ՀՀ իշխանությունների բարոյական հաղթանակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանությունների շարունակելի համառությունը արդեն նույնիսկ զարմանք է հարուցում, քանի որ նրանց վրա չի ազդում նույնիսկ ժամանակը։

Որքան էլ փորձը ցույց տա, որ տվյալ գործելաոճը և քայլերը անիրատեսական են, տվյալ քաղաքականությունը տանում է դեպի փակուղի, միևնույն է ՝  նրանք շարունակում են նույն ոճով։ Դա վերաբերում է թե իրենց զբաղեցրած աթոռները չզիջելուն, և թե արտաքին քաղաքականությանը։

Միևնույն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը անձամբ զանգահարելով Պուտինին ՝ փաստացի Հայաստանի անունից հայտնում է, որ ճանաչում է Ղրիմի անկախությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին, նաև հանդիպում է ունենում Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների, Եվրոպական հանձնաժողովի Արտաքին գործերի գրասենյակի, եվրոպական այլ կառույցների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ կրկին հաստատում է արտաքին քաղաքականության Հայաստանի իշխանությունների որդեգրած ՝  «և՝ և»-ի սկզբունքը։ Ավելին, այս անգամ արդեն վարչապետն ավելի համարձակորեն հայտարարում է, որ «կամ ՝  կամ»-ը մեզ համար անընդունելի է։

Լավ, եթե վերցնենք, որ «կամ ՝  կամ»-ն իրոք անընդունելի է, ապա ինչու՞ իշխանություններն այս դիրքորոշումը հստակորեն չարտահայտեցին հենց սկզբից և Հայաստանին պարտադրվող ՝  «կամ՝ կամ»-ի դեմ չընդդիմացան ինչպես հարկն է, ավելին ՝ մյուս կողմում էլ զիջելով բոլոր դիրքերը ՝  Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով պատրաստակամություն հայտնեցին մտնել Մաքսային միություն նվաստացուցիչ հանգամանքներում ՝  առանց որևէ նախապայմանի։

Եվ որքան էլ իշխանություներն այն ժամանակ փորձեցին ներկայացնել, թե դա պարտադրանք չէ, այնուամենայնիվ, դեպքերի տրամաբանական վերլուծությունը ցույց տվեց, որ ամեն ինչ արվել է պարտադրանքի պայմաններում։

Փաստորեն, ստացվում է, որ մեր իշխանությունները «ֆիզիկապես» թույլ լինելով ՝ այնուամենայնիվ դրսևորում են կամքի ուժ և դիրքերը զիջելով հանդերձ ՝ գոնե խոսքերով առաջ են տանում իրենց «և ՝  և»-ը։

Սա հիշեցնում է հայ ժողովրդի պատմության մեջ արդեն ավանդույթ դարձած ֆիզիակական պարտություններն ու բարոյական հաղթանակները. ֆիզիկապես մտնում ենք Մաքսային միություն, իսկ բարոյապես շարունակում ենք համագործակցել թե ԵՄ-ի, թե ՄՄ-ի հետ։

Պարզապես նույն պատմությունը ցույց է տալիս, որ այդ բարոյական հաղթանակներից մենք երբևէ որևէ օգուտ չենք ստացել, միայն ֆիզիկական հաղթանակներն են օգուտ բերում։ Ուստի այս հարցում նույնպես, եթե իշխանությունները շարունակելու են պնդել իրենց «և ՝  և»-ը, ապա գոնե իրական արդյունքներ ցույց տան, այլ ոչ թե միայն նվաստացուցիչ պայմանագրեր։

Կարեն Վարդանյան




Լրահոս