Ձերբակալել են Բագրատ Սրբազանի մտերիմ գինեգործ Հայկ Շահնազարյանին և ևս երկու մարդու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ քննչական կոմիտեից հաղորդում են․ «ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններով, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ գինու արտադրությամբ և կոնյակի վաճառքով զբաղվող «Շ…» ընկերության գլխավոր տնօրեն Ս.Շ.-ն, ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձի՝ Հ.Շ.-ի և գլխավոր հաշվապահի՝ Մ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, միասնական դիտավորությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 88.190.429 ՀՀ դրամ հարկ չվճարելու նպատակով հարկային մարմին ներկայացված հաշվարկում մտցրել է խեղաթյուրված տվյալներ, ինչպես նաև նպատակ ունենալով թաքցնել հանցավոր ճանապարհով ստացված գույքի ծագումը՝ իրականացրել է փողերի լվացում:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ս.Շ.-ի, Հ.Շ.-ի և Մ.Ա.-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, որոնք բավարարվել են:
Նշված անձինք ձերբակալվել են։
Նույն օրը կատարվել են խուզարկություններ ընկերության գործունեության և մեղադրյալների բնակության հասցեներում, որոնց ընթացքում հայտնաբերվել են ընկերության գործունեությանը վերաբերող տվյալներ պարունակող էլեկտրոնային շտեմարան (սերվեր), համակարգիչներ և փաստաթղթեր:
Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է ՔԿ տարածած հաղորդագրությունում:




Լրահոս