Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունը Հարավային Ամերիկայում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 13-ից 15-ը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, փոխնախագահ Վրեժ Շառոյանը (Սիրիա), գործկոմի անդամ Ավո Թոքատլյանը (Արգենտինա) եւ Ուրուգվայի Հանրապետությունում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիամ Գեւորգյանը հանդիպումներ ունեցան Ուրուգվայի հայ համայնքի, Հ.Մ.Ը.Մ.-ի, Հ.Մ.Մ-ի, Բարեգործական միության և Եկեղեցու ներկայացուցիչների հետ:Քննարկվեց Համահայկական խաղերին ուրուգվահայ համայնքի մասնակցության հարցը,որը վերջին տարիներին բավական պասիվ էր:Արդյունքում` միաձայն լիազորեցին դեսպանին ընտրելու այն անձնավորությանը,ով կհամակարգի աշխատանքները, եւ համայնքը լիարժեք կմասնակցի 2027թ-ի ամառային 9-րդ խաղերին:

Այնուհետեւ, Համահայկական մարզական ավանի շինարարության, հետագա աշխատանքներին ներգրավելու եւ համագործակացության առումով չափազանց արդյունավետ հանդիպում կայացավ «Քորփորացիոն Ամերիկա» ընկերության գլխավոր տնօրեն Մարտին Էռնեկյանի հետ: Պրն. Էռնեկյանը շնորհավորեց Իշխան Զաքարյանին Համահայակական Վիլիջի գաղափարի համար` խոստանալով, որ կհրահանգի հայաստանյան իր կառույցներին կապ հաստատել կոմիտեի հետ համագործակցության նպատակով:

Նոյեմբերի 16-ից պատվիրակության այցը շարունակվեց Արգենտինայում: Հայ բարեգործական միության կենտրոնական գրասենյակում հավաքվել էին արգենտինահայ համայնքի բոլոր ներկայացուցիչները: Իշխան Զաքարյանը շնորհակալություն հայտնեց Հ.Մ.Ը.Մ-ի, բարեգործականի, Հ.Մ.Մ-ի. եւ եկեղեցու ներկայացուցիչներին համահայկական խաղերում միասնականության եւ լավ աշխատանքի համար: «Դուք համահայկական խաղերին մասնակցում եք մեծ թիմով` կազմակերպված ու ակտիվ:Շնորհակալ եմ բոլորիդ կատարված աշխատանքի համար: Շնորհակալ եմ գործկոմի անդամ Ավո Թոքատլյանին աշխատանքները լավ կազմակերպելու համար»,-նշեց կոմիտեի նախագահը: Այնուհետեւ մասնակիցները դիտեցին Համահայկական մարզական ավանի գաղափարի մասին պատմող տեսանյութը:

«Համահայկական մարզական ավանը լինելու է Հայաստան-Սփյուռք երիտասարդության տունը Մայր Հայրենիքում,ուր բոլորը շուրջ մեկ ամիս ապրելու են միասին` մեկ հարկի տակ,մեկ ընտանիքի պես»,-իր ելույթում ասաց Իշխան Զաքարյանը` ավելացնելով,որ ՀՀ նախագահ Վ. Խաչատուրյանի եւ Համահայակական խաղերի կառավարական կազմկոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի հետ շատ մանրամասն քննարկել են այդ գաղափարը,որն արժանացել է հավանության:Ներկաները բազմաթիվ հարցեր ուղղեցին պրն.

Զաքարյանին,որոնց տրվեցին սպառիչ եւ գոհացուցիչ պատասխաններ: Արգենտինահայ համայնքը սիրով համաձայնեց մասնակցելու Վիլիջի կառուցման համար նախատեսվող միջոցառումներին:

Նոյեմբերի 17-ին պատվիրակության անդամները այցելեցին Հ.Մ.Ը.Մ. կենտրոնական գրասենյակ,ծանոթացան մարզական կառույցներին,լսեցին խաղերի ծրագրում նոր մարզաձեւեր ընդգրկելու առաջարկներ: Իշխան Զաքարյանը գրառում կատարեց Հ.Մ.Ը.Մ. կենտրոնական գրասենյակի պատվավոր հյուրերի գրքում:

Նոյեմբերի 18-ից 20-ը նախատեսվում են հանդիպումներ արգենտինահայ գործարար շրջանակների հետ,որից հետո պատվիրակությունը կմեկնի Բրազիլիա:




Լրահոս