ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ,որ կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։

Իսկ ի՞նչն է պատճառը. Կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ «ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական եւ վարութային ծավալուն գործողություններով՝ բացահայտվել են Ա.Ա.-ի կողմից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու մի քանի դեպքեր:
Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա.Ա.-ն, հանդիսանալով Երեւան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցի 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցապատող եւ սեփականատեր, երկու ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, 6 անձանցից 2010-2014թթ. ընթացքում բնակարաններ եւ ավտոկայանատեղիներ ձեռք բերելու դիմաց ստացել է ընդհանուր 274.712.000 դրամ, մեկ այլ դեպքում էլ, բնակարանը վերանորոգելու համար՝ 6800 ԱՄՆ դոլար գումար։ Սակայն, հետագայում նշված գումարները մուտք չի արել ընկերությունների հաշվեհամարներին կամ դրամարկղ եւ հափշտակելով դրանք՝ տնօրինել է սեփական կարիքների համար. այդկերպ, քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր տարբեր չափերի գույքային վնաս:
Բացի դրանից, Ա.Ա.-ն 2010թ. հոկտեմբերին մեկ այլ քաղաքացու հետ կնքել է առուվաճառքի նախնական եւ նախավճարի պայմանագիր՝ պարտավորվելով Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարաններից մեկը մասնակի հարդարմամբ մինչեւ 2012թ. մայիս հանձնել նրան։ Դրա դիմաց 2010-2011թթ. վերջինիցս որպես կանխավճար Ա.Ա.-ն ստացել է 34.000 ԱՄՆ դոլար գումար: Սակայն, մինչեւ 2015թ. սեպտեմբեր, տարբեր պատճառաբանություններով, նշված բնակարանի նկատմամբ չի գրանցել քաղաքացու սեփականության իրավունքը եւ հիշյալ բնակարանը կրկին վաճառել է այլ անձի՝ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցելով վերջինիս սեփականության իրավունքը։ Այդ կերպ նա խարդախությամբ հափշտակել է 34.000 ԱՄՆ դոլար գումար՝ հիշյալ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:
Պարզվել է նաեւ, որ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով՝ Ա.Ա.-ն 2008թ. ապրիլի 8-ին քրեական վարույթով մեկ այլ տուժողի հետ կնքել է անշարժ գույքի ապառիկ առուվաճառքի ձեւական պայմանագիր, Երեւան քաղաքի Արաբկիր համայնքում ձեռք է բերել օժանդակ շինության, 3 հողամասի (մեկը՝ ընդհանուր սեփականության) եւ 1 բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունք, որի դիմաց, ըստ պայմանագրերի, պետք է վճարեր ընդհանուր 110.000.000 ՀՀ դրամ։ Սակայն փաստացի վճարել է 67.440.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 42.560.000 ՀՀ դրամի փոխարեն հիշյալ տարածքների սեփականատիրոջը խոստացել է սեփականության իրավունքով տրամադրել Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 2 բնակարան:
Այնուհետեւ, վստահությունն ամրապնդելու նպատակով, վերջինիս հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր, սակայն հիշյալ հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման ավարտից հետո նշված բնակարանները վաճառել է այլ անձանց՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով 42.560.000 ՀՀ դրամ գումար եւ հիշյալ անձին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
2024 թվականի մայիսի 14-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող Ա.Ա.-ին, դատարան ներկայացնելու նպատակով, ձերբակալելու մասին։
Մայիսի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից վերջինս հայտնաբերվել, ձերբակալվել եւ ներկայացվել է նախաքննական մարմնին: Նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /2 դրվագ/ եւ 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Բոլոր այն քաղաքացիներին, որոնք հնարավոր է՝ տուժել են նշված անձի նմանատիպ գործողություններից, հորդորում ենք դիմել վարույթն իրականացնող մարմնին։ Ահա վերոնշյալ քրեական վարույթի շրջանակներում էլ կալանավորել են նրան։
Արձանագրենք, որ Արագած Ախոյանը մշտապես քննադատել է իշխանություններին, եւ այդ քննադատության համար նրան բազմաթիվ մեղադրանքներ են առաջադրվել, իսկ հիմա էլ հիշել են 2014 թվականի դեպքը ու տարել են կալանքի:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՈՐԴԵԳՐԵԼ «ԱՆՀԱՅՏ ԱՂՋԿԱՆ»
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգում գտնված նորածին երեխային որդեգրելու պատրաստակամություն է հայտնել մոտ 400 անձ:

Ըստ մեր տեղեկությունների՝ չնայած, որ երեխայի մայրը հայտնաբերվել է, սակայն աղջնակին տարել են մանկատուն:
Ի վերջո, մայրը ցանկություն կհայտնի՞ երեխային պահել, թե՞ նրան կորդեգրեն, ցույց կտա ժամանակը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգում նորածին երեխային լքած մայրը իրավապահներին պատմել է, որ երեխային ունեցել է արտամուսնական կապի արդյունքում, եւ չի ցանկացել, որ որեւէ մեկը իմանա այդ մասին, ինչի համար էլ երեխային թողել է բակում ու չի ցանկացել պահել:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին՝ ժամը 19:39-ին, ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգեպանը եկեղեցու այգում նորածին երեխա է հայտնաբերել։
Մեկնած օպերատիվ խումբը նշված երեխային տեղափոխել էր հիվանդանոց. կազմված փաստաթղթերը փոխանցվել էր քննչական բաժին։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ եւ ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ճշտվել է նորածնի մոր ինքնությունը։
Շիրակի մարզի՝ 2000 թվականին ծնված բնակչուհին մայիսի 14-ին հայտնաբերվել եւ, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել է քննչական բաժին։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ո՞Վ ԿՔՆՆԻ Վ. ՂԱԶԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Վաչագան Ալեքսանդրի Ղազարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2 դրվագ կատարել է պաշտոնեկան դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դրդման քայլեր, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ 2 դրվագ՝ պաշտոնեական դիրքը, ծառայողական լիազորությունները չարաշահելով, եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ օրինականացրել է հանցավար ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք:
Գործը մտել է Հակակոռուպցիոն դատարան, այն քննելու է դատավոր Վարդգես Սարգսյանը։

Վ. ՉԱԽԱԼՅԱՆԻՆ ԵՎ ԵՎՍ 4 ԱՆՁԻ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում դրա մի քանի մասնակիցների կողմից առերեւույթ կատարվել է խուլիգանություն։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:
«Մասնավորապես` մասնակիցներից մեկը, որը հանդիսանում է «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վ.Չ.-ն, չհամաձայնելով բողոքի ակցիան տվյալ տարածքում անցկացնելու վերաբերյալ քաղաքացիներից մեկի արտահայտած տեսակետին, վիճաբանել է վերջինիս հետ։ Ապա, հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով տարածքում հասարակական կարգը պահպանող ոստիկանության ծառայողների ներկայությունը, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, Վ.Չ.-ն եւ նրա հետ ակցիայի մասնակից եւս մի քանի անձինք սկսել են քաշքշել նշված քաղաքացուն եւ հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել նրա հասցեին։
Նշված արարքները դադարել են միայն ոստիկանության ծառայողների միջամտության արդյունքում, եւ դեպքի վայրից ակցիայի 5 մասնակից տեղափոխվել է ոստիկանության բաժին։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում, ՀՀ քրեական օերենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Որոշում է կայացվել առերեւույթ խմբի կազմում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով՝ Վ.Չ.-ին եւ մյուս 4 անձանց ձերբակալելու վերաբերյալ։
Դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս