
Վաղը՝ փետրվարրի 20-ին Ազատության հրապարակում «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը նախաձեռնել է իրականացնել հանրահավաք: Այս մասին հայտարարել է շարժման համակարգող խորհուրդը:
Հայտարարության մեջ նշված է․ «Փետրվարի 20-ին լրանում է հայոց ինքնության վերելքի՝ Արցախյան ազգային-ազատագրական պայքարի 37 ամյակը։ 37 տարի առաջ միահամուռ ոտքի կանգնելով, մենք ոգեկոչեցինք Արցախի և Հայաստանի վերամիավորման, մեր տարածաշրջանում ազգային հզոր և խաղաղություն հարգող պետության ստեղծման կամքը, որից հետո կայացրինք առաջին Արցախյան պատերազմի հաղթանակը, Արցախի Հանրապետության հռչակումը՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի կայացումը, Ադրբեջանին պարտադրեցինք հրադադար։ Հաջողությունը երկնուստ մերն էր, բայց շեղվեցինք այդ կամքից, որի հետևանքը 2020թ․ պատերազմի դառը պարտությունն էր, ՀՀ սահմանների փոփոխությունը, 2023թ․ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունը, որի հետևանքը Արցախի հայաթափումն էր։ Կորուստը ջախջախիչ չէ և հաղթահարելու միակ ճանապարհը փետրվարի 20-ին նոր համախմբումն է, նոր հաղթանակների կանխորոշումը»:
Սպասվող հանրահավաքի վերաբերյալ ArmLur.am-ը զրուցեց Դեմոկրատական Կուսակցության ղեկավար, «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող Արամ Սարգսյանի հետ:
Քաղաքական գործիչը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հանրահավաքին մասնակցելու հրավեր են ուղարկել բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին, և նրանց մի մասը արդեն հաստատել են իրենց մասնակցությունը վաղվա՝ Ազատության հրապարակի հանրահավաքին, նաև ներկա են լինելու արցախահայության ներկայացուցիչները։ Սարգսյանը հատկապես կարևորեց նրանց մասնակցությունը, պայմանավորված օրվա խորհրդով: Նշեց, որ հանրահավաքում անպայման քննարկվելու են Արցախյան հիմնահարցի վերաբերյալ շատ հարցեր, մասնավորապես Հանրահավաքի անունից դիմելու են Մինսկի խմբի եռանախագահներին:
Ըստ ArmLur.am-ի զրուցակցի՝ այսօր հնարավորություն է ստեղծվում վերականգնել Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը՝ հաշվի առնելով Թրամփի և Պուտինի արդեն սկսված երկխոսությունը: Ըստ Սարգսյանի՝ «Մինսկի խմբի գործունեությունը մեզ համար կարևորագույն գործոն է»:
Հանրահավաքի կազմակերպիչները նաև պահանջելու են «չեղարկել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախը Ադրբեջանի մաս է»: Հանրահավաքի ընթացքում կքննարկեն նաև Արամ Սարգսյանի գնահատմամբ սոցիալական և տնտեսակասն բարդագույն խնդիրները, որ հիմա առաջացել են Հայաստանում:
Դեմոկրատական կուսակցության ղեկավարը տեղեկացրեց նաև, որ հանրահավաքին մասնակցություն կունենա «Սրբազան» շարժման հիմնադիր, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով աղոթքով կսկսի հանրահավաքը և հանդես կգա ելույթով:
Ըստ Արամ Սարգսյանի իրենք պայքարող կառույց են, «շախմատում մեկ քայլանոց մատ չի լինում», և իրենք պետք է շարունակեն մինչև հասնեն իրենց առջև դրված նպատակներին: Սարգսյանի դիտարկմամբ՝ այսօր ժողովուրդը քաղաքական առաջնորդների կարիք ունի։
«Առաջնորդներ լինելու պարագայում կարող ենք նորից համախմբվել, ուստի մենք այս առաջարկը անում ենք բոլորին միասին լուծելու այս հարցը»,- նշեց Սարգսյանը և կարևորեց, որ իշխանափոխությունը լինի լեգիտիմ ճանապարհով։ «Եթե մենք հասնում ենք մեր նպատակին, ապա նոր ձևավորվող իշխանությունը պետք է լինի լեգիտիմ»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 18-ին, Ազատության հրապարակում հանրահավաք էր նախաձեռնել նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Արամ Սարգսյանին նաև հարցրինք, թե հնարավոր է միասնական հանդես գան, ինչին պատասխանեց․ «Բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնք գտնում են, որ այսօրվա կարևոր հարցը այս իշխանությունից օր առաջ ազատվելն է, կարող են իրենց լուման ունենալ այս պայքարի մեջ: Մենք որևէ մեկին չենք կարող մերժել»։ Սակայն քիչ հավանական համարեց, որ Հայրիկյանի հետ միասնական հարթակից հանդես գան:
Հանրահավաքին ներկա կլինեն նաև բոլոր խորհրդարանական ընդդիմադիր ուժերը:
Արմեն Խեչումյան