«Ժառանգություն»-ն առաջարկում է ԱԺ նիստերը գումարել շաբաթական երկու անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննության է առել «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ:

Նրանք առաջարկում են անցնել երկու շաբաթը մեկ գումարվող եռօրյա նիստերին: Օրինագիծը, ըստ հեղինակների, միտված է օրենսդիր մարմնի աշխատանքին ավելի դինամիկ ընթացք հաղորդելուն: Ի դեպ, ինչպես նշված է ՀՀ կառավարության եզրակացությունում, գործադիրը նույնպես համամիտ և շահագրգիռ է այդ հարցում, քանի որ դրա շնորհիվ հնարավորություն կլինի քննարկել առավել մեծ թվով օրենսդրական  նախաձեռնություններ: Սակայն ծագում են նաև մի շարք խնդրահարույց հարցեր՝ չի՞ տուժի արդյոք ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքը, արդյո՞ք պատգամավորները հնարավորություն կունենան լիարժեք ուսումնասիրել և քննարկել օրենքների նախագծերը: Այսպիսով, կառավարությունը հանգում է այն եզրակացության, որ նախագծի ընդունումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

Միաժամանակ գործադիրը պատրաստ է նախագծի հեղինակների հետ համագործակցել ԱԺ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, մանավանդ այն դեպքում, երբ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային Ժողովում շրջանառվում են բազմաթիվ օրինագծեր, որոնք դեռ չեն քննարկվել և դրա հետևանքով կառավարությունը չի կարողանում ժամանակին կյանքի կոչել իր քաղաքական հանձնառությունները:

Նիստում քննարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են տարբեր խմբակցությունների անդամ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են սահմանել վերջին շրջանում սոցիալական ցանցերում մեծ տարածում ստացած կեղծ օգտատերերի միջոցով վիրավորանք կամ զրպարտություն բովանդակող տեղեկատվության տարածումը կանխելու միջոցներ, մասնավորապես՝ լրատվական միջոցների պատասխանատվությունը: Կարևորելով և ողջունելով խնդրի կարգավորմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը, գործադիրն, այնուամենայնիվ, արել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով, տեղեկացնում է Կառավարության Տեղեկատվության և Հասարակայնության հետ կապերի վարչությունը:




Լրահոս