ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն`քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը», կյանքից զրկվելուց առաջ առավոտյան գնացել է Ավանի դատարան: Մեզ հասած տեղեկութունների համաձայն՝ նրա պաշտպանը միջնորդություն է ներկայացրել, որ դատավոր Մանվել Շահվերդյանը թույլ տա Սերգեյ Գրիգորյանին առողջական խնդիրներով պայմանավորված դուրս գա երկրից: Դատավոր Մանվել Շահվերդյանը բավարարել է միջնորդությունը ու թույլ է տվել «Ֆազին» լքել երկիրը: Ասել է, թե նրա «սեկտը» բացել են: Դատարանից Սերգեյ Գրիգորյանը ուրախ դուրս է եկել ու հայտնել, որ առողջական խնդիրներով պայմանավորված կգնա երկրից ու մի քիչ էլ կօդափոխվի ու կգա Հայաստան: Վերջինիս մտերիմները այդ օրը որեւէ արտառոց բան չեն նկատել իրենց շուրջ ու դեռ ավելին՝ անգամ Սերգեյ Գրիգորյանը, ըստ մտերիմների, բավականին ուրախ է եղել այդ օրը:
Իսկ ինչ քրեական գործով է անցել նա, որ ներկայացել է սպանության օրը դատարան
Սերգեյ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա Մարիա Ավետիսյանի սոցիալական էջին Արթուր Ալեքսանյանի սոցիալական էջից, իր և Մարիա Ավետիսյանի հասցեին վիրավորական գրառումներ կատարելու համար, Արթուր Ալեքսանյանին պատժելու նպատակով, առևանգելու ուղղակի դիտավորությամբ, նախապես համաձայնության է եկել Բագրատ Արաբշյւսնի, Ավետիք Մանուկյանի և դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ, որից հետո Ավետիք Մանուկյանը Արթուր Ալեքսանյանի հետ ունեցած մտերիմ փոխհարաբերությունների հիման վրա ձևավորված վստահությունը չարաշահելու միջոցով, խաբեությամբ, իրականությունը դիտավորությամբ խեղաթյուրելով՝ Արթուր Ալեքսանյանի կողմից իր մարմնի վրա դաջվածք կատարելու պատրվակով, 2020 թվականի դեկտեմբերի 11֊ին՝ ժամը 21:09-ին, հեռախոսազանգի միջոցով վերջինիս հրավիրել է Երևան քաղաքի Ջանիբեկյան 25 հասցեում գտնվող իր տանը կից աշխատասրահ, որից հետո՝ ժամը 23։00-ի սահմաններում, Արթուր Ալեքսանյանը այցելել է Ավետիք Մանուկյանի հիշյալ հասցեում գտնվող աշխատասրահ, որտեղ արդեն իսկ նախապես պայմանավորվածության համաձայն Սերգեյ Գրիգորյանը, Բագրատ Արաբշյւսնի և դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ շուրջ 1 ժամ Արթուր Ալեքսանյանի կամքին հակառակ՝ ապօրինի ազատությունից զրկելով, հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պահանջելով հայտնել նրա /ինստագրամյան/ էջից վիրավորական գրառումներ կատարած անձի տվյալները, սակայն ստանալով բացասական պատասխան, շարունակել են հանցավոր գործողությունները և որպես զենք օգտագործվող առարկայով՝ դանակով բռնություն գործադրելու սպառնալիքով՝ դանակը բացված վիճակում Արթուր Ալեքսանյանի գլխին պահած նստեցրել են գործով չպարզված սև գույնի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և նրա կամքին հակառակ տեղափոխել են Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի տարածքում գտնվող, դեռևս չպարզված շինություն, որտեղ շուրջ մեկ և կես ժամ վերջինիս կամքին հակառակ շարունակել են ապօրինի զրկել ազատությունից և հարվածներ հասցնել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ նույն պահանջով: Այնուհետև, ժամը 01:25-ի սահմաններում, Արթուր Ալեքսանյանի մտերիմ Ռուստամ Ստեփանյանի միջամտությամբ Արթուր Ալեքսանյանը ազատ է արձակվել՝ հետագայում վիրավորական գրառումներ կատարած անձի տվյալները հայտնելու պայմանով:
ArmLur.am-ը գրել էր, որ Սերգեյ Գրիգորյանին սպանել են հունիսի 11-ի գիշերը, սպանությունը դեռ բացահայտված չէ: Երեկվա դրությամբ, ըստ նախնական վարկածի, Սերգեյ Գրիգորյանին կյանքից զրկել են վարձու մարդասպաններ, որոնք եղել են երկու հոգի։ Նրանք գտնվել են OPEL մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը, ինչպես արդեն նշել էինք, գողացված է եղել։ Ի դեպ ֆազի հետ նրա հետ մեքենայում այդ օրը եւս մեկ քաղաքացի է եղել, որը հիվանդանոց էր տեղափոխվել եւ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Հավելենք, որ «Ֆազի» սպանության գործով այս պահին բազմաթիվ վարկածներ են քննվում, այդ թվում՝ «Չաղ Ռուստամի» հետ նրա հարաբերությունները»:
Քնար Մանուկյան