Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի ներկայացուցիչները կրկին հանդես կգան պրոֆեսիոնալ ռինգում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և IBA-ի համագործակցության արդյունքում հունվարի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 2-րդ անգամ տեղի կունենա «Չեմպիոնների երեկո-IBA» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն, որի ընթացքում ռինգ դուրս կգան նաև հայ բռնցքամարտիկներ։
Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ Չալոյանը գերծանր քաշային կարգի IBA-ի «Ուժեղագույն ընտրանու» 1/4 եզրափակչի շրջանակներում կմրցի կուբացի Լենիեր Պերոյի հետ։ Պրոֆեսիոնալ մենամարտեր կանցկացնեն նաև Նարեկ Մանասյանը, Արթուր Բազեյանը, Արարատ Հարությունյանը, Գուրգեն Մադոյանն ու Կարեն Տոնականյանը։
Երեկոյի գլխավոր մենամարտում կխաղարկվի նաև WBA Ասիայի չեմպիոնական գոտին, որի ժամանակ կմրցեն Ռուսաստանը ներկայացնող Պավել Սոսուլինն ու Ֆիլիպինցի Կառլո Բակարոն։