղթակիցը:

«Դե մի քանի անգամ փորձել էլ են հանել»,- պատասխանեց Այվազյանը:

Այվազյանը դժվարացավ ասել՝ արդյոք ԲՀԿ-ն, ՀԱԿ-ի հետ միանալով, փողոց կհանի նաև իր ընտրազանգվածին: «Ես ձեզ խնդրում եմ էլի, ինձ էնպիսի հարց տվե՛ք, որ գուշակողի տպավորություն չթողնեմ»,-եզրափակեց Վարդան Այվազյանը:

Լրագրողները հիշեցրին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքերը՝  ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումից միկրոինֆարկտ կտանի ՀՀԿ-ն: «Տեսքիցս երևում է, որ մի երկու հատ միկրոինֆարկտ եմ տարել»,- կատակեց պատգամավորը՝ հավելելով, որ այդ հանդիպումից  ոչ ոք միկրոինֆարկտ չի տանի:

 




Լրահոս