«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` անհետ կորած զինվորների ծնողների եւ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջեւ հունվարի 10-ին՝ ուրբաթ օրը կայացած հանդիպումը բավականին թեժ է անցել:
«Ժողովուրդ»-ին պատմեցին, որ անհետ կորած զինվորների ծնողները շատ վրդովված են եղել ու խստորեն պահանջել են, որ իրենց որդիների ճակատագրի մասին հստակ տեղեկություններ վերջապես տրամադրեն: Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին ոգեւորված ու բարձր տոնայնությամբ պատասխանել է ծնողներին, պահանջել՝ նախ իր հետ «այդպես» չխոսեն, ինչն իրավիճակն ավելի է լարել. հնչած բղավոցները միջանցքում են անգամ լսելի եղել: Հետո, սակայն, Անդրանիկ Քոչարյանը տեղի է տվել ծնողների ճնշումներին, հանդարտվել է ու խոստացել է եւս մեկ հանդիպում կազմակերպել ԱԺ-ում եւ հստակ պատասխաններ տալ ծնողներին:
Հիշեցնենք, որ տարեվերջին անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան` պահանջելով հանդիպում Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Բայց այդ օրը Քոչարյանը չընդունեց ծնողներին։ Ավելի ուշ նրանց ընդունել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոստանալով հանդիպում կազմակերպել: Հանդիպումը կազմակերպվեց, բայց անհետ կորած զինծառայողների հարազատները իրենց հուզող հարցերի պատասխաններն այդպես էլ չեն ստացել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ հանդիպման կողմերից: Սակայն Անդրանիկ Քոչարյանն ի սկզբանե հրաժարվել էր մեզ հետ զրուցելուց, իսկ ծնողները չցանկացան իրենց անուններով հանդես գալ՝ պատճառաբանելով, թե այդ դեպքում կվնասեն իրենց երեխաներին:
Բարձրագույն դատական խորհուրդը չի տիրապետում իրավիճակին. մասնագիտական հանրույթը անտեսվել է սահմանադրական անկախ մարմնի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կազմակերպված, Դատական իշխանությանը նվիրված միջոցառման օրակարգը, որտեղ նշված է, որ ժամը 12:15-ին պետք է 5 րոպեանոց ելույթով հանդես գա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մինչդեռ հունվարի 8-ին պաշտոնապես հայտարարություն տարածվեց, որ ԱԺ նախագահը հունվարի 8-14-ը լինելու է ամենամյա արձակուրդում: Այսինքն՝ ԲԴԽ նորանշանակ նախագահ Արթուր Աթաբեկյանը չի տիրապետում իրավիճակին եւ անգամ չի հանձնարարել ճշտել պետական պաշտոնյաների գրասենյակից՝ նրանք կմասնակցե՞ն միջոցառմանը, հաստատվե՞լ է նրանց ելույթը, թե՞ ոչ: Սա ուղիղ գնահատական է ԲԴԽ աշխատանքի վերաբերյալ, փաստում է, թե որքան են նրանք կտրված իրականությունից եւ որքան կախված՝ իշխանությունից: Անգամ հարկ չեն համարել միջոցառմանը չմասնակցող ԱԺ նախագահի անունը հանել օրակարգից: Ի դեպ, թերեւս պատմության մեջ առաջին անգամ է, որ դատական իշխանության կողմից կամ դատաիրավական ոլորտում կազմակերպվում է միջոցառում, որտեղ հրավիրված չեն փաստաբանները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը չի հրավիրվել ու չի մասնակցել միջոցառմանը: Փաստաբանների պալատից փորձեցինք պարզել` ինչու։ Ի պատասխան` աշխատակազմից միայն հայտնեցին, որ պաշտոնապես հրավեր չեն ստացել։ Սա ակնհայտ խտրական վերաբերմունք է, որը երբեք չի դրսեւորվել:
Քաղաքապետարանում Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որեւէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել։ Այսպիսով, դեռ նախորդ տարվա դեկտեմբերին՝ Հայկ Մարությանի հետ բանավեճի ժամանակ, պարզվեց, որ Տիգրան Ավինյանի` նոյեմբերին Լոս Անջելես մեկնելու տոմսն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ։ Քաղաքապետի գլխավորած պատվիրակության 9 անդամների համար գնել են էկոնոմ դասի 8 ավիատոմս, իսկ քաղաքապետը բիզնես դասով էր մեկնել ԱՄՆ։ Տիգրան Ավինյանը չէր հերքել տեղեկությունը՝ գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարելով, որ ԱՄՆ գործուղումից հետո է իմացել արժեքները եւ ապշել է՝ գներն իմանալով։ Երեւանի քաղաքապետն այդ ամենում իր աշխատակիցներին էր մեղադրել անպատասխանատվության համար. քաղաքապետը հանձնարարել էր մանրամասն ուսումնասիրել կատարված գնման գործընթացը՝ պարզելու համար, թե ովքեր են պատասխանատու նշված ծախսերի համար, որպեսզի «հետեւանքներ լինեն»։ Մինչ օրս, փաստացի, որեւէ «հետեւանք» չի եղել։ «Ժողովուրդ» օրաթերթին քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնեցին, որ դեռ ուսումնասիրություն է ընթանում։ Արդարության համար նշենք նաեւ, որ Տիգրան Ավինյանը սեփական միջոցներից փոխհատուցել է իր՝ Ամերիկա գործուղման ավիատոմսերի գումարը, որը կազմել էր 7 միլիոն 650 հազար դրամ։
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անտեղյակ է իր կողմից ղեկավարվող ոլորտից։ Բանն այն է, որ օրերս լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը սխալ է ներկայացրել որոշ փաստական տվյալներ ՀՀ պետական բյուջեի վերաբերյալ։ Նախարար Հովհաննիսյանը հարցին, թե խնդիր ունենալո՞ւ է իշխանությունը հարկերի հավաքման հարցում, պատասխանել է. «Երբ մենք 2024 թվականին պլանավորել ենք 2025 թվականի բյուջեն, հիմք ենք ընդունել այն հարկերի մակարդակը, որը հավաքվել է 2024 թվականին։ Այսինքն՝ 2024 թվականի վերջը ելակետային թիվ է։ 2024 թվականի իրական թվերը եղել են մի փոքր այլ, քան այն, ինչ մենք գրել էինք 2025 թվականի բյուջեն պլանավորելիս։ Այս պատճառով որոշակիորեն ճշգրտվելու են այն կանխատեսումները, որոնք մենք ունենք 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ։ Դեպի ներքեւ կանխատեսումներ են լինելու։ Բայց ուրախալի նորություն կա. քանի որ այս ռիսկի կառավարման համար ունենք պահուստային ֆոնդ, ապա բյուջեի կատարման հետ կապված ռիսկեր չունենք»,- ասել է Հովհաննիսյանը: Հարկ է նշել, որ 2025-ին բյուջեի դեֆիցիտը կկազմի 609 մլրդ դրամ, իսկ նախարարն այստեղ խնդիր չի տեսնում։