ՖՈՏՈ․ 2 ամսվա մեջ կատարվել է 4 վիրահատություն․ ինչ են ախտորոշել արցախցի փոքրիկի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականին Վախթանգի մոտ հայտնաբերվել է լեզվի անոթների ուռուցք։ 2018 թվականին երեխային տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն։ 2 ամսվա մեջ կատարվել է 4 վիրահատություն։ 4 ամիս հետո նորից տեղափոխվել են Արցախ։

2020 թվականին Վախթանգի առողջական վիճակը նորից վատթարացել է։ Նրան տեղափոխել են ՀՀ, որտեղ բժիշկներն ասել են, որ երեխան այստեղ բուժում չունի՝ կամ պետք է լեզուն հեռացնել, կամ անհրաժեշտ է տեղափոխել այլ երկիր։

Վախթանգի մայրը՝ Հայկուհի Մկրտչյանը կապ է հաստատել Ռուսաստանում համապատասխան մասնագետի հետ, ինչից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել․ մեկ շաբաթվա ընթացքում Վախթանգին տեղափոխել Մոսկվա։ 2020 թվականին Վախթանգին վիրահատել են, որից հետո նրանք միանգամից վերադարձել են Արցախ։

2021-ի մարտին Վախթանգը հետվիրահատական ստուգում է անցնում Մոսկվայում։ 29-ին նրանք արդեն Արցախում էին։

2023-ի մայիսին Վախթանգի առողջական վիճակը նորից վատանում է։ Անհրաժեշտություն կար Մոսկվայում համապատասխան մասնագետի կողմից զննում իրականացնել։

ՀՀ տեղափոխելուց հետո երեխայի վիճակը ավելի է բարդանում, ինչի արդյունքում հետաձգվում է Մոսկվա տեղափոխելը։

Հայկուհի Մկրտչյանը դիմել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն։ Բժշկական թղթերը ամբողջությամբ ուղարկվել է Գերմանիա։ Դեպքը քննարկվել է Բարնիմի մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, մալֆորմացիաների և հեմանգիոմաների էքսպերտ, պրոֆեսոր Դիտեր Հուսմանի հետ, ով խորհուրդ է տվել իրականացնել բուժումը Sirolimus դեղորայքով։

Վախթանգին նշանակել էին լաբորատոր հետազոտում, իմանալու համար՝ բարորակ է, թե չարորակ, որից հետո նոր պետք է այդ դեղը ընդուներ։ Հակառակ դեպքում պետք է վիրահատեին, որի ռիսկը 50-50 էր։ Այդ պատճառով մայրը հրաժարվեց։

Հայկուհի Մկրտչյանը նորից կապվեց Մոսկվայի մասնագետի հետ, ով խորհուրդ տվեց սպասել, մինչև Վախթանգի վիճակը կկայունանա։

Գտնելով անհրաժեշտ դեղորայքը՝ պատրաստվում էին վերադառնալ Արցախ։ Գորիսում էին, երբ Արդրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Արցախի դեմ։

5 տարիների ընթացքում Հայկուհի Մկրտչյանն ու Վախթանգ Գրիգորյանը Արցախից դուրս էին եկել միայն առողջության հետ կապված հարցերով: Աջակցության ծրագրերից չէին կարողանում օգտվել, բախվել են մի շարք խնդիրների:

ArmLur.am-ը կապ է հաստատել ՀՀ աշխատաանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանի հետ: Նա տեղեկացրել է, որ միանվագ 100 հազար դրամական օգնությունը արդեն փոխանցվել է:

Այնուհետև կապ հաստատեցինք Հայկուհի Մկրտչյանի հետ: Նա տեղեկացրեց, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ի երեկոյան, գումարը փոխանցվել է։

Հայկ Ավանեսյան




Լրահոս