ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է.
«Եվրոպական միության Հայաստանի գրասենյակում հյուրընկալվեցի ԵՄ արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Մարագոսին, ՀՀ-ում ԵՄ Հատուկ ներկայացուցչի գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Սիլվիա Մարիա Զեհեին եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական պատասխանատու Մարիա Պապամիխայլին։ Խոսեցի Տավուշում առկա իրավիճակի, այնտեղից սկսվող դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցերի մասին։ Իմ մտահոգությունն արտահայտեցի Ոսկեպարի 7-րդ դարի սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու ճակատագրի համար. չնայած փոխվարչապետի գրասենյակը փոխանցել էր, որ մնալու է Հայաստանի տարածքում, այդքան էլ հավատարժան չէ, որովհետեւ մենք նման խոստում լսեցինք նաեւ Արցախի պատերազմից հետո Դադիվանքի մասին, երբ ասում էին, որ Դադիվանքի ճանապարհը կմնա հայկական կողմին, եւ կարող ենք անխոչընդոտ այցելել, սակայն չեղավ։ Դեսպանի հետ զրույցում բարձրացրի Եվրամիության դիտորդների հարցը, ովքեր թվով 200-ն են:
Նշեցի, որ բնակվելով ավելի ապահով տեղերում, անհնար է իրենց կողմից դիտարկել իրավիճակը եւ կրակոցների պահին լինել դեպքի վայրում. նրանք հաճախ արձագանքում են կրակոցներին կամ որեւէ միջադեպի կատարվելուց ժամեր անց կամ մեկ օր հետո։ Խոսելով արցախահայության մասին՝ ընդգծեցի նրանց վերադարձի հարցի կարեւորությունը՝ միջազգային երաշխիքների պայմաններում։ Քննարկեցինք նաեւ վիզաների ազատականացման հարցը։ Նշեցի, որ հաճախ են հայերը բախվում դժվարությունների վիզաներ ստանալու հարցում։
Անդրադարձա նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ժողովրդավարության սպառնալիքներին, այդ թվում՝ Հայաստանում առկա քաղբանտարկյալների խնդիրներին։ Դեսպանը մեկնաբանեց, որ ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հիմք, եւ ողջունում է այդ գործընթացի մեկնարկը։ Ինչ վերաբերում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը, պարոն Մարագոսն ընդգծեց, որ այն կենտրոնացած է խաղաղությանն ու կայունությանը աջակցելու իր մանդատի իրականացման վրա, եւ դիտորդների ներկայությունն արդեն տվել է շատ կոնկրետ արդյունքներ՝ միջադեպերի կրճատման առումով։
«Սա քաղաքացիական առաքելություն է։ Նրանք իրենց մանդատի հիման վրա վերահսկում են իրավիճակը։ Բացի այդ, ժողովրդավարական հասարակությունում օրենքի գերակայությունը պահպանելու համար նրանք, ում վստահված է հասարակության ոստիկանական գործը, իրենք պետք է ենթակա լինեն օրենքի առջեւ պատասխանատվության։ ԵՄ-ն վերահսկում է իրավիճակը եւ կապի մեջ է ՄԻՊ գրասենյակի հետ»,- նշել է իր խոսքում ԵՄ արտակարգ եւ լիազոր դեսպանը»։
ՍՏԱՆՁՆԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԵՐԸ
Նախարար Անահիտ Ավանեսյանն ու նրա տեղակալ Լենա Նանուշյանն առողջապահական ոլորտում առկա խայտառակ խնդիրները թողած՝ լծվել են Նիկոլ Փաշինյանի պաշտպանությանն ու քաղաքականության մեջ են մխրճվել:
Օրեր առաջ Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով Տավուշում տեղի ունեցող իրադարձություններին, հայտարարել էր, թե կիսում է իր քաղաքական թիմի մոտեցումները. «Ես քաղաքական թիմի ներկայացուցիչ եմ, միացել եմ այս քաղաքական թիմին եւ մինչեւ քաղաքական թիմին միանալն էլ՝ 2003 թվականից եղել եմ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձ եւ ճանապարհ եմ անցել, այսօր էլ կիսում եմ իմ քաղաքական թիմի հայացքները, մոտեցումները եւ որոշումները»:
Հիմա էլ նրա տեղակալ Լենա Նանուշյանը, հետեւելով ղեկավարի օրինակին, որոշել է քաղաքական հարցեր լուծել ու քննադատել է ընդդիմադիրներին. «Այս օրերին գոռող-գոչող քաղաքական ուժերը սահմանազատմանը որպես այլընտրանք առաջարկ արե՞լ են»,-գրել է Նանուշյանը:
Այսինքն, չնայած որ առողջապահական ոլորտում բարձիթողի վիճակ է, մի շարք խնդիրներ կան, իսկ ՔԿ-ն ընդամենը օրեր առաջ էր խուզարկություններ արել
Առողջապահության նախարարությունում, աշխատակցի էին ձերբակալել, բայց այս ամենը մի կողմ թողած՝ Ավանեսյանն ու Նանուշյանը քաղաքական հարցեր են լուծում ու Նիկոլ Փաշինյանի պաշտպանի դերն են ստանձնել: Հավանաբար, առկա դժգոհությունների ֆոնին նախարարը որոշել է բարձրանալ Նիկոլ Փաշինյանի աչքին:
Ուշագրավ է, որ նույն Լենա Նանուշյանը, որը հիմա ջանասիրաբար քննադատում է նախկին իշխանություններին, նրանք օրոք ԱԺ-ում պաշտոն է զբաղեցրել: Նա 2003-2012 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի փորձագետ:
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԿՆՔԵՆ
Բեռլինում Ալիեւի հետ հանդիպումից հետո՝ Գերմանիայի կանցլերը տեղեկացրել է, որ Ալիեւի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը. «Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են։ Ինձ հետ ձեր վերջին հանդիպման ժամանակ ասացիք, որ բոլոր հարցերը կլուծվեն քննարկումների միջոցով։ Ես ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ անհրաժեշտ կառուցողականություն կցուցաբերեն», – ասել է Օլաֆ Շոլցը։
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԽՈՒՄ Է ԵՄ ՇԱՀԵՐԻՑ
Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Թոնի Հովրեյթերը կարծիք է հայտնել, որ մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի Եվրամիության անդամ դառնալը բխում է հենց ԵՄ-ի անվտանգության քաղաքականության շահերից։
Այս մասին նշվում է «Կանաչները Բունդեսթագում» X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ։
«Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան երկրների, Վրաստանի, Հայաստանի եւ Մոլդովայի Հանրապետության շահերից, այլ նաեւ մեր իսկ անվտանգության քաղաքականության շահերից»,- գրել է նա։
ԳԱՆՁՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված մաքսային գործառնությունների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերին վերաբերող հոդվածը: Առաջարկվում է այդ նորմերը համապատասխանեցնել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով սահմանված դրույքաչափերին: Վերջին տարիների ընթացքում դրանք, ըստ էության, փոփոխությունների չեն ենթարկվել:
Նախատեսվում է մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների համար գանձվող պետական տուրքի տարանջատում՝ ըստ մաքսային հայտարարագրերի տեսակների: Կսահմանվի պետական տուրք տեղորոշող սարքերով տրանսպորտային միջոցների երթուղու դիտարկման համար, մաքսային փորձաքննությունների իրականացման համար կսահմանվեն պետական տուրքի դրույքաչափեր: Պետական տուրքի յուրաքանչյուր դեպքի համար նախատեսվում է պետական տուրքի վճարման ժամկետների սահմանում: Կհստակեցվի պետական տուրքից ազատման արտոնությունների շրջանակը:
«Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումներն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Հարցը քննարկվել է առաջին ընթերցմամբ:
Ըստ զեկուցողի` առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը, միատեսակ վարչարարության իրականացմանը:
Կփոփոխվեն ժամանակավոր պահպանության համար գործող դրույքաչափերը. դրանք կսահմանվեն ըստ քաշի: Գործող 4 տիպի հայտարարագրերից յուրաքանչյուրի համար կնախատեսվեն առանձին դրույքաչափեր` կախված ապրանքի քաշից: Վերանայվում է մաքսային ուղեկցման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափը: Լրացուցիչ արտոնությամբ մինչեւ ապրանքի ժամանումը նախնական տեղեկատվություն ներկայացնող արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները կազատվեն երկրի ներսում տարանցման հայտարարագիր լրացնելու համար սահմանված պետական տուրքից:
Օրինագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Երկրորդ ընթերցմամբ են քննարկվել եւ դրական եզրակացություն ստացել «Պետական տուրքի մասին» եւ «Ավիացիայի մասին» օրենքներում առաջարկվող կարգավորումները: Առաջինից երկրորդ ընթերցում տեխնիկական փոփոխություններ են կատարվել:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել են նաեւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները:
Զեկուցողի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում նախագծում կատարվել են տեխնիկական փոփոխություններ: Լրամշակված նախաձեռնությունը եւս արժանացել է հանձնաժողովի հավանությանը: