Նիկոլ Փաշինյան vs ՀԱԿ. իրարից նեղացա՞ծ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում բավական լարված են ՀԱԿ-Նիկոլ Փաշինյան հարաբերությունները: Պատճառը մեկն է՝  կարծես թե, ակնհայտ է, որ Փաշինյանի համար ընդունելի չէ ՀԱԿ-ի երկխոսությունը ԲՀԿ-ի հետ:

Armlur.am լրատվականի թղթակիցը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից ու պատգամավորներից փորձեց պարզել՝  արդյոք այս լարված հարաբերությունները մտահոգիչ չեն ՀԱԿ-ի համար, և ինչն է այս ամենի պատճառը՝ ըստ ՀԱԿ-ի ներկայացուցիչների:

Խմբակցության ղեկավարը  հարցին պատասխանեց մեկ նախադասությամբ. «Ես նման փոքր հարցերի չեմ պատասխանում»:

ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գագիկ Ջհանգիրյանը ասաց, որ ինքը լիազորված չէ այդ հարցին պատասխանել: Երբ մեր թղթակիցը հետաքրքրվեց՝  մտահոգիչ չէ արդյոք, որ ՀԱԿ խմբակցության ներսում տարաձայնություններ կան, նախկին զինդատախազն ասաց. «Ես այդ ամենին փիլիսոփայորեն եմ վերաբերվում: Կարող եք այդպես էլ գրել»:

ՀԱԿ խմբակցության մյուս պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ, հարցը լսելուն պես, ասաց. «Գնացե՛ք ՀԱԿ խմբակցությանը հարցրե՛ք: Ինձ ինչո՞ւ եք հարցնում: Իմ հարաբերությունները ոչ մեկի հետ լարված չեն»:

Ակնհայտ է, որ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանություն տալ այս առնչությամբ: Թե այս լարված հարաբերություններն ինչքան կտևեն, դեռ հայտնի չէ, բայց կարելի է ենթադրել, որ այս խմորը շատ ջուր կվերցնի:

Ի դեպ, պատահականություն է, թե՝ զուգադիպություն, բայց երբ նիստին ներկա են լինում ՀԱԿ խմբակցության պատգամավորները, նիստին ներկա չի լինում Նիկոլ Փաշինյանը, իսկ երբ վերջինս է մտնում նիստերի դահլիճ,  հեռանում են  ՀԱԿ-ի մյուս անդամները, եթե, իհարկե, ելույթով հանդես չեն  գալու:

Սոնա Դավթյան




Լրահոս