Պետք է գործ հարուցեին ոչ թե Տիրան Խաչատրյանի, այլ իրեն կոչում տվողի նկատմամբ․ Մովսես Հակոբյանը՝ Ալիևի սպառնալիքների և գեներալների ձերբակալությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն է։

-Պարո՛ն Հակոբյան, Ադրբեջանի նախագահը երեկ հերթական անգամ հոխորտանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին, սպառնացել պատերազմով, ի՞նչ էր նշանակում այս ամենը, ռազմական նոր ագրեսիայի մեկնարկ տվե՞ց Ալիևը։

-Այդ հարցին պատասխանել եմ դեռ 2020թ-ին , բավարար չի՞, ժամկետներ եմ նշել՝ երբ ինչ է լինելու։

-Դուք նոր պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք։

-Չեմ կարող ասել, գուշակ չեմ։

-Պարո՛ն Հակոբյան, բայց Ալիևը սպառնում է ոչնչացնել մեզ, ներքին լսարանի համա՞ր են այս հոխորտանքները, թե՞ իսկապես վտանգ կա։

-Մի օր ԱՄՆ-ն էլ կարող է ոչնչանալ, ով չի դիմակայում, ոչնչանալու է։ Բոլոր երկրներն էլ տարբեր ժամանակներում ունենում են սպառնալիքներ, կան երկրներ որոնք դիմակայում են, երկրներ էլ կան՝ չէ։

-Իսկ Հայաստանը պայքարո՞ւմ է։

-Ես տեղյակ չեմ, այդ հարցը համապատասխան կառույցներին։

-Դե մեր իշխանություններն ասում են խաղաղություն-խաղաղություն, մեկ էլ հանկարծ Ալիևը նման հայտարարություններ է անում ու սպառնում։

-Լավ է անում, ինչ ուզում է՝ կանի։

-Մենք ի՞նչ պետք է անենք։

-Հեղափոխություն արեք, դուք հեղափոխություն անող ժողովուրդ եք։

-Իշխանության փոփոխությունը կփոխի՞ իրավիճակը։

-Չէ, հեղափոխությունն ավելի լավ է հնչում, արե՛ք, պրծե՛ք։

-Պարո՛ն Հակոբյան, ի դեպ, Ալիևը արցախյան պատերազմի մասնակիցներին ֆաշիստներ է որակում ու պահանջում է պատժել նրանց, ի՞նչ կասեք այս մասին։

-Ճիշտ է ասում, ինչո՞ւ եք զարմանում։ Հայաստանն այդպիսի փորձ ունի, 1924թ-ի Զանգեզուրի պաշտպաններին հանձնել է Ադրբեջանին, պատմությունը կրկնվելու սովորություն ունի, Գարեգին Նժդեհն ու Անդրանիկը դրա համար են փախել Հայաստանից։

-Դուք էլ եք պատերազմի մասնակից, վտանգ չե՞ք տեսնում։

-Ինձ համար վտանգ չեմ տեսնում, ինձ չեն կարող հանձնել։

-Արդեն, կարծես, սկսել են Հայաստանում այդ գործընթացը։ Տիրան Խաչատրյանին են քրեական պատասխանատվության ենթարկել։

-Դրա համար այն ժամանակ շատ չպետք է ոգևորվեիք, երբ Տիրան Խաչատրյանին ազգային հերոս էին տալիս։ Իմիջիայլոց, ինչի համար կոչումը տվել են, նույն դրվագի համար էլ դատում են։

-Դուք նրան հերոս չե՞ք համարում։

-Ես Նիկոլ Փաշինյանի տված ոչ մի կոչումը չեմ ընդունում, մի մարդ եթե նույն դրվագի համար համ հերոսի կոչում կարող է տալ, համ էլ գործ հարուցի, անհասկանալի է։ Պետք է գործ հարուցեին ոչ թե Տիրանի, այլ այն մարդու նկատմամբ, ով ներկայացրել է կոչումի համար։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս