Թեեւ նախագահականից պաշտոնապես չեն հաստատում «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունները, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցության 20-րդ նիստին մասնակցելու է նաեւ Սերժ Սարգսյանը, սակայն մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ նա այդ նպատակով դեկտեմբերի 6-8-ը մեկնելու է Մարսել: Նախագահականի լրատվականից միայն ասացին, որ Ս.Սարգսյանի այցերի մասին պատշաճ կերպով` ժամանակին, ծանուցում են:
Ի դեպ, ԵԺԿ նիստին հրավիրված են նաեւ վերջինիս անդամակցության հայտ ներկայացրած հայաստանյան 3 կուսակցությունների ներկայացուցիչները, եւ բացառությամբ ԲՀԿ-ի, որը ներկայացնելու է Նաիրա Զոհրաբյանը, ԵԺԿ նիստին կմեկնեն նաեւ Արթուր Բաղդասարյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Ու չնայած այս ներկայացուցչական կազմին, չի բացառվում, որ հայաստանյան կուսակցությունների` ԵԺԿ-ին անդամակցության հարցով քվեարկություն, այնուամենայնիվ, տեղի չունենա: Բանն այն է, որ Հայաստան ժամանած ԵԺԿ դիտորդները հեռացել են ոչ այնքան գոհ: Ու հիմա դեռ հարց է` ԵԺԿ համագումարի նիստում կլինի՞ հայաստանյան կուսակցություններին անդամակցելու վերաբերյալ քվեարկությունը, թե՞ ոչ: Բանն այն է, որ այդ կուսակցությունների առումով կան որոշ վերապահումներ. օրինակ` թեեւ «Ժառանգություն»-ն իր ծրագրային դրույթներով ու գաղափարախոսությամբ համահունչ է ԵԺԿ հետ, սակայն չի համարվում հեռանկարային կուսակցություն, եւ հարցականի տակ է դրված նրա` հաջորդ ԱԺ-ում հայտնվելու հարցը: Իսկ ԵԺԿ-ն համագործակցում է հատկապես հեռանկարային կուսակցությունների հետ: Հեռանկարային չի համարվում նաեւ ՕԵԿ-ը: Իսկ ահա ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն թեեւ այս առումով համարվում են հեռանկարային, սակայն այստեղ էլ խնդիրներ կան այլ հարթության վրա. խնդիրներ կան` ներքին ժողովրդավարության հետ կապված: Բացի այդ, որոշ հակասություններ կան ՀՀԿ եւ ԵԺԿ ծրագրային դրույթներում, եւ ընդհանրապես, դիտորդներն իրենք էլ են նկատել ՀՀԿ գործելաոճի դեմ հայաստանյան հասարակության բացասական տրամադրվածությունը: Այնպես որ, եթե հայկական պատվիրակությանը հաջողվի համոզել ԵԺԿ ղեկավարությանը, որ իրենք իրոք դավանում են եվրոպական, ժողովրդական, ժողովրդավարական արժեքներին, ապա միգուցե ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին ու «Ժառանգության»-ը դիտորդ անդամի կարգավիճակ տալու հարցը մտնի նիստի օրակարգ:
Նշենք նաեւ, որ Կոնգրեսի աշխատանքներին մասնակցելու են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը: Մի խոսքով, ԵՄ անդամ 27 երկրներից 16-ի առաջին դեմքերը, որոնք նաեւ ԵԺԿ անդամ են:
ԵԺԿ-ՈՒՄ ԷԼ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