ԾԱՌԵՐԻ ՀԱՏՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԼԻՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողեցին ծառերի փոփոխման գործընթացը։ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը եւ քաղաքային իշխանությունը մտադիր էին առնվազն 2500 ծառ տնկել, որոնցից 150-ը՝ սակուրա։ Մինչդեռ քաղաքի պլանավորման մասնագետներ, ուրբանիստներ, գիտնականներ պնդում են, որ ծառահատման համատարած այս գործողություններն արվում են մասնագիտական ոչ լուրջ հիմնավորումներով.  ահազանգում են անգամ Երեւանին սպասվելիք էկոլոգիական մոտալուտ աղետի մասին»։

Մի խումբ ակտիվիստների բողոքի ակցիայից հետո Երեւանում ընդհատվեցին սղոցի եւ ծանր տեխնիկայի ձայները. ծառերն առժամանակ չեն հատվելու։

Ընդհատումից հետո ՀՈԱԿ-ը  հայտարարեց, որ ծառերի «օրենքով սպանդի» արդյունքում փոփոխվել է 350-400 ծառ, այսինքն՝ նախատեսված ծրագրի գրեթե 12%-ը։ Կարճ ասած՝ ձախողումը ձախողման հետեւից։

Այսպիսով՝ ներկայացնենք, թե փոփոխման համար նախատեսված ծառերը որքան արժեն՝ ըստ ՀՈԱԿ-ի կնքած պայմանագրերի։

Ըստ այդմ, նախատեսվում էր ծառերը փոփոխել ալբիցիաներով, գիհի վիրգինյաններով (օճառածառեր), սակուրաներով եւ հուդայածառերով։ Ուսումնասիրելով «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գնումները՝ հասկանում ենք, որ բացի այս ծառատեսակներից գնվել են նաեւ այլ ծառատեսակներ, օրինակ՝ ճապոնական բալենի,  ճապոնական սոֆորա, ամառային կաղնի,  սովորական կատալպա, սոսի՝ արեւելյան։ Այս բոլոր ծառերի գնման պայմանագրի արժեքը կազմել է 82 մլն 168 հազար դրամ։ Նշված պայմանագրով գնվել է 1080 ծառ։

Հարցական է մնում այն, թե որտե՞ղ եւ ինչպե՞ս են պահվում մնացած ծառերը եւ հետագայում ի՞նչ ճակատագրի են արժանացել։

Ստացվում է, որ քաղաքապետարանի եւ նրա ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ-ի թեթեւ ձեռքով հատվեցին Երեւան քաղաքի պատմամշակութային ժառանգություն հանդիսացող դարավոր ծառերը, որոնք, ըստ գիտնականների, ճակատագրական կլինեն Երեւանի համար։

Քաղաքապետարանը գնել է նաեւ 15 հազար թուփ՝ ճապկի՝ սպիտակ, 4 մլն 156 հազար դրամ արժողությամբ։ Մյուս պայմանագրով գնվել է կիպրոս՝ սովորական եւ լեռնային լոճի թփերի տեսակներ 25 հազար 30 հատ, որոնց արժեքը կազմել է 6 մլն 919 հազար դրամ։ Ձեռք է բերվել 14 հազար վարդ՝ 9 մլն 478 հազար դրամ արժողությամբ։

 

 

 

 

Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի իշխանությունները սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ հերթական զիջմանն են գնալու՝ Տավուշի հատվածում: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ տեղի ունեցած  պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքում՝ հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից: ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: ՀՀ վարչապետի աշխատակազմից էլ,  իբր, «մեկնաբանելով» ԱԳՆ-ի այս հայտարարությունը՝  նշել են, որ սահմանազատումից հետո 4 գյուղերի հատվածում զինված ուժերը հետ են քաշվելու եւ տեղը զիջելու են սահմանապահ զորքերին: Արդյունքում՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանց եւ Ոսկեպար գյուղերին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանը պնդում է՝ Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է:         Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված։ Մեզ հայտնի դարձավ, որ գործով միակ կալանավորվածի խափանման միջոցը փոխվել է, եւ նա ներկայումս տնային կալանքի տակ է: Ու սա էլ դեռ քիչ չէ, միակ կալանավորվածը պնդում է, որ  կատարվածի հետ կապ չունի։ Իսկ ահա, նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանը իրավապահներին հայտնել է, որ  որեւէ  մեկին չի կասկածում  իր տան կրակոցների գործով եւ չի կարողանում հասկանալ, թե ով կարող էր նման բան անել: ՀՀ քննչական կոմիտեն, Թաթուլ Ասիլյանից բացի, հարցաքննել էր նաեւ նրա կնոջը: Եվ ահա, մեզ հասած բացառիկ տեղեկություների համաձայն՝ Ասիլյանի կինը հայտնել է իրավապահներին, որ կասկածում է, թե Հարություն Հարությունյանն է իր տան վրա կրակել: Ահա, Ասիլյանի կնոջ ցուցմունքի հիման վրա էլ, Հարություն Հարությունյանին կալանավորել են: Սակայն վերջինս պնդում է, որ կատարվածի հետ կապ չունի: Հիշեցնենք՝ այս տարվա հունվարի 14-ին կրակոցներն էին արձակվել ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի տան վրա: Իրավապահների գործողությունների արդյունքում՝ երեկ կալանավորվեց Հարություն Հարությունյանը, որը առավել հայտնի է Ուջանցի Հարութ անունով: Ըստ լուրերի՝ նա Ասիլյանի կնոջ քրոջ ընկերն է:

 

 

 

 

Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի հաշվետվության հաշվետու ժամանակահատվածում դիմում-գրությունների գերակշիռ մասը վերաբերել է անհամատեղելիության պահանջներին։ Դիմումներից մեկը հետեւյալն է. «Արդյո՞ք Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը համատեղելի է իրենց զբաղեցրած պաշտոնին»։ Ինչպես «Հանրային ծառայության մասին» օրենքով, այնպես էլ ոլորտային՝ «Տեսալսողական մեդիայի» օրենքով սահմանված են կարգավորումներ՝ անհամատեղելիության պահանջների վերաբերյալ, որոնք կիրառելի են ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ՝ պետության կողմից հիմնադրված կազմակերպությունների աշխատակիցների նկատմամբ՝ պաշտոնավարման ընթացքում։ Վերաբերելի իրավական կարգավորումների վերլուծության արդյունքում՝ Հանձնաժողովը գնահատել է, որ պետաիշխանական գործառույթ իրականացնող բոլոր մարմինները պետք է ապահովեն անհամատեղելիության պահանջների պահպանման միասնականությունը։ Հետեւաբար, Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից իրենց պաշտոններին զուգահեռ՝ վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը Հանձնաժողովը գնահատել է անհամատեղելի, ինչպես ԱԺ պատգամավորների դեպքում է։

 

 

 




Լրահոս