ԱՄՆ ՆԱԽԱՏԵՍԱԾ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԻՉ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ 66 կոնգրեսական Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, դադարեցնել ռազմական եւ անվտանգային բոլոր հատկացումներն Ադրբեջանին եւ ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը. այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը։

Նամակն ուղարկվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների գծով հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալարտին եւ պատգամավոր Բարբարա Լիին։
Ուղարկված նամակում կոչ է արվում 200 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղից փախստականների համար, կասեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական եւ անվտանգսյին օգնությունը։ Նամակով ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արվում գնահատել ադրբեջանական պաշտոնյաների դեմ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու հարցը: Բացի դրանից, կոչ է արվում 20 միլիոն դոլարի ռազմական ֆինանսավորում հատկացնել Հայաստանին, եւս 10 միլիոն դոլար՝ միջազգային ռազմական կրթության եւ ուսուցման համար։ Նաեւ կոչ է արվում 10 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին իրավական բարեփոխումների համար եւ եւս 10 միլիոն դոլար՝ ժողովրդավարական բարեփոխումների համար։
«Մենք միանում ենք Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությանն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան վաթսուն գործընկերներին՝ պահանջելով Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնության՝ վաղուց հասունացած արգելք, Ալիեւի ռեժիմի դեմ պատժամիջոցներ եւ Արցախից փախստականների համար ԱՄՆ-ի մարդասիրական օգնության զգալի ծավալ։ Հաշվի առնելով, որ տասնյակ միլիարդավոր ամերիկյան դոլարներ են ուղարկվում աշխարհի ճգնաժամային գոտիներ, 20 միլիոն դոլարից պակաս գումարը, որը նախագահ Բայդենը նախատեսել է, բայց դեռ չի հատկացրել տեղահանված արցախահայությանը, իսկապես խայտառակություն է», – ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Կոչ անելով 200 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը եւ նամակի մյուս համահեղինակները նշել են, որ ԱՄՆ-ի եւ միջազգային հանրության արձագանքը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպանական էթնիկ զտմանը լիովին անբավարար է եղել՝ այդ ընտանիքների կենսական կարիքները բավարարելու համար։ Հայրենիք վերադառնալու նրանց երաշխավորված իրավունքը չապահովելը նույնպես սեւ կետ է թողնում միջազգային դիվանագիտական հանրության հեղինակության վրա։
Նամակի համահեղինակները հատուկ մտահոգություն են հայտնել Հայաստանի դեմ նոր պատերազմ հրահրելու՝ Ալիեւի ռեժիմի մտադրությունների կապակցությամբ:
«Անվտանգության ոլորտում Հայաստանին լրացուցիչ օգնությունը օտարերկրյա ռազմական ֆինանսավորման եւ միջազգային ռազմական կրթության եւ վերապատրաստման տեսքով հատկապես կարեւոր է, քանի որ հայ ժողովուրդը միջազգային օգնություն է փնտրում իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար՝ ի դեմս ադրբեջանական մշտական ծավալապաշտության եւ տարածաշրջանում այլ ավտորիտար ռեժիմների կողմից հնարավոր սպառնալիքների: Այդ պատճառով մենք պետք է շարունակենք մեր ջանքերը՝ ապահովելու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կայունանան»,- նշել են նրանք:
Բացի այս, Կոնգրեսի անդամները հերթական անգամ կոչ են արել դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության տրամադրումը՝ հայտարարելով, որ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւն իր ցեղասպանական գործողություններով կրկին ու կրկին ապացուցել է, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու ազնիվ միջնորդ չէ, եւ Միացյալ Նահանգները չպետք է անվտանգության ոլորտում որեւէ օգնություն հատկացնի նրա ռեժիմին:
ԱՄՆ օրենսդիրները քննադատել են ԱՄՆ պետքարտուղարությանն ու միջազգային կազմակերպություններին՝ Ադրբեջանի կառավարությանը մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվության չենթարկելու համար։
«Վաղուց ժամանակն է, որ ԱՄՆ-ն լրջորեն մտածի պատժամիջոցներ սահմանելու մասին, որպեսզի նրանք (խմբ. ադրբեջանցի պաշտոնյաները) պատասխան տան միջազգային իրավունքի այս խախտումների համար»,- ասվում է նամակում։
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԻՐԱՆՑԸ 2 ՄԱՍԻ ԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ Կիրանցը բաժանում են 2 մասի։ Պատգամավորը լրագրողներին ցույց է տալիս գյուղացիների վկայականները եւ բացատրում, թե ինչպես են սահմանազատման անվան տակ կիսելու գյուղը։
«Էս հատվածում էլ ծառեր են տնկելու, որ կիրանցեցին իրեն ապահով զգա»,-բարկացած ասում է պատգամավորը։

ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը անդրադարձել է երեկ առավոտյան Տավուշում կատարված դեպքերի մասին։
«Այն ինչ տեղի ունեցավ առավոտյան Կիրանցում, չի կարող տեղավորվել որեւէ հայի գլխում: Հսկայական ոստիկանական ուժեր` ընդդեմ իր տունը թշնամուց պաշտպանող հայի: Սա անպատկերացնելի դավաճանություն է: Պետության, պետականության, հանուն ինքնության եւ արժանապատվության այս պայքարն այլեւս առաքելություն է, որտեղ յուրաքանչյուր հայ ունի անելիք Հայաստանում եւ Սփյուռքում։
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, որքան էլ ապօրինի բռնաճնշումներ լինեն, միեւնույնն է, պայքարը շարունակվում է»:

ՀՀ 1000 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ
ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների` առաջին եռամսյակի ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի եւ վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ 864 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 57 միլիարդ 244 միլիոն դրամ։
Հազար խոշոր հարկատուների 2024 թվականի առաջին եռամսյակի ցանկը գլխավորում է «ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ» ըկերությունը, որի շրջանառությունը կազմել է 19 մլրդ 907 մլն դրամ։ Սա հետաքրքիր փաստ է, քանի որ այս ընկերությունը, 2023 թվականի նույն ժամանակահատվածում հրապարակված տվյալների համաձայն, գտնվել է 7-րդ հորիզոնականում, իսկ շրջանառությունը կազմել է 5 մլրդ 339 մլն դրամ։ Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի մոտ 5 անգամ ավելի է եղել «ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ» ընկերության ֆինանսական շրջանառությունը։ «Գազպրոմ Արմենիան», «Գրանդ Տոբակոն» եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում են մնալ 1000 խոշոր հարկատուների առաջին հնգյակում՝ հաճախ միմյանց հորիզոնականներ զիջելով։
2024 թվականին 1000 խոշոր հարկատուների շարքում 5-րդ տեղում է «Փրիթի Ուեյ» կազմակերպությունը, որը 2022 թվականին 22-րդ հորիզոնականում էր՝ 8 մլն 520 հազար դրամ տարեկան հարկային մուտքերով։ Նման կտրուկ աճը, ըստ երեւույթին, պայմանավորված է Հայաստանում տեխնիկայի շրջանում արտասահմանցի տուրիստների հետաքրքրությունից։ Որպես փաստ արձանագրենք, որ ՀՀ 1000 խոշոր հարկատուների շարքում առաջին հնգյակը վերջին 2-3 տարիներին համալրում են տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունները։

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻՆ
Ֆրանսիայի Ներքին գործերի եւ Անդրծովյան տարածքների հարցերով նախարար Ժերալդ Դարմանեն ելույթ է ունեցել ու անդրադարձել Ադրբեջանի վարած քաղաքականությանը։
«Ադրբեջանը փորձում է օգտագործել Նոր Կալեդոնիայի հարցը՝ ոչ ի պաշտպանություն այս կամ այն ժողովրդի, եւ ոչ էլ հանուն ժողովրդավարական սկզբունքների: Դրա համար, նախեւառաջ, հարկավոր է, որ Արդրբեջանն ինքը ժողովրդավարական սկզբունքների կրող լինի, ինչը մեզ համար ամենեւին ակնհայտ չէ: Այսկերպ, Ադրբեջանն ընդամենը փորձում է հակադարձել Ֆրանսիային, որը, ի պատիվ իրեն, պաշտպանում է հայերին»:

ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՄՆ-ՈՒՄ ԵՆ
Հայաստանի Հանրապետության ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ դեսպան Լիլիթ Մակունցը մայիսի 1-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փըլլոնի եւ հանձնախմբի անդամ Ջիմ Կոստայի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են տարածաշրջանային զարգացումներից, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ԱՄՆ աջակցությունից եւ Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման եւ ժողովրդավարական բարեփոխումների ընթացքից:

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի ԶՈՒ էլիտար զորքեր) կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ չորեքշաբթի երեկոյան ունեցած հեռախոսազրույցում։
Բորելը Աբդոլահիանին ասել է, որ ԵՄ-ն չի ձգտում լարվածության Իրանի հետ հարաբերություններում։
Եվրադիվանագիտության ղեկավարը Եվրամիության խորհրդի ապրիլի 22-ի նիստի արդյունքների հիման վրա հայտարարել է, որ միության երկրները հասել են քաղաքական համաձայնության՝ իրանական հրթիռների եւ անօդաչուների արտադրողների դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին։ ԵՄ խորհրդի կողմից այդ որոշման պաշտոնական ձեւակերպումից հետո Բրյուսելը կկարողանա նոր պատժամիջոցներ մտցնել Թեհրանի դեմ։




Լրահոս