ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն առաջարկում է հասարակական կազմակերպություններին հնարավորություն ընձեռել վերահսկողություն իրականացնելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության նկատմամբ։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրեց Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ մանրամասնելով ««Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

 

Հիմնական զեկուցողի խոսքով՝ ակնկալվում է, որ նման վերահսկողության առկայությունը Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը հնարավորություն կտա վեր հանել ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում առկա խնդիրները եւ այնտեղ բնակվող անձանց իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ քայլերն ավելի արդյունավետ կազմակերպել:

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն համապատասխան իրավական հիմքերն ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով հասարակական դիտորդների խմբի ստեղծման համար, ինչը կամրապնդի հասարակական կազմակերպությունների ու Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության համագործակցությունը, հնարավորություն կստեղծի ապահովելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկությունը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց ապաստան հայցողների թվով, եւ թե որ երկրներից են ապաստան հայցողները, ինչին ի պատասխան` Արմեն Ղազարյանը հայտնել է, որ 2020 թվականին ապաստան հայցողների թիվը կազմել է 206, 2021 թվականին` 260, 2022 թվականին` 968, ինչը հիմնականում պայմանավորված է եղել Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերով, 2023 թվականին` 817 անձ:

Առաջին տեղերում ավանդաբար Մերձավոր Արեւելքի երկրներից` Իրաքից, Սիրիայից, Եգիպտոսից  դիմողներն են, 2022 եւ 2023 թվականներին միտումը փոխվել է. հիմնականում դիմել են Ուկրաինայից, Սիրիայից, Իրաքից: Հնդկաստանի քաղաքացիներից ապաստանի դիմումներ չեն եղել, ստացվել է 1-2 դիմում:

Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը դրական գնահատեց նախագիծը` նշելով, որ այն միտված է ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությանը,  ինչպես նաեւ ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկության ապահովմանը: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:

 

 

 

 

ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔԻ ՉԻ ԿՈՉՎԵԼ

Հայաստանում «10 մլն ծառատունկ» ծրագիրը պետք է մեկնարկեր դեռ 2020 թվականին։ Այս մասին ՀՀ վարչապետ Փաշինյանն ազդարարել էր «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացման իր ելույթում։

 

