ԿՍԿՍԵՆ ԻՄՊԻՉՄԵՆՏԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 21-ին Փարաքար համայնքի ավագանու անդամ Էմին Երիցյանը սոցցանցի իր էջում գրել էր.

«Հարգելի՛ բարեկամներ, Փարաքար համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ, որ դեռեւս մեկ շաբաթ առաջ վայր եմ դրել համայնքի ավագանու՝ «Դավիթ Մինասյան» խմբակցության ղեկավարի լիազորություններս՝ միաժամանակ դադարեցնելով խմաբակցությանն իմ անդամակցությունը։
Ավագանու իմ գործունեությունը շարունակում եմ խմբակցությունից դուրս՝ գործելով անհատական պատասխանատվության տիրույթում, ավելի անկաշկանդ եւ ակտիվ՝ հանուն համայնքի զարգացման։ Որակական փոփոխությունների հասնելու ջանքերը հաջողություն չեն արձանագրել, ուստի խմբակցությունից դուրս ավագանու կարգավիճակով տեսնում եմ փոփոխությունների հասնելու հնարավորություններ։
Թե՛ ավագանին, թե՛ համայնքապետարանն էապես պետք է բարելավեն իրենց աշխատանքի որակը, ինչը հնարավոր է միայն ավագանու բոլոր անդամների, աշխատակազմի ներդաշնակ ու ներգրավված աշխատանքով, համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությամբ»։
Այս ամենի մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանի հետ:
-Պարո՛ն Առաքելյան, տեղեկացանք, որ երեկ՝ երեկոյան, Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական է ներկայացրել, եւ Դուք հայտարարություն տարածեցիք, որ նրա դեմ իմպիչմենտի գործընթաց եք ուզում սկսել: Արդյո՞ք դա է հրաժարականի համար պատճառ հանդիսացել, կամ, եթե կան այլ պատճառներ, խնդրում ենք՝ նշել:
-Պատճառների մասին, կարծում եմ, իրենք պետք է մեկնաբանություն տան: Սակայն ավագանու անդամների մեծամասնությունը երեկ չէ առաջին օրը (խմբ.) համայնքի աշխատակազմ է հանձնել իմպիչմենտի գործընթացի փաստաթղթերը, որից մի քանի ժամ հետո եղել է հրաժարականը: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ սրա հետեւանքով է: Պարզապես փորձ է արվում հետեւյալի. եթե հրաժարականը հաստատվի, փաստացի ո՛չ թե իմպիչմենտի գործընթաց կլինի, այլ ավագանու ղեկավարի նոր ընտրություններ կլինեն: Այստեղ մի քանի օրվա ժամանակ շահելու հարց է:
-Իսկ Դուք կառաջադրե՞ք թեկնածու:
-Իհարկե՛, իմպիչմենտի գործընթացում առաջադրվել էր խմբակցության ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի թեկնածությունը. եթե իրավական այլ կարգադրումներով սահմանված՝ ավագանու նիստ անցկացնելու անհրաժեշտություն կլինի, ապա նիստի ժամանակ նույնպես կառաջադրվի Վոլոդյա Գրիգորյանի թեկնածությունը:
-Իմպիչմենտ ներկայացնելու համար պետք է առաջ քաշել հստակ նախագիծ եւ թեկնածու: Ի՞նչ ծրագիր եք նախատեսել:
-Իմպիչմենտը միասնական որոշում է. այն ենթադրում է՝ իմպիչմենտ եւ նոր ղեկավարի ընտրություն: Ինչպես ասացի՝ ներկայացված է Վոլոդյա Գրիգորյանի ընտրության նախագիծը, եւ նիստը նախատեսված է ուրբաթ օրը:
-Եթե չեմ սխալվում, Դավիթ Մինասյանի ընտրության ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ավագանու ղեկավարի՝ ռոտացիոն սկզբունքով փոփոխության վերաբերյալ: Երկուսուկես տարի պաշտոնավարումից հետո ղեկավարումը պիտի փոխանցվեր փոխքաղաքապետին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից: Այս դեպքում ինչպե՞ս է լինելու:
-Անկեղծ ասած՝ զերծ կմնամ նրանց պայմանավորվածությունը մեկնաբանելուց: Ավելին, քան ասացիք, չգիտեմ: Իմպիչմենտի գործընթացի փաստաթղթի տակ ստորագրել են ավագանու անդամների մեծամասնությունը, ինչը նշանակում է, որ այդ 11 հոգին անհրաժեշտության դեպքում կընտրի Վոլոդյա Գրիգորյանին:
-Այսինքն՝ ունե՞ք ՔՊ-ի աջակցությունը:
-Ո՛չ, մենք ունենք ավագանու 10 անդամ եւ մեկ հոգի՝ ավագանու անկախ անդամ, որը ՔՊ-ից չի եղել:
Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ
19.11.2018 թվականին Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով Գեղարքունիքի մարզի համայնքապետերի հետ, հայտարարել է. «Ինձ համար, օրինակ, զարմանալի է, թե ինչու է մարդը 15-20 տարի 80 հազար դրամ աշխատավարձով աշխատում։

