Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և նախագծի շրջանակում իրականացվող երեք արշավները՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան», «Իմ Ամերիա, իմ տուն» և «Իմ Հայաստան, իմ ապագա»։ Նախագծի և արշավների նպատակն է միավորել մարդկանց Ամերիաբանկի առաքելության իրականացման շուրջ և միասին բարելավել կյանքի որակը:
Մեգերյան կարպետում այսօր կայացած մամուլի ասուլիսի շրջանակում Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ու Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանն ազդարարեցին նախագծի մեկնարկը և ներկայացրին արշավների նպատակն ու մասնակցության մանրամասները։
Ամերիաբանկը հրավիրում է բոլորին միանալ «Իմ Ամերիա, իմ Հայաստան» արշավին և այս անգամ միասին ընտրել այն ոլորտները, որոնց ուղղվելու է Ամերիաբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ու բարեգործական ծրագրերի բյուջեից 100 մլն ՀՀ դրամը։
Նշենք, որ այս բոլոր ուղղություններով Ամերիան առ այսօր իրականացրել է ավելի քան 2,7 մլրդ ՀՀ դրամի բարեգործական և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծեր:
Քվեարկության ուղղությունները 8-ն են՝ երեխաների առողջություն, կրթություն, կայուն զարգացում, ՓՄՁ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գիտություն, մշակույթ և սպորտ։ Քվեարկությունն անցկացվելու է հոկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Քվեարկությանը կարող են մասնակցել բոլորը, սակայն Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն 10 անգամ բազմապատկել իրենց ձայնը` քվեարկելով MyAmeria հավելվածի միջոցով:
«Իմ Ամերիա, իմ տուն» արշավի շրջանակում մինչև տարեվերջ Ամերիան կազմակերպում է մեծ վիճակախաղ, որով ընդգծում է Հայաստանում ապրելու և այստեղ հիմնավոր հաստատվելու կարևորությունը` Բանկի գործող և նոր հաճախորդներին հնարավորություն ընձեռելով շահել բնակարան Երևանի նորակառույցներից մեկում։
Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 31-ը հավաքել պրոմո կոդեր:
Պրոմո կոդ ստանալու տարբերակները բազմազան են՝ բացել հաշիվ Ամերիաբանկում, պատվիրել քարտ, մուտք գործել MyAmeria, կատարել գործարքներ MyAmeria-ով, վճարել MyPay-ով, կատարել գործարքներ MyInvest-ով և հրավիրել ընկերներին` դառնալու Ամերիաբանկի հաճախորդ, օնլայն հարթակներով ստանալ հիփոթեք և ավտովարկ, ինչպես նաև բացել հաշիվ Ամերիա Բիզնես հարթակով:
«Իմ Հայաստան, իմ ապագա» արշավի նպատակն է բացահայտել և խրախուսել ակտիվ, Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին. Ամերիաբանկը և VISA-ն հայտարարում են մրցույթ Հայաստանի պետական և մասնավոր բուհերի բոլոր ուսանողների համար, որի շրջանակում բացահայտված լավագույն երիտասարդները հնարավորություն կունենան ստանալու երեք մրցանակ՝ 160 կրթաթոշակ, 10 լավագույնները կստանան հնարավորություն աշխարհի լավագույն բուհերից մեկում ուսանողական կարճաժամկետ ծրագրի մասնակցելու, ֆինանսավորում` ընդհանուր մինչև 10 մլն դրամի չափով։
Կրթաթոշակին հավակնելու համար անհրաժեշտ է լինել առնվազն 2-րդ կուրսի ուսանող, հավաքել ամենաբարձր միավորները թեստից և ունենալ բուհի սահմանած առավելագույն արժեքի նվազագույնը 65 տոկոսին համարժեք ՄՈԳ, իսկ նախագծի և ուսանողական ծրագրին մասնակցելու համար պետք է ապահովել առավելագույն արդյունք և՛ թեստից, և՛ նախագծի գնահատումից:
Միջոցառման շրջանակում Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նաև ամփոփ ներկայացրեց Բանկի գործունեության վերաբերյալ մի քանի ցուցանիշ։ Մասնավորապես՝
1․Գործունեության ամբողջ ընթացքում Ամերիաբանկը միջազգային հեղինակավոր ամսագրերի կողմից ստացել է ավելի քան 100 մրցանակ։
2․Միջազգային ֆինանսական կազմակերպություններից Բանկը ներգրավել և Հայաստանի տնտեսության զարգացմանն է ուղղել ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար։
3․Ամերիաբանկի կողմից ՀՀ ՓՄՁ ոլորտի զարգացմանն է ուղղվել ավելի քան 500 մլրդ ՀՀ դրամի ֆինանսավորում։
4․10-րդ տարին անընդմեջ Ամերիաբանկն առաջատարն է վարկային պորտֆելի մեծությամբ՝ 30.09.2024-ի դրությամբ ավելի քան 1,13 տրիլիոն ՀՀ դրամ։
5․Վերջին 5 տարիներին Ամերիաբանկը եղել է ամենախոշոր հարկատու բանկը Հայաստանում. պետբյուջե է վճարվել շուրջ 58 մլրդ ՀՀ դրամի հարկ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան