Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Եղվարդի խճուղում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Kia Forte, Mercedes, Nissan Rogue և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Kia-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտու կանաչ գազոնում:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանությաբն Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Տարածքը տեղում սահմանազատել են նույն վաշտի պարեկները: Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: