ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սփյուռքի փոխնախարար Կարեն Գիլոյանը դիմում է գրել և ազատվել է աշխատանքից։
Ըստ տեղեկության՝ Կարեն Գիլոյանը հրաժեշտ է տվել ընկերներին և կոլեգաներին, քանի որ հունվարի 1-ից այլևս չի զբաղեցնի նախարարի պաշտոնը։
ArmLur.am-ի հետ զրույցում ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը չհերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ դեկտեմբերի 30-ին կկայացնի վերջնական որոշում և դիմում կներկայացնի Կառավարությանը։
«Այս պահին չեմ կարող ասել, բայց, իհարկե, ես նման ծրագրեր ունեմ։ Ինչպես գիտեք, ես ընտրվել եմ Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) անդամ և հունվարի 1-ից անցնելու եմ իմ պարտականությունների կատարմանը»,- մեզ հետ զրույցում ասեց Կարեն Գիլոյանը։
Հարցին, թե հունվարի 1-ին Գիլոյանը կլքի պաշտոնը՝ պատասխանեց. «Հնարավոր է»։
Հարցին, թե արդեն դիմում ներկայացրել է՝ Գիլոյանը պատասխանեց, որ նման ծրագրեր ունի։
«Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի հետ բանակցությունների մեջ եմ, ինչ-որ որոշում կայացնելուց հետո կդիմեմ հեռանալու համար»,- ասաց Գիլոյանը։
Էմմա Միքայելյան