Նրա որակմամբ՝ սա մի ամբիցիոզ ծրագիր է ենթադրում: 10 մլն ծառը, համաձայն վարչապետ Փաշինյանի, պետք է խորհրդանշեր 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ եւ Հայաստանի Հանրապետությունում: Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Վարդան Մելիքյանը 2020 թվականի փետրվարին ասուլիսում նշել էր. «Բելառուսից նշեցին, որ պատրաստ են տրամադրել մինչեւ 10 մլն սոճի, մինչեւ մեկ մլն կեչի: Ղազախստանից ենք տեսակների մեծ ցանկ ստացել: Այժմ աշխատում ենք Լեհաստանի հետ, նախատեսում ենք նաեւ համագործակցել Ֆինլանդիայի հետ: Առաջարկները ներառում են թե՛ վճարովի, թե՛ անվճար տնկիներ»: Այս նույն փոխնախարարը 2020 թվականի օգոստոսին ազատվեց պաշտոնից՝ նախագիծը կիսատ թողնելով։ Հավելենք, որ նա միջգերատեսչական հանձնաժողովի գլխավորներից մեկն էր։ Նախկին փոխնախարարի մեջբերումներից հասկանում ենք, որ ցանկություն կար ծառ տնկելու, բայց գումար չկար ծրագիր իրականացնելու համար։ Հնարավորություն չկա, այդ պատճառով ՀՀ բարձր ատյաններից բնության կարեւորության մասին վանկարկող իշխանությունը սեփական անտեղյակությունը թաքցնելու համար չեղարկեց ծրագիրը։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն էլ, ամփոփելով 2023 թվականը, նշեց, որ 2023 թ.-ին 314 հա անտառպատման աշխատանքներ են իրականացվել: Հետաքրքրվելով, թե ինչ ընթացք է ստացել «10 մլն ծառատունկ» ծրագիրը՝ նա նշել է, որ ծրագիրը հայտնի դեպքերի պատճառով, այն է՝ Կորոնավիրուսային վարակը եւ 44-օրյա պատերազմը, չի կայացել։ «Ամբողջ միտքը, որ 2020 թվականի 10-րդ ամսվա 10-րդ օրը 10 մլն ծառ տնկվեր, ըստ էության, հայտնի պատճառներով չիրականացավ: Ծրագիրը նաեւ 10-երի խորհուրդն էր ունեցել: Մենք չենք վերադարձել ծրագրի իրականացմանը, բայց ես արդեն ասացի, որ 2024 թվականի համար նախատեսել ենք 1000 հա անտառ տնկել. դա, եթե չեմ սխալվում, 1 մլն ծառի մասին է»,- ասել է Սիմիդյանը։ Փաստացի Կառավարության ծրագիրը՝ «10 միլիոն ծառ» բնապահպանական նախաձեռնությունը, այդպես էլ կյանքի չի կոչվում: Կոտայքի եւ Արմավիրի մարզում իրականացված համապետական ծառատունկի արդյունքները դիտելով՝ պարզեցինք, որ ծառերի մի մասը տնկվել է չոռոգվող տարածքներում, մի մասն էլ հատկացվել է արդեն չորացած վիճակում, եւ այդ պատճառով ծառատունկ չի կազմակերպվել: Կարող ենք ենթադրել, որ ծրագիրը ձեւական բնույթ է կրել եւ ամենեւին նպատակ չի հետապնդել ավելացնել երկրում կանաչ տարածքները:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԱՌԱՆՑ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումով 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք արել՝ նրան հարցնելով՝ նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի՝ Բաղանիս-Այրումի, Ղզլհաջիլիի, Աշաղը Ասքիպարայի (Ներքին Ոսկեպար), Խերմիլիի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո Իջեւան-Նոյեմբերյան, Հայաստան-Վրաստան տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար մարզի սահմանամերձ այդ տարածքներում ինչ նոր ճանապարհներ են նախատեսված կառուցել, քանի կիլոմետր երկարությամբ, որքան արժեքներով։ Մարտի 29-ին ստացել ենք մարզպետի պատասխանը, ուր նշված է. «Նման որոշում դեռ կայացրած չէ»: Նման որոշում չկա, սակայն մարտի 18-ին Ոսկեպարի մշակույթի տանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Ոսկեպարի բնակիչների մտահոգությունների, թե 4 գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո Ոսկեպարը ճանապարհի խնդիր է ունենալու, հայտարարել է, որ Ոսկեպարում թունել է կառուցվելու, կառուցվելու է Ենոքավան-Ջուջեւան ճանապարհը։ Սահմանագոտու այդ հատվածում նոր ճանապարհներ կառուցելու որոշում չկա, այդ դեպքում 4 գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո ինչպե՞ս են իրականացվելու Ոսկեպարի կապը արտաքին աշխարհի հետ, Իջեւան-Նոյեմբերյան կապը եւ այդ հատվածով Հայաստան-Վրաստան տրանսպորտային հաղորդակցությունը։

 

 

 

 

ԽԱԲՈ՞ՒՄ ԵՆ

Տավուշի մարզպետ  Հայկ Ղալումյանին հարցրել ենք՝ ՀՀ կառավարությունը 2022 թվականին Ոսկեպար գյուղի տարածքում ռուսական զինուժի կացարան կառուցելու համար 2 հեկտար նվիրաբերելու առաջարկով դիմել է Նոյեմբերյան համայնքին, այդտեղ կառուցված ռուսական զորանոցն արդյոք ինչ գործառույթներ, առաքելություն ունի Ոսկեպարի սահմանագոտում։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է. «Ռուսական զինուժի կացարան կառուցելու առաքելությունը կայանում է տարածաշրջանում միայն խաղաղարար իրավիճակի նպաստմանը»: Հայկ Ղալումյանը նաեւ ՔՊ կուսակցության վերահսկող հանձնաժողովի նախագահն է։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը նաեւ ՔՊ կուսակցության վարչության անդամ է, հայտարարել է, որ ռուսները մեզ խաբեցին, վերջում փորձեցին ներքաշել նոր պատերազմի մեջ։ Ոսկեպարում՝ սահմանի եզրին կառուցված զորանոցը նպաստո՞ւմ է տարածաշրջանում խաղաղարար իրավիճակին, թե՞ ռուսները մեզ խաբում են, փորձում նոր պատերազմի մեջ քաշել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս