Տարածքային ամբողջականության հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել առանց ժողովրդի մասնակցության. Զելենսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի հետ պատերազմի հնարավոր խաղաղ կարգավորմանը։ «Դուք պետք է հասկանաք, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել մեկ նախագահի, մեկ անձի կամ աշխարհի բոլոր նախագահների կողմից՝ առանց ուկրաինացի ժողովրդի մասնակցության»,- ասել է նա Le Monde թերթի հետ հարցազրույցում։

Նրա կարծիքով՝ պետք է նաև հաշվի առնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նման քայլը կընկալի որպես հաղթանակ, և հետևաբար «այդ հարցը շատ բարդ է»։

Ուկրաինայի Սահմանադրության 73-րդ հոդվածը թույլ է տալիս տարածքային փոփոխություններ կատարել միայն համապետական ​​հանրաքվեից հետո, նշել է dpa գործակալությունը։ Սահմանադրության 133-րդ հոդվածում նշված են բոլոր տարածքները, այդ թվում՝ Ղրիմի թերակղզին՝ Սևաստոպոլ քաղաքով, և Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները։ Բացի դրանից՝ Սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ է Ուկրաինայի խորհրդարանի ձայների երկու երրորդի մեծամասնությունը:

Ինչպես երևում է Le Monde-ում տված հարցազրույցից, Զելենսկին ցանկանում է Ռուսաստանին տեսնել բանակցությունների սեղանի շուրջ։ «Ինչպես երկրներից շատերը, ես էլ կարծում եմ, որ Ռուսաստանի ներկայացուցիչները պետք է ներկա լինեն նոյեմբերին կայանալիք խաղաղության երկրորդ գագաթնաժողովին, հակառակ դեպքում մենք որևէ կայուն արդյունքի չենք հասնի»,- մեջբերել է պարբերականը Ուկրաինայի նախագահի խոսքերը:




Լրահոս