ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել պաղեստինցիների վրա հարձակված հրեա վերաբնակիչների դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատժամիջոցներ է հաստատել իսրայելցի վերաբնակների նկատմամբ, որոնք մեղադրվում են Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների վրա հարձակումների համար, գրում է BBC-ն։

Ըստ պատժամիջոցների, վերաբնակիչները զրկվում են ամերիկյան անշարժ գույքի, ակտիվների և ֆինանսների համակարգի հասանելիությունից:

Բայդենը պատժամիջոցներ սահմանելու հետ միաժամանակ ստորագրել է ավելի ընդարձակ հրաման, ըստ որի ԱՄՆ վարչակազմը կարող է սահմանափակող միջոցներ կիրառել ցանկացած օտարերկրացու նկատմամբ, որը կհարձակվի պաղեստինցիների վրա, կսպառնա կամ կխլի նրանց ունեցվածքը:

Ամերիկացի պաշտոնյաները նաև նշել են, որ նախագահի հրամանը խտրական չէ և վերաբերում է ինչպես հրեաներին, այնպես էլ պաղեստինցիներին, որոնք իրենք են բռնություն գործադրում քաղաքացիական անձանց նկատմամբ:

Բայդենն ընդգծել է, որ բռնությունը Հորդանան գետի արևմտյան ափին, որը սրվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, հասել է «անընդունելի սահմանների»:

ՄԱԿ-ի տվյալներով՝ մոտ 372 պաղեստինցի, այդ թվում՝ 94 երեխա է սպանվել Հորդանան գետի արևմտյան ափին հոկտեմբերի 7-ից հետո, վիրավորվել է գրեթե 4400 պաղեստինցի, այդ թվում՝ 661 երեխա։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2024 թվականի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Արևմտյան ափին 756 պաղեստինցի, այդ թվում՝ 313 երեխա, տեղահանվել է, քանի որ 119 տուն ավերվել է իսրայելական ռազմական գործողությունների ընթացքում:

ԱՄՆ նախագահի հրամանագրի ստորագրումից անմիջապես հետո Իսրայելը դժգոհություն է հայտնել պատժամիջոցների վերաբերյալ՝ ընդգծելով, որ Արևմտյան ափի վերաբնակիչների մեծ մասն օրինապաշտ քաղաքացիներ են։




Լրահոս