Armlur.am-ը բազմիցս անդրադարձել է դատապարտյալ Հովնան Խաչատրյանին, ով մեղադրվում է Գրիգոր Մելիքսեթյանի կյանքին էական վնաս հասցնելու մեջ:
Հիշեցնենք նաև, որ Մելիքսեթյանը ցուցմունք չի տվել Խաչատրյանի դեմ և ասել է, որ ինքն է իրեն վնասել, իսկ Խաչատրյանի դեմ սխալ ցուցմունք է տվել իր՝ հոգեկան խանգարումներ ունեցող ընկերուհին:
Այսօր Մելիքսեթյանը կապ հաստատեց Armlur.am-ի հետ` հայտնելով, որ երեկ ամբողջ գիշեր գտնվել է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնում, որտեղ պետը` Ղահրամանյանը և քննիչ Կարապետյանցն իր հանդեպ անհարգալից և հեգնական վերաբերմունք են ցուցաբերել:
«Դեռ առաջին անգամ, երբ ցուցմունք էի տալիս, Ղահրամանյանն ասեց, թե, մեկ է, դատելու ենք: Էս երկրում մարդիկ, կեղտոտ շակալությունից բացի, ուրիշ ոչինչ չեն անում: Եթե փող ունեն, մարդ ես, եթե չունես, չէ: Ես գնում, դրանց ասում եմ՝ էսի սենց ա էղել, էնի նենց ա էղել, չեն հավատում, բայց եթե փող տայի կհավատային: Էտ մարդն անմեղ ա, բայց մեջները փող տվող չկա, իրանց վրա էլ պլան կա՝ ամսեկան ինչքան մարդ պետքա կալանավորեն: Դրա համար էլ չեն ուզում Հովնան Խաչատրյանին ազատ արձակեն: Ուզում են դատեն անպայման:
Մելիքսեթյանի փոխանցմամբ` ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բաժնի քննչականի պետ Ղահրամանյանի ու քննիչ Կարապետյանցի պատճառով ինքը պատրաստվում է ինքնասպանություն գործել:
«Առաջին օրը Ղահրամանյանը հարձակվեց վրես, հայհոյեց, ասումա` էսա խփեմ գուխդ տեղից կպոկեմ: Հիմա կարաք գաք տեսնեք` պատերը սաղ արյունա, անելու եմ ու իրանց պատճառով: Ես 53 տարեկան մարդ եմ ու մինչև հիմա ոստիկանների կողմից մարդկային վերաբերմունք չեմ տեսել: Դրանց համար կարևոր ա մենակ փողը: Ես չեմ վախենում ոչ մեկից, ուղղակի իմ ճիշտն առաջ չի գնում, դրա համար էլ անելու եմ: Ու թղթի վրա էլ գրելու եմ, որ Ղահրամանյանն ու Կարապետյանցն են ինձ հասցրել էտ քայլին: Կարապետյանցն ավելորդ բաներ է գրել, ես չեմ ասել երբևէ, որ քնած եմ եղել, ինձ գցել են գետնին ու սկսել են ծեծել:
Ես իրենց ասում եմ՝ եկե՛ք, հարևաններիս հարցաքննեք ու կիմանաք, թե իրականում ինչ ա էղել, թե իրանք ոնց են տեսել, որ ես խմած էկել եմ ու ընկել վնասել եմ ինձ, իրանք չեն գալիս, որ հարցաքննեն, որովհետև իրանց ձեռք չի տալիս: Հարևաններն ասում են` էտ ինչ այլանդակ ձև ընգար, մենք ասեցինք` մեռար»,-իր խոսքում նշեց Մելիքսեթյանը:
Վերջինիս փոխանցմամբ` ինքն այլևս չի կարողանում տեսնել, թե ինչպես են ոստիկաններն անտեսում իր տված ցուցմունքները, իր փոխարեն ուրիշ ցուցմունքներ գրում ու ասում, որ ինքը ստորագրի: Մելիքսեթյանը նաև հայտնեց, որ ոստիկաններն իր արժանապատվությանն են կպել և հայհոյել են բոլորի ներկայությամբ:
Տաթև Հարությունյան