Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը:

Գրասենյակի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը զեկուցել է ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ կառավարությանը կոմունիկացված գանգատների և կատարված աշխատանքների համեմատական վերլուծության և 2022-2023թթ. Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի հոդվածներով կոմունիկացված գանգատների համեմատական վերլուծության մասին: Մանրամասներ են ներկայացվել նաև կոմունիկացված գանգատի կապակցությամբ ՀՀ կառավարության դիրքորոշման ձևավորման ընթացակարգի վերաբերյալ:

Վճիռների և որոշումների կատարման հետ կապված նշվել է, որ իրականացվել են ՄԻԵԴ վճիռների/որոշումների կատարմանն ուղղված ընդհանուր և անհատական միջոցառումներ, արձանագրված խնդիրների լուծման նպատակով համագործակցություն է ծավալվել ներպետական շահագրգիռ մարմինների հետ, տեղեկատվություն է ներկայացվել ԵԽ Նախարարների կոմիտե, իրականացվել է ՄԻԵԴ վճիռների/որոշումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներ: Նշվել է, որ ԵԽ նախարարների կոմիտեի կողմից վերահսկվող ՄԻԵԴ վճիռներով արձանագրված խախտումների շրջանակում կան խստացված ընթացակարգով վերահսկվող գործեր և ստանդարտ ընթացակարգով վերահսկվող գործեր:

Վարչապետին զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում տպագրվել է ՄԻԵԴ նախադեպային իրավունքի առաջին տեղեկագիրը, որն ընդգրկում է ՄԻԵԴ 2018-2020 թվականների կարևորագույն գործերի համառոտագրերը։ Տպագրվել է նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքի թվով երկրորդ տեղեկագիրը։ Զեկույցի համաձայն, ընթացքում են երրորդ ձեռնարկի շուրջ հետազոտական և պատրաստման աշխատանքները, որը նվիրված է լինելու ներպետական մակարդակում ՄԻԵԴ վճռի կամ որոշման հիման վրա վերաբացումներին և դրանց գործնական առանձնահատկություններին:

Օրենսդրության կատարելագործման և միջազգային համագործակցության շրջանակում գրասենյակն իրավական դիրքորոշումներ է տրամադրել թվով 73 իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ և ներկայացրել համապատասխան առաջարկություններ, մշակվել են թվով 4 իրավական ակտերի նախագծեր, որոնք սահմանված ընթացակարգով ընդունվել են, կազմակերպվել և իրականացվել են թվով 5 դասընթացներ (ԵԽ, ԵՄ, ՄԱԿ):

Հաշվետվության առանձին կետերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, դիտարկումներ և առաջարկություններ են ներկայացվել գրասենյակի կատարած աշխատանքի և հետագա անելիքների շուրջ։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք կա՞ մեխանիզմ, որով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների և վճիռների արդյունքում ՀՀ-ում հետագայում բացառվում են նմանօրինակ խնդիրները: Ի պատասխան Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ դա միջգերատեսչական հանձնաժողովի ֆորմատն է, որը լավագույն մեխանիզմն է այդ առումով: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին հավելել է. «Բոլոր իրավասու մարմինները մասնակցում են, այդ թվում՝ դատական համակարգը պալատներով, և հատ առ հատ քննարկում ենք պատճառների վերացման սցենարները դատավարության ժամկետների մասով, վերջին նիստի արդյունքում մեծ արձանագրություն է կազմվել պատճառների վերացման անելիքների մասով»:

Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է այն մասին, որ մեծ հաշվով երկարաժամկետում ՄԻԵԴ-ի վճիռները նաև ինդիկատոր են, թե բարեփոխումներն ինչպես են ընթանում և ինչպես են կյանքի կոչվում: Վարչապետի խոսքով՝ առնվազն այս դիտանկյունից պետք է նայել հարցին: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կանխավարկածն այն չէ, որ մինչև ՄԻԵԴ-ի վճիռ չկա, այդ հարցերով ոչ մեկը չի զբաղվում, բայց մյուս կողմից՝ դա հայացք է այլ տեղից, որը Նիկոլ Փաշինյանի կարծիքով, պրակտիկ աշխատանքների մեջ օգտակար կարող է լինել այն առումով, եթե ինչ-որ մասով անդրադարձ կատարվում է: Վարչապետի դիտարկմամբ՝ այսպես թե այնպես ամեն վճիռ իր առանձին բովանդակությունն ունի, այսինքն՝ կարող են լինել հարցեր, որոնց անդրադարձ կլինի, կարող են լինել հարցեր, որոնց անդրադարձ չի լինի:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում, ինչո՞ւ են մեղադրում և ի՞նչ պետք է անի այդ մեղադրանքը հետագայում չունենալու համար: Մանավանդ, որ ՄԻԵԴ-ը մի կառույց է, որն ակնհայտորեն և՛ Հայաստանում, և՛ ընդհանրապես ամբողջ Եվրոպայում բացարձակ հեղինակություն է վայելում, որը նաև ռեսուրս է ՀՀ կառավարության բարեփոխումների իրականացման համար:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երբ որոշում էր կայացվում, որ Վարչապետի աշխատակազմում պետք է այսպիսի գրասենյակ ստեղծվի՝ դրա հիմնավորումներից մեկը հենց այն էր, որ այդ գրասենյակը լինի կենտրոնում, որպեսզի ազդակներն այստեղից համահավասար գերատեսչություններին և ինստիտուտներին գնան: Վարչապետի խոսքով՝ այդ տրամաբանությունն է դրվել և այդ տրամաբանությունը պետք է անընդհատ ոչ միայն ուժեղացնել, այլ նաև ինքնաշխատ ռեժիմի մեջ դնել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ պետք է ինտենսիվ աշխատանք տանել:




Լրահոս