ՈՎ Է ԴԱՏԱՎՈՐԸ ԵՎ ԻՆՉ ՈՒՆԵՑՎԱԾՔ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ալեն Սիմոնյանի հարսի գործով դատավորին ԱԺ նախագահը ծաղիկներ է ուղարկել. դատավորը վրդովված է։ Մեր տեղեկությունների համաձայն` էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրոջ ու այլ անձանց մասով գործը մակագրվել է հենց նույն` Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանին։

 

Իսկ ո՞վ է Մերի Մոսինյանը եւ ի՞նչ ունեցվածք ունի. երիտասարդ դատավորը 2016 թվականին գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։ Մոսինյանը 2017-2018 թվականներին աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական։

Դատական համակարգում 7 տարվա փորձ ունեցող Մերի Մոսինյանն այսօր քննում է Ալեն Սիմոնյանի հարսի գործը։ Նա նաեւ Անի Գեւորգյանին կալանքի տարած դատավորն էր։

Մերի Մոսինյանը սեփական անշարժ գույք եւ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն 2023 թվականի՝ եկամուտների, անշարժ գույքի, շահերի եւ ծախսերի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Մոսինյանն ունի սեփականության իրավունքով իրեն չպատկանող, բայց իր կողմից շահագործվող մեկ բնակարան Երեւան քաղաքում։ Նույն սկզբունքով Մոսինյանը հայտարարագրել է նաեւ Toyota մակնիշի մեքենա այլ անձի պատկանող եւ իր կողմից շահագործվող։

Դատավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4.6 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 15 մլն 330 հազար դրամ, որից 15 մլն 278 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի դատական դեպարտամենտից, իսկ  52 հազար 163 դրամը աշխատանքի վարձատրություն է Արդարադատության ակադեմիայից։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է  44 հազար 853 դրամ։

Հարկ է նշել, որ 2022 թվականի եկամուտների, անշարժ գույքի, շահերի եւ ծախսերի տարեկան հայտարարագրի համաձայն Մերի Մոսինյանի աշխատանքի վարձատրությունը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի դատական դեպարտամենտից կազմել է 5 մլն 300 հազար դրամ։ Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում դատավորի աշխատանքի վարձատրությունը 2 անգամ աճել է։

Հավելենք, որ Մերի Մոսինյանը 2019-ից 2022 թվականները աշխատել է Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնում, այսինքն՝ Ալեն Սիմոնյանի նախկին աշխատակիցն է։

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել մրցույթի պայմանները, ընդհուպ՝ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը եւ նրանց օժանդակությամբ՝ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով ընկերությանը հեռացնել մրցույթից:

Սույն քրեական գործով մեղադրյալ էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, որը խոստովանեց, որ հանցանք է գործել, ու գործուն զղջալու հիմքով՝ նրա եւ եւս մի քանի անձի մասով գործը կարճվեց, իսկ ահա, հայտնի հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրը՝ «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, ինչպես նաեւ նախկին նախարար Վահան Քերոբյանը, դեռ կռիվ կտան դատարանում:

 

 

 

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԸ ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾԵՑ»

«Բայդենի հեռացումով աշխարհում շատ բան է փոխվելու՝ շատ պետությունների, ժողովուրդների եւ հակամարտությունների ընթացքներ, նույնիսկ, եթե հաղթի դեմոկրատ Ք. Հարիսը։ Թրամփի հաղթանակի դեպքում փոփոխությունները լինելու են ավելի սրընթաց»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։

 

«Ուկրաինան սա արագ հասկացավ, եւ Կիեւի հռետորաբանությունն օրերի ընթաքցում անճանաչելիորեն փոխվեց։ Կիեւը հիմա ավելի է հակված բանակցությունների ու պատերազմի արագ դադարեցմանը։ Սա ճկուն քաղաքականություն է, ինչը միանշանակ ճիշտ է։ Այլ հարց է, որ դա պետք էր հասկանալ շատ ավելի վաղ` նախքան անմեղսունակ քաղաքականության հետեւանքով երկիրն ավերելը։

Նույն խնդրի առաջ կանգնած ենք մենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Մինչ ոմն հեծանվորդ փչացրեց Երեւանի հարաբերությունները Մոսկվայի հետ եւ տեղավորվեց Արեւմուտքի նժարում, Ադրբեջանն ընդունեց արեւմտյան միջնորդությունը, բայց այդ ընթացքում էապես բարելավեց իր հարաբերությունները Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, մեղմեց լարվածությունն Իրանի հետ։

Մինչ հայ հանրությունն աշխարհի ու քաղաքականության մասին իր գավառական պատկերացումներն էր խորացնում՝ իշխանութունների եւ Հ1-երի օգնությամբ գոռալով՝ «սաղ ռուսներն են մեղավոր», հակառակորդն իր շահերի բալանսավորումը հասցրեց կատարել առավելագույն արդյունավետությամբ։

