Հակակոռուպցիոն կոմիտեն մեկը մյուսի հետևից կալանավորում է Կենտրոն վարչական շրջանի պաշտոնյաների: Դատելով իրավիճակից՝ թաղապետարանը թաթախված է կոռուպցիայի մեջ:
Այսօր հայտնի դարձավ, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կրկին նոր կալանավորում է տեղի ունեցել։ Լուրը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Իսկ թե ինչ քրեական գործով են կալանավորել անձին, «Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 23-ին գրել էր․
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր սկանդալ է բացահայտել Կենտրոնի թաղապետարանի աշխատակազմի պաշտոնյաների մասով։ Մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտե օպերատիվ խումբը խմբով կաշառք ստանալու համար Կենտրոնի թաղապետարանի երկու պաշտոնյաների է ձերբակալել։ Ձերբակալվածները թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներ են եղել ու խմբով ներգավվել են կաշառքի գործընթացում:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել եւ ինչ նոր բացահայտում է իրականացվել. ի պատասխան՝ լրատվական բաժնից հայտնեցին, որ Կենտրոնի թաղապետարանի երկու պաշտոնյաներ Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ունեն մեղադրյալի կարգավիճակ։ Նրանք մեղադրվում են խմբով կաշառք ստանալու համար»։
Այս դեպքից կարճ ժամանակ անց Հակակոռուպցիոն կոմիտեն հերթական նոր սկանդալը բացահայտեց․ Կենտրոնի թաղապետարանում աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների բաժնի 4 պաշտոնյաներ էին կալանավորվել: Կալանավորվածներից մեկը առեւտրի եւ սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանն է. ձերբակալվել էին նաեւ նրա տեղակալը ու եւս 2 անձ:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահներին տեղեկություններ են հասել, որ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաները կոնկրետ անձանցից Կենտրոն վարչական շրջանում տերմինալի եւ սուրճի սարքեր տեղադրելու համար գումար են ուզել։ Ավելին՝ իրավապահների ձեռքում հայտնվել է խոսակցության փաստ՝ ինչպես է թաղապետարանի պաշտոնյաներից մեկը զանգել կնոջը ու ասել՝ կնի՛կ, էսօր 600 դոլար գրպանդ մտավ։
Ասել է, թե իրավապահները կոնկրետ գործընթաց են սկսել Կենտրոնի թաղապետարանում ու կալանավորումների շքերթը շարունակվում է:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան