ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարեկները քաղաքացու խուզարկությամբ հայտնաբերել են ատրճանակ, փամփուշտներ, դանակներ, թմրամիջոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի պարեկները մայիսի 11-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում ծառայություն կատարելիս նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող մի քաղաքացու, որը, պարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել:

Պարեկները մոտենալով՝ նրա գոտկատեղին զենքի նմանվող առարկա են նկատել: Քաղաքացին ապօրինի կերպով հրազեն կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Բազումի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը։

Անձնական խուզարկությամբ վանաձորցի 56-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտով, իսկ պահեստատուփում եղել է նույն տրամաչափի 6 փամփուշտ։

Նրա պայուսակում հայտնաբերվել են գաղտնի փականով 2 դանակ, պարսատիկ, կաթուցիչ, պոլիէթիլենային տոպրակում՝ տարբեր չափսերի մետաղական գնդիկներ և հեղյուսներ, էլեկտրապատիճ սարք: Բացի այդ, տղամարդու գուլպայի միջից հայտնաբերվել է 0,95 գրամ դեղնականաչավուն զանգված, ինչի վերաբերյալ նա հայտնել է, որ այն թմրամիջոց է, անձնական օգտագործման համար պատրաստել է վայրաճ կանեփի թփերից:

Վանաձորցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն։ Նա ձերբակալվել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:




Լրահոս