Նա, ում տեղը չի այդ 80 հազարանոց աշխատավարձը, թող գնա, ավելի պատշաճ աշխատանքով զբաղվի, իսկ ում գործն է՝ կարողանանք այդ 80 հազարը 160 հազար դարձնենք»։
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է իրական վիճակը. այս ելույթից 5 տարի անց Հայաստանում նվազագույն աշխատավարձը ավելի քիչ է՝ Նիկոլ Փաշինյանի նշած 80 հազար դրամից, եւ կազմում է 75 հազար դրամ։ Թեեւ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր 80 հազարը դարձնել 160 հազար դրամ, այնուամենայնիվ, 2024 թվականի պետական բյուջեում նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ։
Ահա, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը խաբում:

Ն. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ փետրվար ամսին գրել էր, որ Երեւանի ավագանու իշխող խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը Ford մակնիշի ավտոմեքենայի առքուվաճառքի մեջ է:
Այսպես, Վարդանյանը 2021 թվականի հայտարարագրում նշում է, որ 2022 թվականին ձեռք է բերել 2018 թվականի արտադրության Ford մակնիշի մեքենա, ինչը գուշակության ոլորտից է։ Նույն 2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ Վարդանյանը Տիգրան Ավինյանի եղբայր Դավիթ Ավինյանից ձեռք է բերել եւս մեկ Ford՝ 2018 թվականի արտադրության, եւ տարվա վերջի դրությամբ հայտարարագրել է 2 Ford մակնիշի մեքենա։ 2022 թվականի սկզբում ոչ միայն «անհետանում է» Ford-երից մեկը, այլեւ վաճառքից առաջ փոխվում է մյուս Ford-ի տարեթիվը` 2018 թվականի արտադրությունը դառնում է մեկ տարով նոր` 2019 թվականի արտադրության։
Ստացվում է, որ Նուարդ Վարդանյանը իրեն պատկանող Ford մակնիշի մեքենան, որը ձեռք է բերել 2018 թվականին 4 մլն դրամով՝ գրեթե 10 հազար ԱՄՆ դոլար, 2022 թվականին վաճառել է 13 հազար ԱՄՆ դոլարով՝ որպես 2019 թվականի արտադրության մեքենա։ Ըստ հայտարարագրի՝ Վարդանյանը 3 հազար ԱՄՆ դոլարի օգուտ է ստացել եւ փոխել մեքենայի արտադրման տարեթիվը: «Ժողովուրդ» օրաթերթը կապվել էր ՔՊ խմբակցության ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի հետ հասկանալու համար՝ ինչպես է այդպես ստացվել։
«Ընդհանրապես էդ հայտարարագիրը ոտքից գլուխ ամբողջը սխալ է։ Ես իրենց (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) նամակով էլ եմ դիմել, որ ուղղեն։ Իրենք չեն ուղղել, եւ դա իմ սխալմունքը չէ։ Խնդրում եմ՝ իրենց հետ կապվեք, որովհետեւ մի տունն էլ, որ ունեմ Կենտրոն վարչական շրջանում, երեք անգամ նույն բանը նշված է։ Դիմել եմ իրենց, ասացին՝ Ձեզ կոդ կուղարկենք, համակարգի սխալ է եղել, Դուք կուղղեք։ Այդ կոդը մինչեւ հիմա չեն ուղարկել։ Ես չեմ կարող իրենց փոխարեն պատասխանել»:
Հոդվածի հրապարակումից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հրապարակման մեջ շրջանառվող տեղեկության հիման վրա, սկսել է ուսումնասիրություն։




Լրահոս