Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ի տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտիներ:
ArmLur.am-ը կապ հաստատեց Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ իրավիճակ է հիմա համայնքում.
«Համայնքը շատ մեծ վնասներ է կրել, ուղղակի աննկարագրելի, բայց գիշեր-ցերեկ հատ առ հատ անդրադառնում ենք ու լուծումներ տալիս, դրանք այնքան բազմաշերտ են ու բազմազան, որ իմաստ էլ չկա թվարկելու՝ ճանապարհների վնաս, երկաթգծի վնաս, բնակարանների, խանութների, ինչ գիտեք դա է»:
Նրա խոսքով՝ մարդիկ, ովքեր ցանկացել են տեղափոխվել իրենց բնակարաններից, համայնքապետարանը կազմակերպել է մարդկանց տեղավորվելը հյուրանոցներում, բայց կան նաև շատ մարդիկ, ովքեր տեղափոխվել են իրենց հարազատների բնակարաններ:
Հարցին, թե արդյոք հաշվարկվել է աղետի հետևանքով առաջացած վնասի չափը՝ համայնքի ղեկավարը պատասխանեց.
«Այս պահին չի կարող հաշվարկվել, քանի որ գետը դեռ վարար է, բայց կազմված են հանձնաժողովներ, ովքեր զբաղվում են բնակարանների, խանութների, ենթակառուցվածքների և այլնի հաշվարկման և գնահատման հարցով: Վերջնական գնահատում դեռ չեն կարող տալ»:
Էմմա Մարտիրոսյան