Երեկ՝ հունվարի 16-ին, աշխարհում նշվում էր բրիտանական «Բիթլզ» (The Beatles) ռոք խմբի օրը։
Իսկ ինչո՞ւ է օրը նշվում որպես Բիթլզի օր։
2001 թվականից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, հունվարի 16-ը նշվում է որպես «Բիթլզի»-ի համաշխարհային օր: Բնականաբար ամսաթիվը պատահական չի ընտրվել: 1957 թվականի հունվարի 16-ին Լիվերպուլում բացվեց «The Cavern» ակումբը, որտեղ այն ժամանակ անհայտ երիտասարդ երաժիշտներ Ջոն Լենոնը, Փոլ Մաքքարթնին եւ Ջորջ Հարիսոնը սկսեցին իրենց ճանապարհը դեպի մեծ համբավ: Մի քանի տարի անց նրանց միացավ մեկ այլ ապագա «Բիթլ»-ը՝ Ռինգո Սթարը: Այսպիսով էլ հունվարի 16-ը համարվում է լեգենդար Բիթլզ խմբի օրը։
ArmLur.am-ը ներկայացնում է «Բիթլզ» խմբի հետ կապված հետաքրքիր փաստեր։
1. Հանրահայտ BBC լրատվականն արգելել է The Beatles-ի երգերից մի քանիսը: Օրինակ՝ I Am the Walrus երգն արգելված էր «վարտիք» բառի օգտագործման համար, իսկ ահա Fixing a Hole երգն արգելված էր, քանի որ երգի խոսքերում հիշատակվում էր թմրադեղերի մասին:
2. Ջոն Լենոնը եւ Փոլ Մաքքարթնին երգեր էին գրում ոչ միայն The Beatles խմբի, այլեւ այլ երգիչների համար: Նրանք գրել են From A Window երգը՝ Բիլի Կրամերի եւ Դակոտաս խմբի համար, Come and Get It երգը՝ Բեդֆինգեր խմբի համար, եւ Woman երգը՝ Փիթեր եւ Գորդոն դուետի համար:
3. The Beatles խմբի երեք անդամները՝ Մաքքարթնին, Հարիսոնը եւ Սթարը երաժշտական համատեղ կատարմամբ հանդես են եկել Էրիկ Կլեպտոնի եւ Փեթի Բոյդի հարսանիքի ժամանակ, որը տեղի է ունեցել 1979 թ.-ին: Ջոն Լենոնը չէր գնացել հարսանիքին։
4. Ջորջ Հարրիսոնն իր տված հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ շատ է սիրում կոնֆետներ: Այդ հարցազրույցից հետո երկրպագուները բեմը պատել էին կոնֆետներով: Համերգներից մեկի ժամանակ երկրպագուհիներից մեկն այնպես է բեմ նետել կոնֆետը, որ այն կպել Հարրիսոնի աչքին: Հարրիսոնը իր մոլի երկրպագուներից մեկին նամակ գրեց, որում ասում էր, որ The Beatles-ի տղաներն իրականում կոնֆետ չեն սիրում, եւ խնդրում էր կոնֆետներ այլեւս չնետել բեմ:
5. Լենոնի կյանքում 9 թիվը խորհրդանշական է: Լենոնը ծնվել է 1940 թ.-ի հոկտեմբերի 9-ին, իսկ նրա որդին՝ 1975 թ.-ի հոկտեմբերի 9-ին: Լենոնի գրած #9 Dream երգը ներառվել է նրա իններորդ սոլո ալբոմի մեջ, որը թողարկվել է 1974 թ.-ի իններորդ ամսին՝ սեպտեմբերին, եւ զբաղեցրել ամերիկյան երաժշտական հաղորդումների իններորդ հորիզոնականը։
Այսպիսով՝ «Բիթլզ» խումբը, որին Rolling Stone ամսագիրը բոլոր ժամանակների մեծագույն արվեստի գործիչների ցուցակի 1-ին հորիզոնականում է ներառել, մինչ օրս պահպանում է առաջատարի իր դիրքը։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