ArmLur.am-ը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում են Էկոնոմիկայի նախարարության գնումների գործընթացում չարաշահումների մասով հարուցված քրեական գործերով անցնող անձանց խափանման միջոցների՝ կալանավորման միջնորդությունների հարցերը։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ փոխնախարար Անի Իսպիրյանը եւ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, կկալանավորվեն։
Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնեցինք, որ կալանավորվածների մեջ է նաեւ «Սիներջի» ընկերության բիզնես բաժնի ղեկավար Լիլի Մկրյանը, որն ունի 2-ամյա երեխա եւ մայրական կաթ է տալիս, սակայն դատարանը նրան կալանավորել է։
Հիշեցնենք, որ երեկ ArmLur.am-ը հայտնեց, որ Քննչական կոմիտեն Էկոնոմիկայի նախարարության չարաշահումների քրեական գործով 7 անձի մեղադրանք է առաջադրել, որոնց մեջ էր նաեւ երեկ պաշտոնից ազատված փոխնախարար Անի Իսպիրյանը։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն մանրամասներ հայտնեց՝ նշելով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, այնուհետեւ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական եւ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ եւ օժանդակությամբ չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները:
Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի եւ աշխատակիցների դրդմամբ եւ օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլն ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:
Նշված գործողությունների արդյունքում խախտվել են մրցույթի մասնակից հիմնադրամի իրավունքներն ու օրինական շահերը, էական վնաս է պատճառվել պետությանը:
Նշված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 6 անձ:
Մյուս քրեական վարույթով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում, կատարված քննչական եւ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառու հանդիսացող Վ.Դ.-ի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ եւ իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, 2022-2023 թվականների ընթացքում նրանց կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացված այգեհիմնման նպատակով գյուղատնտեսական ծառայությունների մատուցման կամ ապրանքների ձեռք բերման վերաբերյալ կատարված՝ ծրագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացված լինելու պայմաններում նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, այլ ընդհակառակը՝ զեկուցագրեր է ներկայացրել այն մասին, որ շահառուների կողմից կատարված աշխատանքները համապատասխանում են ծրագրով սահմանված չափորոշիչներին։
Դրանից հետո խնդրել է հանձնարարական՝ նախարարության համապատասխան վարչությանը՝ ծրագրի համաձայն իրականացնել վճարումներ շահառուների հաշվեհամարներին։ Արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 238.418.100 ՀՀ դրամ գումար, որը Վ.Դ.-ի եւ այլ շահառուների կողմից խարդախությամբ հափշտակվել է:
Այս քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում նշված պաշտոնատար անձը ձերբակալվել է:
Երկու քրեական վարույթներով ակտիվ նախաքննությունը շարունակվում է։
Ըստ անհրաժեշտության՝ ՀՀ քննչական կոմիտեն հետագայում հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ։
ՊԵՏՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով` «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Արման Մելքոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը նախորդ տարի նոյեմբերի 11-ին գրել էր, որ ծառայողական լիազորությունները վերազանցելու համար Արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արման Մելքոնյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը:
Բանն այն է, որ օգոստոսի 1-ին, երբ ԱԱԾ մեկուսարանից պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեղափոխել էին Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Դավիթ Տոնոյանը խնդրել էր ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մորը, հետո շարունակել ճանապարհը դեպի Ազգային ժողով: Տոնոյանին ուղեկցող ծառայողները կապ էին հաստատել վերադասի հետ, որը թույլ էր տվել՝ Տոնոյանը գնա տուն ու տեսակցի մորը՝ պայմանով, որ ոչ ոք չիմանա։ Այս հանդգնության համար ՔԿՀ ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը ազատվեց պաշտոնից, իսկ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ տեղեկացրեց, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո նախարարության վերահսկողական վարչությունը դեպքի վերաբերյալ 07.08.2023 թվականին ծառայողական քննություն է սկսել:
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ մաքսանենգության հերթական դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
«ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ապա նաեւ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչների կողմից իրականացրած վարութային եւ ապացուցողական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են խմբի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ խմբի անդամներից չորսի ինքնությունը, որոնք հանդիսանում են Արմավիրի մարզի բնակիչներ: Մասնավորապես, պարզվել է, որ հանցավոր խմբի հիշյալ չորս անդամները պայմանավորվածություն են ձեռք բերել Իրանի Իսլամական Հանրապետությունում բնակվող անձի հետ՝ իրացնելու նպատակով, մաքսանենգ եղանակով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ Հայաստան տեղափոխելու շուրջ: 2024թ. հունվարի 25-ին հիշյալ անձինք ավտոմեքենայով գնացել են Մեղրի քաղաքի մոտ գտնվող սահմանային գոտի, որտեղ ԻԻՀ վերոհիշյալ բնակչի հրահանգով ինքնությունը չպարզված անձը, մաքսային հսկողությունից թաքցնելով, Իրանի Իսլամական Հանրապետությունից փոխանցել է տոպրակների մեջ փաթեթավորված վիճակում տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող՝ ընդհանուր շուրջ 13կգ քաշով զանգվածներ, որոնց մի մասը հանցավոր խմբի անդամները թաքցրել են վերը նշված ավտոմեքենայում, իսկ մնացած մասը հետագայում վերցնելու եւ իրացնելու նպատակով թաքցրել են սահմանագոտուն հարակից տարածքում, որը հետագայում գտնվել եւ առգրավվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից: Նշանակված փորձաքննության եզրակացությամբ արդեն իսկ հաստատվել է, որ հայտնաբերված զանգվածից 349,15 գրամը հանդիսանում են «Մեթամֆետամին» տեսակի, իսկ 1146,58 գրամը՝ «Մարիխուանա» տեսակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ, մնացած մասով փորձաքննությունը դեռեւս շարունակվում է։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ հիշյալ չորս անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը), 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելը): Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Ոստիկանությանն համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