Մեր տարածքը դարձրել ենք նեո-քաղաքական առճակատումների խնդիրներ․ Թևան Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել է, որ Արևմուտքի կողմից ոչ մի պարտադրանք չկա և Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի կողմից ոչ ոք չի փչացրել։

«Մեզ հաճախ մեղադրում են, որ մեր պատճառով է Հայաստան-Ռուսաստանի հարաբերությունները փչացել: Բայց եկեք ավելի մեծ պատկերի մեջ դնենք ու փորձենք հասկանալ՝ արդյո՞ք Ռուսաստանն իր հարաբերությունները այլ երկրների հետ էլ է փչացրել: Եթե նայենք, կտեսնենք, որ բազմաթիվ Հայաստանի նման օրինակներ կան, միայն Հայաստանը չէ: Ռուսաստանը միայն մեզ չի վատ վերաբերվում»,- ասել է ԱԽ քարտուղարը:

ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանը ինքն է փչացրել հարաբերությունները, ինքն էլ երևի ելք գտնելու է, և այլ հարց է, երբ Հայաստանը իր հարաբերությունները փչացնելու դեպքում կարողանալո՞ւ է հարցը լուծել, թե՞ ոչ։

«Ամեն երկիր իր համար է պատասխան տալու։ Ամերիկան իր համար է պատասխան տալիս՝ կուզի կփչացնի, այսօր այդ կարողությունը ունի։ Ուզում եմ ասել հիմա Ամերիկան, եթե որոշում է կայացնում, բոլորը պուպուշիկ իրեն սիրո՞ւմ են։ Թուրքիան բոլոր 4 կողմի հարևանների հետ հարաբերությունները փչացրել է, ճի՞շտ է, բոլորի վրա հարձակվում է, իրենք էին ասում 0 խնդիր, բայց չկա հարևան, որի հետ խնդիր չունենա, մե՞նք ենք Թուրքիա գնում»,- ասաց Պողոսյանը։

Պողոսյանի խոսքով՝ ԱԽ քարտուղարը գեղեցիկ ձևակերպում է տվել՝ առանց բովանդակայինը իմանալու։

«Ես շատ ուրախ կլինեի, որ այդ նույն կետում լրագրողները ասեին՝ ի՞նչ կապ ունի այսօր Ռուսաստանը, ում հետ հարաբերությունները ոնց են փչացել։ Հայաստանը իր հարաբերությունները, որ փչացնում է, հետևանքները Հայաստանինն է լինելու։ Ռուսաստանի փչացրած հետևանքները իրենն է»,- ասաց քաղաքագետը։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը պետք է մտահոգվի միայն իր սեփական հարաբերություններով բոլորի հետ։

«Հիմա, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները այնպիսինն են, որ ինչ Ադրբեջանն ասի՝ Հայաստանի իշխանություններն այսօրվա գործում տեղում կատարում են, պատմությունը պատմության հետևից է բերում են»,- ասաց քաղաքագետը։

Պողոսյանը նաև նշեց, քանի որ աշխարհում քաղտնտեսությունը ուժեղ է՝ փախնում ենք այդ ուժեղի մոտ, ինչի մասին փորձագետները ասում են, որ ամեն օր այստեղից այնտեղ փախնելով՝ տեղ չես հասնելու և Գրիգորյանի պատասխանը դա էր՝ մի տեղը թուլացել է, և մենք որոշեցինք գնալ այն ուժեղների մոտ։

«Իսկ եթե այն ուժեղները մի օր թուլանան, ի՞նչ է լինելու։ Հիմա, եթե ինքը համարում է, որ դա ճիշտ քաղաքականություն է, որ երբ մեկը թուլանում է, պետք է իր մոտից փախնել ու գնալ ուժեղի մոտ, նա ինչո՞ւ է զարմանում, որ ուրիշներն էլ այդպես անեն»,- ասաց Պողոսյանը։

Քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք նաև երեկվա Մարիա Զախարովայի ճեպազրույցի ընթացքում իր արված հայտարարությանը, թե չէին ուզենա, որ Հայաստանն էլ Ուկարինայի պես օգտագործվեր և դեն նետվեր։

Այս մասին քաղաքագետը ասաց, որ իրեն Մարիա Զախարովայի վարած քաղաքականությունը չի հետաքրքրում, այլ հետաքրքրում է մեր վարած քաղաքականության հետևանքները։

«Մարիա Զախարովան ու Ռուսաստանի շահերը՝ դա իր ցանկությունն է։ Ինձ Մարիա Զախարովայի ցանկությունը չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է մեր վարած քաղաքականության հետևանքները։ Մենք չե՞նք տեսնում, որ մեր տարածքը դարձել է այլևս քաղաքական պայքարի բախումային կետ։ Մեր մոտ կա տարածք, որտեղ մեր գործընկերները, որոնք բարի կամքով էլ եկել են մեր տարածք՝ ինչ-որ մի բանով մեզ օգնելու՝ չեն կարողանում Ներքին Հանդ մտնել, ասենք՝ Եվրոպական դիտորդները։ Եկեք մյուս կողմից էլ նայենք, այնտեղ գտնվողները այն օրն էլ չէ՞ բացատրեցին, իրեն ում, որ մեկնաբանում ենք իր ղեկավարը, ասաց՝ դե հայտնի դեպքերից հետո եղած խնդիր էր, որ այնտեղ հայտնվել էին ռուս խաղաղապահները։ Այդ հայտնի դեպքերը ինչից էր, մեկ անգամ չեն ասել, հայկական խնդրանք էր Ռուսաստանին, որ եթե կարելի է բերեք այստեղ ձեր դրոշակները դրեք, ձեր զորքը կանգնի, որովհետև մենք ունակ չենք լինելու մեր սահմանները պահենք։ Բայց նույն իրենց խնդրանքով այնտեղ գտնվում է մեկը, որը հիմա առճակատում է ուրիշ էլի իրենց խնդրանքով եկածի համար»,- նշեց Պողոսյանը։

Պողոսյանի նշմամբ՝ մեր տարածքը դարձրել ենք նեո-քաղաքական առճակատումների խնդիրներ, և Իրանը իր տեսակետն է ասում, Թուրքիան էլ իրենն է ասում։

«Ասում է՝ ինչ ուզում ես արա, Զանգեզուրի միջանցքը լինելու է։ Հիմա ես դա գնահատե՞մ, թե՞ Մարիա Զախարովայի մեկնաբանությունները։ Մարիա Զախարովան Ռուսաստանից տեսնում է իրենց շահերից ելնելով։ Եթե ինձ չի բավարարում Զախարովայի մեկնաբանությունները, կա մի ձև դիվանագիտության մեջ՝ վեր ես կենում, գնում ես այդ երկրի հետ սկսում ես հարաբերություններդ այնպես կարգավորել, որտեղ հետևանքներում Մարիա Զախարովայի նման մեկնաբանություններ չեն լինելու»,- եզրափակելով զրույցը՝ ասաց Թևան Պողոսյանը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս