«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐՆ» ՈՒ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձանց եւ նրանց կողմնակիցների կողմից Երեւան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում կատարված խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ։

 

ՔԿ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ, մասնավորապես, Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նոյեմբերի 17-ին, քաղաքացու ահազանգի հիման վրա, Երեւան քաղաքի Դավիթ Բեկ փողոց ժամանած Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել եւ հարվածներ են հասցրել միմյանց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրվա ընթացքում, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել եւ վարույթն իրականացնող մարմին են ներկայացվել Երեւան քաղաքում բնակվող 12 անձինք։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 324-րդ հոդվածի 1-ին մասով եւ 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով,  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա. Մ.-ն  2023թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի հարակից տարածքում մի խումբ անձանց հետ վիճաբանել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ այլ անձի՝ Վ.Ա.-ի եւ վերջինիս՝ ինքնությունները դեռեւս չպարզված մի խումբ կողմնակիցների հետ։ Վիճաբանության ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ինչպես նաեւ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ՝ հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին,  խախտել մարդկանց անդորրը եւ խոչընդոտել տրանսպորտային միջոցների բնականոն երթեւեկությունը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին Ա. Մ.-ի եւ մյուս 11 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։ Վերջիններիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի  1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը)։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

 

 

ԿԱՇԱՌՔ՝ ՊԱՐԵԿՆԵՐԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու եւ ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով վերջիններիս կողմից ձերբակալվել եւ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է ներկայացվել Ա. Ս.-ն:

ՔԿ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության երկու աշխատակիցներ 2023 թվականի նոյեմբերի 20-ին՝ Նուբարաշենի խճուղում ծառայություն իրականացնելիս, տեխնիկական զննության ժամկետն անցած լինելու պատճառով կանգնեցրել են Ա. Հ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Այդ ընթացքում նկատելով, որ ավտոմեքենայում գտնվող ուղեւորը՝ Ա. Ս.-ն, գրպանից հանել եւ նետել է կաթուցիչով թմրամիջոցը, պարեկային ծառայողները կանչել են իրենց երկու այլ ծառայակիցներին: Ա. Ս.-ն դեպքի վայր ժամանած պարեկային ծառայողներից մեկին առաջարկել է առանձին զրուցել, որի ընթացքում վերջիններիս եւ դեպքի վայրում գտնվող մյուս պարեկային ծառայողների կողմից իր օգտին ապօրինի անգործության, այն է՝ ենթադրյալ հանցանք կատարելու փաստը չարձանագրելու ու դեպքի վայրից բաց թողնելու համար առաջարկել է 20.000-ական ՀՀ դրամ կաշառք յուրաքանչյուրին:

Ա. Ս.-ն ձերբակալվել է՝ ապօրինի թմրամիջոց պահելու, ինչպես նաեւ վարչական իրավախախտումները չարձանագրելու դիմաց պարեկային ծառայության 4 աշխատակիցներին ընդհանուր 80.000 ՀՀ դրամ կաշառք առաջարկելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ԱՊՕՐԻՆԻ ՌԱԶՄԱՄԹԵՐՔ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատախազը 2023 թվականի նոյեմբերի 20-ին հաստատել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը եւ վարույթի նյութերի հետ հանձնել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ հիշեցնելով, որ ԱԱԾ-ի քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել էր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վ.Ա.-ն ապօրինի կերպով ձեռք է բերել եւ իր փաստացի բնակության վայրում պահել ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության «ԸԽԾ» տեսակի ինքնաձիգերից, «ՀկԽ» տեսակի ձեռքի գնդացիրներից եւ համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 12 հատ 7,62 մմ (7,62*39) տրամաչափի, «հԹԺ» տեսակի նշանառու հրացաններից, «կԽ» տեսակի գնդացիրներից եւ համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 2 հատ 7,62 մմ (7,62*54R) տրամաչափի մարտական փամփուշտներ, ինչպես նաեւ «MP-446 (Viking)», «Glock» տեսակի ատրճանակներից եւ համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 34 հատ 9 մմ (9*19) տրամաչափի սպորտային-վարժանքային փամփուշտներ:

Վ.Ա.-ի նկատմամբ հարուցված էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Վ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը:

 

 

ԳՈՒՄԱՐ Է ՀԱՓՇՏԱԿԵԼ

Նոյեմբերի 18-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ՍՊ ընկերություններից մեկի տնօրենը խարդախության վերաբերյալ հաղորդում էր տվել: Նա հայտնել էր, որ մոտ 2 միլիոն 360 հազար դրամի ապրանք է առաքել ոմն Միքայելի՝ նույն օրը գումարը վճարելու պայմանով, սակայն նա, ստանալով ապրանքը, չի վճարել եւ խաբեությամբ հափշտակել է այն:

Ոստիկանությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ խարդախության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված խարդախությունը կատարել է երեւանցի 54-ամյա տղամարդը, որը ներկայացել էր այլ անունով: Նոյեմբերի 20-ին նա Արշակունյաց պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել եւ տարվել է Էրեբունու բաժին:

Խաբեությամբ հափշտակված ապրանքի մի մասը հայտնաբերվել է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ՝ ՉՈՐՐՈՐԴ ԳՅՈՒՂՈՒՄ

Հաղթանակ թաղամասի կրակոցներից անցել է 10 օր, եւ որեւէ մեկին իրավապահները չեն կարողանում ձերբակալել, դեռ ավելին՝ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները փնտրում են 10-ից ավելի անձի:

Ի դեպ, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներն ու ծեծկռտուքը, ըստ նախնական վարկածի, եղել է կնոջը սիրահետելու թեմայի շուրջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին կրակոցներ էին հնչել Երեւանում՝ Չորրորդ գյուղի 10-րդ փողոցում: Դրան նախորդել էր վիճաբանություն, որը վերածվել էր ծեծկռտուքի, եւ հնչել էին կրակոցներ: Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 10-ից ավել պարկուճներ, քարեր, փայտե մահակներ, կոտրված ավտոմեքենաներ եւ հանցագործության բացահայտման համար կարեւոր իրեր:

ՀՀ քննչական կոմիտեն եւս հայտնել էր, որ միջադեպի մասնակիցների ինքնությունները պարզված 8 անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 6-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասով, իսկ 2-ին՝ վերոնշյալներից բացի, նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 1-ին մասի հատկանիշներով։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս