Սերժ Սարգսյանը երեկ այցելել է ԱԳՆ, որտեղ ղեվակար անձնակազմի հետ խորհրդակցության ավարտին անդրադարձել է երկրի անվտանգության խնդիրներին: Եվ, ինչպես վերջին ամիսներին, այս անգամ ևս հանդես է եկել առկա իրավիճակի բավականին յուրովի գնահատականներով. «Խնդիրը հետևյալում պետք է լինի. մենք մեկ տարի անց կարողացանք մեր անվտանգության ապահովման երաշխիքը բարձրացնել, թե չկարողացանք: Համարում եմ, որ այսօր մեր ունեցած միջազգային հարաբերություններով, մեր ներգրավվածությամբ, դաշնակիցների տեսակով և որակով շատ ավելի անվտանգ ենք, քան էինք հինգ տարի առաջ: Երբեք մեր բանակն այսքան սպառազինված և մարտունակ չի եղել: Երբեք, համենայնդեպս, ես չեմ հիշում, որ Ղարաբաղի հարցով այսպիսի միանշանակություն լինի: Մենք ունենք մի որակ, հատկանիշ` մենք չենք փորձում որևէ մեկին խաբել կամ մոլորեցնել, մենք ասում ենք ` սա է մեր շահը, մենք սրա համար պատրաստ ենք սա անել»:
Անկեղծ ասած ` Սերժ Սարգսյանի նման ինքնագովաբանությունը հատկապես երկրի անվտանգության և արտաքին քաղաքական հարցերի շուրջ, մեղմ ասած, հարցահարույց է: Նախ ` անհասկանալի է, թե այդ ինչ է տեղի ունեցել, որ մեկ տարվա ընթացքում բարձրացրել է մեր երկրի անվտանգությունը: Միակ քայլը, որ արվել է ` Մաքսային միությանն անդամակցելու որոշումն է, որը, ինչպես հայտնի է, տնտեսական միություն է, այլ ոչ քաղաքական կամ ռազմական: Ի դեպ, դա անվերջ շեշտում էր հենց իշխանական քարոզչամեքենան: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի մատնանշած «որակին»` որևէ մեկին չխաբելու կամ չմոլորեցնելու առումով, ապա խեղճ եվրոպացիները Սերժ Սարգսյանի այդ «որակի» շնորհիվ մինչև հիմա իրենց զգում են ոչ միայն խաբված ու մոլորված, այլև ` պարզապես «քցված»:
Միջազգային հարաբերություններում մեր ներգրավվածության ներկայիս աստիճանի հետ կապված էլ, դժվար է չարձանագրել, որ այն այսօր ոչ թե ցածր է, այլ ՝ պարզապես բացակայում է: Այն աստիճան, որ Հայաստանի անունն առհասարակ չի հնչում ` ո՛չ ռուսական, ո՛չ էլ եվրոպական քաղաքական ու մեդիա դաշտում ՝ լինի դա Մաքսային միությանն անդամակցության հեռանկարի, թե Ղարաբաղի հարցով:
Ինչ վերաբերում է դաշնակիցների «տեսակին ու որակին, որը շատ ավելի անվտանգ է», ապա ինչպես մի առիթով ՀՀԿ-ական պատգամավորուհիներից մեկին ասաց Գ. Ջհանգիրյանը` «ճաշակի հարց է», առավել ևս ` եթե Ս. Սարգսյանի համար առաջնայինն անձնական իշխանության անվտանգության հարցն է:
Եվ վերջում ` լավ կլիներ, որ Ղարաբաղի հարցում երբեք չեղած «այսպիսի միանշանակության» մասին խոսելիս Սարգսյանը հստակեցներ, թե ինչպիսի միանշանակության մասին է խոսքը ` միանշանակ վա՞տ, թե՞ միանշանակ վատթար: Լավի մասին խոսելու համար անգամ նրա ցինիզմը չի հերիքի: