Ինչ ունեցվածք ունի «օրենքով գող» Արմեն Ղազարյանի՝ «Պզոյի» գործը քննող դատավորը. ինչ է նա թողել ադրբեջանցիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը պարբերաբար հանրությանն է ներկայացնում պաշտոնյաների, դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը։ Այս անգամ ներկայացնում ենք «օրենքով գող» Արմեն Ղազարյանի՝ Պզոյի գործը քննող դատավոր Վահե Ջիվանյանի 2021 թվականի վերաբերյալ հայտարարագիրը:
ArmLur.am-ը պարզեց, որ նա ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում: Դատավորի 2021 թվականի հայտարարագրում նշված է, որ Արցախում նա ունեցել է թվով 8 հողամաս եւ 1 առանձնատուն եւ փաստորեն անշարժ գույքը թողել է ադրբեջանցիներին:

Բացի այս, նշենք, որ 2021 թվականի վերջին ունեցած փոխառության գումարը կազմել է 34 միլիոն 928 հազար դրամ:
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ դատավորը հայտարարագրել է 1995 թվականի արտադրության «Մերսեդես» մակնիշի մեկ ավտոմեքենա, որը նա գնել է 2015 թվականին:

Ըստ դատավորի ներկայացրած հայտարարագրի՝ 2021 թվականի վերջին դրամական միջոցները կազմել են 75 հազար 240 դրամ:

Ի դեպ, 2021 թվականին, երբ Ջիվանյանն աշխատել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմում, ամսական ստացել է ավելի քան 790.000 դրամ աշխատավարձ:

Բացի այդ, դատավոր Ջիվանյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացել է 1 միլիոն 841.000 դրամ, որն էլ հայտարարագրել է որպես եկամուտ: Ջիվանյանը 2021 թվականի տարեվերջին 2 միլիոն դրամի չափով կանխիկ գումար է ունեցել:

Հավելենք, որ դատավորը 12.08.2009-01.03.2014թթ. աշխատել է Արցախի հանրապետության ոստիկանության քննչական վարչությունում` Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի քննիչի, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննության բաժնի քննիչի, ավագ քննիչի և Մարտունու շրջանի քննչական խմբի ավագ քննիչի պաշտոններում, ունի ոստիկանության կապիտանի կոչում:

05.03.2014-29.12.2015թթ. աշխատել է ՀՀ զինվորական դատախազության 2-րդ կայազորի զինվորական դատախազության դատախազի, այնուհետև ավագ դատախազի պաշտոններում:

29.12.2015-19.06.2018թթ. զբաղեցրել է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի դատախազի պաշտոնը։

19.06.2018-17.09.2019թթ. զբաղեցրել է ԱՀ դատախազության Մարտակերտի շրջանի դատախազի տեղակալի պաշտոնը, ունի արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:

Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 18-ի ԲԴԽ-37-Ո-84 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2020թ. հունիսի 24-ի թիվ ՆՀ-131-Ա հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Իսկ այժմ Երևան քաղաքի դատարանի դատավոր է:

Հիշեցնենք, որ  Վահե Ջիվանյանն այն դատավորն էր, որ 2022 թվականին միացել էր 93 դատավորների ստորագրահավաքին եւ մտահոգված լինելով դատավորների նկատմամբ իրենց գործունեության հետ կապված իրականացվող հետապնդումներով պահանջում էր դատավորների ժողով հրավիրել:

Հավելենք, որ դատախազը 2024 թվականի մարտի 26-ին հաստատել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել դատարան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 21-ին դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ա.Ղ.-ի նկատմամբ այն բանի համար, որ նա, ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, պահպանել է այն (Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մաս):
Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց ներկայությամբ «թագադրվելով»՝ ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ շարունակել է պահպանել օրենքով չթույլատրվող այդ կարգավիճակը։
«Ա.Ղ.-ի նկատմամբ կիրառվել են համակցված խափանման միջոցներ՝ բացակայելու արգելք և 20 մլն դրամի չափով գրավ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Քնար Մանուկյան




Լրահոս