Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08:20-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային փողոցում՝ «Լիա» սուպերմարկետի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 40-ամյա Դավիթ Մ.-ի վարած Nissan մակնիշի և 50-ամյա Լուսինե Ա.-ի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լուսինե Ա.-ն, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի 02 շտապօգնության խմբի կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել, իսկ Nissan -ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 11-ամյա Արևիկ Մ.-ն, 9-ամյա Առնո Մ.-ն և Երևանի բնակիչ, 37-ամյա Վարդուհի Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և ավագ պարեկ Խաչատուր Էլոյանի գլխավորությամբ։
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ, ըստ դեպքի վայրում հավաքվածների, «Վեոլիա ջրի» փնթի աշխատանքի հետևանքով կեղտաջրերը դուրս են եկել դիտահորից և ողողել ճանապարհը ինչի պատճառով էլ առաջացել է կեղտաջրի մերկասառույց, որն էլ առաջացրել է վթարը։
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն ընտանիքի անդամներ են։