ԱՄՆ փոփոխվող վարչակարգի եւ միջնորդների անհատական կազմի փոփոխման պայմաններում, Հայաստանը պետք է լինի ճկուն, եթե կուզեք՝ առանց ամոթի զգացման ճկուն։ Հնարավո՞ր է դա անել այսօր գործող բանակցողի եւ գործող կառավարության պայմաններում։ Գուցե ինչ-որ մասով հնարավոր է, սակայն դժվար պատկերացնելի, եթե հաշվի առնենք այսօրվա իշխանությունների անկանխատեսելիությունն ու հնարավոր կուլիսային պայմանավորվածությունները։

Ճիշտ պահին նոր բանակցողի եւ նոր կառավարության ի հայտ գալը կարող էր ուղղակիորեն հնարավորությունների նոր էջ բացել Հայաստանի եւ անգամ Արցախի համար։ Շատ պետություններ են իրենց պատմության մեջ արել նման քայլեր եւ շահել պատմական կտրվածքում (ներառյալ` մեր բոլոր 4 հարեւանները)։

Կա կարծիք, որ ճիշտ կլիներ, որ դա արվեր պալատական պրոցեսների արդյունքում։ Գուցե ճիշտ է, բայց պալատական պրոցեսների համար նախ եւ առաջ պալատ է պետք ունենալ։ Մեզ մոտ այն վերածվել է պատահականությունների գավառական կայարանի։

Նոր եւ ճկուն պաշտոնական Երեւանի պատմական անհրաժեշտությունը սուր խնդիր է, որը պետք է դառնա առաջիկա պրոցեսների առանցքը», – գրել է նա։

 

 

6 ՏԱՐԻ ՔԱՆԴԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ՉԵՆ ՍԱՐՔԵԼ

«6 տարի, լավ օրվա խոստումով, քանդել են համակարգեր, ինստիտուտներ, բայց դեռ ոչինչ չեն սարքել»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Անվտանգությունից մինչեւ արտաքին քաղաքականության ճարտարապետություն Հայաստանում տարել են փորձարկումների եւ արկածախնդրության ճանապարհով, իսկ հետեւանքը Հայաստանում ապրող մարդն անձամբ զգացել է սեփական մաշկի վրա` հայրենիքի ու մարդկային կորստից մինչեւ արժանապատվության ոչնչացում:

Ստեղծված իրավիճակում ի՞նչ է առաջարկի կամ սկսի իշխանությունը` մեր քաղաքացիների համար ոչ միայն սպասելիքների առումով են զրոյական, այլ ավտոմատ ողբերգության կանխատեսումներ են ձեւավորում»,- գրել է նա։

 

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է քաղաքապետարանի կողմից այս տարվա առաջին կիսամյակում իրականացված աշխատանքները։

Նա անդրադարձել է նաեւ փողոցների ասֆալտապատմանն ու անձրեւներից հետո առաջացած հեղեղումներին. «Այս տարի աննախադեպ ծավալի՝ փոսերի նորոգման, միջին նորոգման աշխատանքների ենք իրականացրել»։ Ըստ Ավինյանի՝ տարեվերջին ճանապարհային ցանցի վիճակն էականորեն ավելի լավ է լինելու, քան մինչ այդ է եղել։

Խոսելով հեղեղումների մասին՝ քաղաքապետն ասել է, թե հեղեղատարների շահագործման ու սպասարկման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է, բայց քաղաքապետարանը գույքագրել է հեղեղատարների վիճակը. «Առաջինը, որ առաջարկել ենք կառավարությանը, պայմանագրի վերանայումն է, ինչը թույլ կտա քաղաքապետարանին, միգուցե, նաեւ ընկերությանը, էական ծավալի ներդրումներ իրականացնել ջրային համակարգերում։ Այս առաջարկը քննարկվում է, եւ վստահ եմ՝ հենց այս տարի լուծումներ կսկսենք ունենալ»։

 

 

4,2 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈՅԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԿԻԵՎԻՆ

ԵՄ դեսպանները համաձայնել են Եվրամիությունից Կիեւին հատկացնել 4,2 միլիարդ եվրո բյուջետային աջակցության այս տրանշը, ասված է ԵՄ խորհրդի Հունգարիայի նախագահության հայտարարության մեջ:

Հաջորդ քայլը կլինի այս որոշման հաստատումը ԵՄ խորհրդի կողմից գրավոր ընթացակարգով:

Ըստ գրավոր ընթացակարգի՝ ԵՄ խորհուրդը հաստատում է որոշումներ, որոնք քննարկում չեն ենթադրում։

 




Լրահոս